Մերձմոսկովյան Բելիե Ստոլբի փոքրիկ քաղաքում վերջերս բացվել է միջազգային առաջին կինոդպրոցը, որի դասընթացին Հայաստանից մասնակցել է երեք ներկայացուցիչ: Կինոդպրոցն իր շուրջն է համախմբել նախկին ԽՍՀՄ եւ Բալթյան երկրների երիտասարդ կինոգործիչներին, նրանց համար ցուցադրել տասնյակ ֆիլմեր, կազմակերպել այց «Մոսֆիլմ» կինոստուդիա, քննարկել նոր գաղափարներ իրականացնելու բոլոր հնարավորությունները:
«Այս քաղաքում է գտնվում աշխարհի խոշորագույն կինոարխիվներից մեկը, ուր պահվում են Խորհրդային Միությունում նկարահանված ֆիլմերի բնօրինակները, խորհրդային տարիներին ցուցադրված արտասահմանյան ֆիլմերը, ինչպես նաեւ «Հայֆիլմ» կինոստուդիայում արտադրված կինոնկարների բնօրինակները», պատմեց կինոդասընթացի մասնակից, ռեժիսոր Վարդան Հակոբյանը:
Նոր գիտելիքներ եւ հմտություններ հաղորդելուց բացի, կինոդպրոցի նպատակը երիտասարդ ստեղծագործողների միջեւ կապեր հաստատելն է: Նոր գաղափարների ծնունդն ու դրանց իրագործումն այստեղ առավել քան քաջալերվում է:
«Կինոդպրոցում միտք ծագեց համատեղ ֆիլմ նկարահանելու «Սովետական միության երեխաները» պայմանական խորագրով, որը կպատմի խորհրդային տարիներին ծնված, սակայն իրենց մասնագիտական գործունեությունը նորանկախ պետություններում ծավալած մարդկանց հաջողությունների եւ դժվարությունների մասին: Դասընթացի բոլոր մասնակիցների հետ նամակագրական կապի մեջ եմ, մտածում ենք նոր ծրագրերի մասին», ասաց Վարդան Հակոբյանը:
Ռուսական կինոարտադրությունն ուսումնասիրելով նա նկատել է այն թերություններն ու առավելությունները, որ առկա են Հայաստանում եւ Ռուսաստանում: «Երկու երկրներում էլ կադրերի լուրջ պակաս կա, իհարկե պատճառները միանգամայն տարբեր են: Ռուսաստանում այսօր բազմաթիվ կինոծրագրեր են իրականացվում, ու կադրերն ուղղակի չեն բավականացնում: Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է: Արդեն երկար տարիներ նոր ֆիլմեր գրեթե չեն նկարահանվում, արդյունքում` մի շարք կինոմասնագիտություններ չեն օգտագործվում: Նկատելի էր նաեւ, որ Ռուսաստանում մեծ ուշադրություն է հատկացվում սկսնակներին, աջակցություն ցուցաբերվում», ասաց Վարդանը:
Տպավորիչ է եղել նաեւ «Մոսֆիլմի» ռեժիսորների նկարահումներին հետեւելը: «Կինոդասընթացն իսկապես շատ արդյունավետ էր թե՛ գիտելիքներ ձեռք բերելու, թե՛ նոր կապեր հաստատելու առումով», ասաց Վարդանը: Ի դեպ, նա մասնակցել է նաեւ նոյեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացած միջազգային կինոդպրոցի դասընթացին, որն անցկացնում էր իրանցի նշանավոր կինոբեմադրիչ Աբբաս Քյառոստամին:
Վարդանն ընդգրկված է «Ոսկե ծիրանի» կազմակերպչական աշխատանքներում, հատկապես Հայաստանի մարզերում, ինչպես նաեւ Շուշիում եւ Ախալքալաքում կազմակերպվող կինոփառատոների ժամանակ:
Նրա «Քաղաք» խաղարկային ֆիլմը 2004-ին արժանացել է «Ոսկե ծիրան» մրցանակին:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ