«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2008-12-24 | #240, 2008-12-25 | #241, 2008-12-26


ԳԵՐԼԱՐՈՒՄՈՎ ԼԻ ԱՐԳԱՍԱԲԵՐ ՏԱՐԻ

Այն գունագեղ տրամադրությունը, որ անցնող տարում մեր կինոսերին պարգեւեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, ստիպում է մտովի ետ բերել գրավիչ եւ անկրկնելի պահերի պատկերաշարը, որ սկիզբ է առնում գարնան վերջին ամսին` Կաննի միջազգային կինոփառատոնում առաջին անգամ ներկայացված լինելուց, Փարիզում` Ելիսեյան դաշտեր 34 հասցեում ներկայացուցչություն բացելուց, հին ու նոր բարեկամների հետ համարձակ գաղափարներ հղանալուց ու միասին արարման բերկրանք ապրելուց:

Հոբելյանական 5-րդ կինոփառատոնը յուրատիպ էր բազում առումներով, անգնահատելի` մարդկային ջերմ ու սրտամոտ փոխհարաբերություններով, միջազգային հայտնի կինոդեմքերի հետ անմիջական շփումներով: Մեր երկրում նրանց դեմառդեմ հանդիպելը շատերի համար իրականությունից անդին մի բան էր թվում: Ուղիղ մեկ շաբաթ կինոհանդիսատեսի ամեն մի նոր բացվող օրը դարձել էր իսկական կինոարվեստի հետ շփվելու մեծագույն հրճվանք:

Փառատոնին առանձնակի փայլ տվեց իտալական կինոյի մեծանուն վարպետ Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն ու գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որոնց առիթով առաջին անգամ Հայաստան եկավ կինոբեմադրիչի չքնաղ տիկինը` Էնրիկա Անտոնիոնին, որի բոկոտն, անբռնազբոս պարը` հայկական պարեղանակի ներքո, անմոռանալի պատկեր մնաց բոլոր նրանց աչքերում, ովքեր փառատոնի բացման օրը ներկա էին «Երեւանյան գիշերներ» ռեստորանում հյուրերի պատվին տրված ճաշկերույթին: Էնրիկա Անտոնիոնի, Վիմ եւ Դոնաթա Վենդերսներ, Դարյուշ Մեհրջուի, Գորան Պասկալեւիչ, Կատրին Բրեյա, Ռոման Բալայան, Ատոմ Էգոյան, կարելի է երկար թվարկել փառատոնի պատվավոր հյուրերի անունները, որոնցից ամեն մեկը Հայաստանին նվիրաբերեց իր հոգու լույսն ու քնքշությունը:

Փառատոնը բացվեց ու փակվեց հայ ռեժիսորների նոր ֆիլմերով` Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններով» եւ Ատոմ էգոյանի «Երկրպագությամբ»: Վերջինն արդեն մրցանակակիր էր` Կաննի կինոփառատոնում արժանացել էր էկումենիկ ժյուրի հեղինակավոր մրցանակին: Էգոյանի ներկայությունը ոգեշնչել էր հայաստանցի եւ հարեւան երկրների երիտասարդ այն կինոբեմադրիչներին, որոնք բացառիկ առիթ ունեին մասնակցելու նրա վարպետության գործնական դասերին:

Առաջին անգամ կյանք մտած մտահղացումներն այնքան շատ էին, որ իսկապես դժվար է «առաջին անգամ» բառերը հաճախակի կրկնելուց խուսափելը: Համահայկական կինոնախագիծ` տարբեր երկրներում ստեղծագործող հայ կինոգործիչների մասնակցությամբ, ըստ նախագծի, մասնակիցներից յուրաքանչյուրը կնկարահանի «Տուն» (խաղարկային) եւ «Հող» (վավերագրական) խորագրերով 10 րոպե տեւողությամբ ֆիլմեր, որոնք 2 տարի անց կմիավորվեն ու կցուցադրվեն կինոփառատոնում:

Կինոլրագրության դասընթաց, որի առաջին փուլն անցկացվեց մայիսին` Ծաղկաձորում, անվանի կինոգետ Կիրիլ Ռոզլոգովի դասախոսությամբ, իսկ երկրորդը` փառատոնի բացումից 2 շաբաթ առաջ` հոլանդացի կինոքննադատ Փիթեր վան Բուերենի եւ կինոխմբագիր Անդրե Վաարդենբուրգի գործնական դասերով: Մասնակիցների մեջ կային թե փորձառու, թե սկսնակ լրագրողներ Հայաստանից, Մոլդովայից, Թուրքիայից, Բուլղարիայից:

Ոսկե ծիրան» փառատոնային օրաթերթ` հայերեն եւ անգլերեն էջերով, գործնական դասընթացին մասնակցած լրագրողների նյութերով: Թերթի ծնունդը ոգեւորիչ էր շատերի համար. Ատոմ Էգոյանն այն համարեց հրաշալի երեւույթ փառատոնի կյանքում: Այդպիսի երեւույթներն, իրոք, շատ էին:

Փառատոնի փառահեղ փակումը «Լաթար» համալիրում բնավ ավարտ չէր ազդարարում, այլ նոր գործերի սկզբնավորում` «Ոսկե ծիրանը անիվների վրա» Շուշի, Գյումրի, Ջավախք, Կապան հասցնելուց հետո կովկասյան տարածաշրջանային կինոդպրոցի պաշտոնական բացումն ամենայն ուրախությամբ տոնելու: Վարպետության գործնական դասեր անցկացնելու համար Հայաստան եկավ իրանցի հանրահայտ կինոբեմադրիչ Աբբաս Քյառոստամին` իր 10 սաների հետ: Նրա անունը լսելով մեր երկիր շտապեցին վրացի եւ թուրք կինոբեմադրիչներ, մյուսների հետ շրջապատվեցին Քյառոստամիի հոգատարությամբ ու սիրալիրությամբ, ճանաչեցին մեկմեկու, նորովի գնահատեցին իրենց ուժերն ու միասին ստեղծեցին մոտ 15 կարճամետրաժ ֆիլմեր, որ յուրաքանչյուրի կյանքում պիտի հիշվեն որպես սահման ու տեւողություն չունեցող անմոռաց դրվագներ: Երեւանյան ջերմառատ աշունը նախանձելի ավյուն էր տվել նրանց. «Երանի եղանակն այսպես արեւոտ լինի եւս մի քանի օր: Եղանակի տեսությունն ի՞նչ է ասում: Հանկարծ անձրեւ չգա՞ վաղը, կամ մյուս օրը: Երանի տաք լինի, որպեսզի ուսանողները հասցնեն ավարտել նկարահանումները», ասում էր Քյառոստամին: Այդպես էլ եղավ:

Դեկտեմբերի առաջին օրերին կինոփառատոնը դիմավորեց ստամբուլցի այն 10 կինոբեմադրիչներին, որոնք «Անադոլու քյուլթուր» մշակութային միության հետ համագործակցելով ցանկանում են հայ կինոբեմադրիչների հետ համատեղ ֆիլմեր նկարահանել: Նրանց այցը շարունակությունն էր այս տարվա ապրիլի 11-14-ը Ստամբուլում կայացած «Հայացք պատմական ֆիլմերին» թեմայով սեմինարի, որը ներառված էր Ստամբուլի 27-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում: Երեւանյան սեմինարը կրում էր «Կինոն որպես մշակութային երկխոսության միջոց» վերնագիրը:

Անցնող տարվա վերջին ամիսը նոր գործերի սկիզբ դրեց ոչ միայն փառատոնի, այլեւ նրա տնօրեն, կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանի ստեղծագործական կյանքում: Որպես «Արքայազն Քլաուսի» մրցանակակիր նա հրավիրվեց Ամստերդամ` ներկա լինելու այս տարվա մրցանակաբաշխությանը եւ Հոլանդիայի թագուհու ընդունելությանը, որ տեղի է ունենում ամեն տարվա դեկտեմբերին` ի պատիվ այդ մրցանակին արժանացած տարբեր մասնագիտությունների տեր ինքնատիպ մտածողություն ունեցող անհատականությունների: Թագուհու հետ ճաշելու առիթը ծնունդ տվեց նոր նախագծերի. «Արքայազն Քլաուս» հիմնադրամը ցանկություն հայտնեց համագործակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի հետ եւ հաջորդ տարվանից մրցանակ հանձնելու տարածաշրջանային լավագույն նախագծին: Նաեւ առաջարկեց փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկել հոլանդացի կինոգետի: «Դա ուրախալի լուր է, որովհետեւ Հայաստանը տարածաշրջանում դառնում է այն երկիրը, որտեղից կարելի է տարբեր կինոֆոնդերից որոշակի օգնություն ստանալ կինոնախագծերի համար», ասում է Հարություն Խաչատրյանը:

Ամստերդամից նա մեկնեց Կոպենհագեն` մասնակցելու Եվրոպական կինոակադեմիայի նիստին եւ մրցանակաբաշխությանը: «Հրաշալի էր, որ մրցանակակիրների թվում էր նաեւ այս տարվա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր Վիմ Վենդերսը: Կարծում եմ, նրա նոր ֆիլմը եկող տարի կդառնա մեր փառատոնի բացման ֆիլմը, իսկ փակման ֆիլմ կընտրենք Աբբաս Քյառոստամիի ֆիլմերից: Այդ երկու մեծ վարպետների ֆիլմերով փառատոնը բացելն ու փակելը մեզ համար մեծ պատիվ է: Հայկական նոր ֆիլմով կբացենք «Հայկական համայնապատկեր» ծրագիրը: Դեռ ժամանակ ունենք մտածելու:

Ուրախալի էր նաեւ, որ ակադեմիայի նիստին մասնակցած ռեժիսորների մեծ մասը տեղյակ էր մեր փառատոնի մասին, անշուշտ, Վիմ Վենդերսի միջոցով: Նա այնքան գրավիչ էր ներկայացրել մեր փառատոնը, որ շատերի մեջ Հայաստան գալու ցանկություն էր առաջացրել: Այնտեղ էր նաեւ գերմանացի հայտնի կինոռեժիսոր Վոլկեր Շլյոնդորֆը, եկող տարի նա մեր փառատոնի հյուրն է լինելու, նաեւ խոստացել է վարպետության դասեր անցկացնել: Զրուցեցի «Դոգմա 95» շարժման հիմնադիրներից մեկի` Լարս ֆոն Թրիերի հետ: Նա նույնպես ցանկություն հայտնեց Հայաստան գալու, բայց վախենում է թռիչքից եւ առհասարակ ինքնաթիռ չի նստում: Եկող տարի փառատոնի ծրագրերից մեկն անպայման կնվիրենք «Դոգմային»: Այն ուսուցանում է, թե ինչպես կարելի է արվեստի գործեր ստեղծել ֆինանսական նվազագույն միջոցներով:

Տարեմուտից առաջ ուզում եմ հավատալ, որ 5 տարի սպասելուց հետո եկող տարի ի վերջո «Ոսկե ծիրանը» կունենա իր գրասենյակն ու կինոդպրոցի համար անհրաժեշտ սենյակները: Կինոն մշակութային երկխոսության հզոր զենք է, բայց մեզանում շատերին թվում է, թե դա ընդամենը շոու է, ինքնացուցադրման միջոց: Պետք է մարդկանց մեկընդմիշտ հասկացնել, որ ֆիլմեր ստեղծողը պատասխանատու է իր երկիրը, ազգը, մշակույթը ճշմարիտ պատկերելու, աշխարհին ներկայացնելու եւ հետաքրքրություն առաջացնելու համար:

Հուլիսին մեր երկրի նախագահը խոստացավ ինձ հրավիրել իր մոտ եւ լուծել փառատոնի բոլոր ցավոտ հարցերը: Հուսով եմ, այդ հանդիպումը եկող տարի կկայանա:

Միջազգային ֆինանսական ճգնաժամը մեծ բարդություններ է ստեղծում կինոփառատոների համար, դժվարանում է նաեւ անվճար ֆիլմեր ձեռք բերելը, այնպես որ, հաջորդ տարի մեզ դարձյալ ծանր աշխատանք է սպասում: Հույս ունենք, որ փառատոնի բարերարները` «ՎիվաՍել» ընկերությունը, «Նուշիկյան ասոցիացիան», Երեւանի կոնյակի գործարանը, «Լաթար» համալիրն ու մյուսները մեր կողքին կլինեն եւ կօգնեն հասնելու ավելի մեծ հաջողությունների», ասում է Հարություն Խաչատրյանը:

Նրա ստեղծագործական կյանքում հուզումնառատ իրադարձություն տեղի կունենա նոր տարվա հենց առաջին ամսին` հունվարի 24-ին, Ռոտերդամի կինոփառատոնում, իր նոր` «Սահման» ֆիլմի առաջին ցուցադրությամբ: Ֆիլմը նկարահանվել է Ռոտերդամի փառատոնի եւ Հյուբերտ Բալս հիմնադրամի աջակցությամբ:

Ֆիլմի մասին տպավորիչ խոսքեր են ասել Աբբաս Քյառոստամին եւ Ատոմ Էգոյանը: Մեր նախորդ կինոհավելվածում Քյառոստամին հիացական կարծիք էր հայտնել «Սահմանի» մասին.«Այդ ֆիլմն ինձ վրա այնքան ուժեղ տպավորություն թողեց, որ երբեք չեմ մոռանա»:

Ֆիլմը դիտելուց հետո ահա թե ինչ է ասել Ատոմ Էգոյանը. «Չափազանց ուժեղ եւ բնական զգացմունքներով լի ֆիլմ է: Որոշ իմաստով դա հենց այն է, ինչ կինոն կարող է տալ հանդիսատեսին` կյանքի անմիջական փորձառությունը զուտ տեսողական միջոցով մատուցել զգացական աշխարհ ներթափանցելով: Ճանապարհին գոմեշի վազելու եւ ֆիլմի վերջում հրդեհի տեսարաններն ուղղակի անմոռանալի են: Արտակարգ ստեղծագործություն է»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4