«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2008-12-24 | #240, 2008-12-25 | #241, 2008-12-26


«ԺԱՆՆԱՆ ԵՎ ՁԱՅՆԵՐԸ» ԿԻՆՈՆԱԽԱԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

«Ժաննան եւ ձայները» լիամետրաժ խաղարկային կինոնախագծի ճանապարհորդությունը (ռեժ. Միքայել Վաթինյան, սցենարը` Արմինե Անդայի եւ Միքայել Վաթինյանի) սկսվեց 2007-ին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրից: Այնտեղից էլ հայկական կինոնախագիծն առաջին անգամ ընտրվեց մասնակցելու Պուսանի միջազգային կինոփառատոնի եւ Ասիական կինոշուկայի շրջանակներում կազմակերպված համատեղ արտադրության պլատֆորմին` Հարավային Կորեայում ստանալով Պուսանի եւ Գյոթեբորգի միջազգային կինոփառատոների ու Ասիական կինոշուկայի մրցանակը: Նույն տարվա նոյեմբերին Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնը, որի պատվավոր նախագահը մինչեւ իր մահվան օրը շվեդ անվանի կինոբեմադրիչ Ինգմար Բերգմանն էր, մրցանակից բացի նախագծին շնորհեց նաեւ սցենարի զարգացման դրամաշնորհ` ֆիլմի արտադրության մեջ արդեն իսկ ներգրավելով Շվեդիան:

Բացի ասիական կինոշուկայից նախագիծը պաշտոնական հրավեր ստացավ եւ մասնակցեց նաեւ Վարշավայի միջազգային կինոփառատոնին, երկու անգամ` Եվրասիա կինոշուկային, որը կազմակերպում է Եվրոպական պրոդյուսերների ակումբը Թուրքիայում: Նախագծի գլխավոր պրոդյուսեր Արմինե Անդան 2008-ին Պուսանի միջազգային կինոփառատոնից հրավեր ստացավ «Ժաննան եւ ձայները» ներկայացնելու նաեւ Կաննի միջազգային կինոփառատոնում: Այդ ճանապարհորդությանն աջակցեց նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Կաննում, ինչպես եւ Պուսանում, Վարշավայում, Թուրքիայում ներկայացվում էր առաջին հայկական կինոնախագիծը:

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, շարունակելով նպաստել այս նախագծի իրականացմանը, տրամադրում է նկարահանման տեխնիկա` հանդես գալով որպես նախագծի համապրոդյուսեր: Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի եւ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի աջակցությունն այսօր արդեն հնարավորություն է ստեղծում նկարահանելու ֆիլմի որոշ հատվածները: Հույս ունեն նախագիծն ամբողջությամբ իրականացնել Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ազգային կինոկենտրոնի հետ համատեղ` 2009-ին: Իսկ ճանապարհորդությունը` սկսված Հայաստանից եւ Ասիայից, Եվրոպայում շարունակվում է:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4