Մեկը դրամատիկ, մյուսը` էկզոտիկ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
«Ոսկե ծիրան» եւ միջազգային այլ կինոփառատոների մրցանակներին արժանացած «Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմի ավարտից հետո ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանն իր հաջորդ ֆիլմի համար «թեթեւ եւ ոչ դրամատիկ» թեմա էր փնտրում: «Քենիայի Լամո կղզու բնակիչների առօրյան ճիշտ այդպիսին էր», ասաց նա: «Donkeymentary» (բառախաղը հայերեն կարելի է թարգմանել ավանակափաստագրություն) աշխատանքային վերնագիրն ունեցող ֆիլմի ռեժսորներն են Վարդան Հովհաննիսյանը եւ Արման Երիցյանը: Ֆիլմի հերոսներն ավանակներն են, պատմությունն էլ հենց նրանց մասին է: Ֆիլմի հեղինակներն ավելի քան մեկ ամիս ապրել են կղզում, նկարահանումներ կատարել, ծանոթացել մարդկանց հետ ու գտել իրենց ֆիլմի հերոսներին:
Լամո կղզում ապրում է 20.000 մարդ: Նրանք ունեն 6000 ավանակ եւ 2 մեքենա, որից մեկը քաղաքապետինն է, մյուսը` կղզու անասնաբույժինը: «Գլոբալացումից դուրս մնացած կղզում նահապետական կարգեր են, ապրում են աղքատ, բայց` երջանիկ: Ավանակներն այստեղ ապրում են մարդկանց հետ նույն տներում, ճանապարհներն այնքան նեղ են, որ միայն ավանակները կարող են անցնել: Բնակիչներից միայն մեկն էր լսել Հայաստանի անունը: Նրանք զարմացել էին, թե այդ ինչն է մեզ այդպես հետաքրքրել իրենց կղզում», պատմեց Արման Երիցյանը: «Կղզին իսկական դրախտ է: Բնակիչները հարստության մասին չեն երազում, նրանց միայն հարկավոր է, որ իրենց ավանակներն առողջ լինեն», ասաց Վարդան Հովհաննիսյանը:
Ֆիլմի հեղինակները նորից են գնալու Լամո` նկարահանումներն ավարտելու: «Այս փուլում նկարահանումներն ավարտված են 60-70 տոկոսով», ասաց Վարդան Հովհաննիսյանը: Ռեժիսորը նաեւ «Բարս մեդիայի» հիմնադիրն է: Ստուդիան կազմավորվել է 1993 -ին` որակյալ վավերագրական ֆիլմեր ստեղծելու նպատակով: Ստուդիայի աշխատակազմը տուն է գնում ուշ երեկոյան: Առօրյա աշխատանքից բացի, այստեղ զբաղված են միանգամից 2 վավերագրական ֆիլմի արտադրությամբ: «Հայաստանի վերջին լարախաղացը» եւ «Donkeymentary» աշխատանքային վերնագրերն ունեցող ֆիլմերը հանդիսատեսին կներկայացվեն հաջորդ տարի:
«Հայաստանի վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմի ռեժիսորներն են Արման Երիցյանը եւ Իննա Սահակյանը: Ֆիլմը մոնտաժային փուլում է, հեղինակները հույս ունեն այն ամբողջովին ավարտել մինչեւ հաջորդ ամառ: Նկարահանման աշխատանքները սկսվել էին մեկ տարի առաջ: «Ֆիլմը պատմում է լարախաղացության ավանդույթների մասին: Արվեստն անհետացման եզրին է կանգնած: Մեր նպատակն է` ներկայացնել ֆոլկ արվեստի այս տեսակի պատմությունը: Երբ սկսում էինք նկարահանումները, Հայաստանում լարախաղացների ընդամենը 3 խումբ էր գործում, այժմ միայն մեկն է մնացել», ասաց Իննա Սահակյանը:
«Ժողովրդի երբեմնի սերը վայելող փահլեւանների արվեստը մոռացության է տրվում, իսկ լարախաղացությամբ զբաղվողները համեմատվում են մուրացկանների հետ: Երիտասարդները հրաժարվում են զբաղվել լարախաղացությամբ` այն համարելով ոչ ժամանակակից: Գործին տիրապետող հատուկենտ վարպետները ողբերգություն են ապրում` ականատես լինելով սեփական արվեստի անհետացմանը: Ֆիլմի նպատակներից է ցույց տալ հասարակության արժեքային համակարգի փոփոխությունը», ասաց Արման Երիցյանը:
Ֆիլմի գլխավոր հերոսը ` վերջին լարախաղացը, Հովսեփ Բեգլարյանն է: Նա 16 տարեկան է, այդ արվեստին տիրապետող միակ երիտասարդն է: Վերջին լարախաղացը դեռ որոշում չի կայացրել, արդյոք ապագայում կզբաղվի լարախաղացությամբ, թե՞ ոչ:
«Լարախաղացությունը Հայաստանում պահպանել է իր արխայիկ ձեւը: Ֆոլկ արվեստի այս տեսակը մեր ազգային բացառիկ հարստությունն է, որի պահպանման համար ոչինչ չի արվում», նշեց Իննա Սահակյանը:
«Հայաստանի վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմը 52 րոպե տեւողությամբ է, նկարահանվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի աջակցությամբ: