Եկող տարում իրականություն չեն դառնա մամուլային այն լուրերը, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ կարվի եւ նրան կփոխարինի մեկ այլ գործիչ: Այս մասին երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու հավելեց, որ դա մամուլի հերթական իներցիան է, ըստ որիՙ «անընդհատ ասում են, թե հիմա վարչապետը կփոխվի, նոր կառավարություն կձեւավորվի»:
«Որեւէ պատժամիջոց մեզ համար ընդունելի չէ եւ չեմ էլ կարծում, որ որեւէ տեղից պատժելու մոլուցքով պիտի կարողանան Հայաստանի որդեգրած ընթացքը կասեցնել», անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հեռանկարին տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե արդյո՞ք մտավախություն ու հիմքեր չկան վախենալու, որ Հայաստանի պատվիրակությանն իրոք կզրկեն ձայնի իրավունքից, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ոչ, ես որպես քաղաքական գործիչ չունեմ այդ մտավախությունը եւ այդքան էլ մեր պաթոսներով մոտեցում չունեմ ԵԽ-ի նկատմամբ: Իհարկե շատ լավ կլինի, որ բոլորը մեզ գովեն, բայց դա մեր հաշվին, մեր երկրի ամրապնդման հաշվին չպիտի լինի»:
Իսկ եթե Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից, ի՞նչ հետեւանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար, հարցին էլ արձագանքեց. «Ոչինչ էլ չի լինի: Հայաստանը կշարունակի այն քաղաքական կուրսը, այն մոտեցումները, ծրագրերն ու ներշնչանքները, ինչն այսօր ունի»:
Գալուստ Սահակյանի համար լավ կլիներ, որ մարտի 1-ի գործով բանտարկվածներն ազատության մեջ լինեին, քանի որ ինքը նրանց հետ ճանապարհ է անցել, այսօրվա քաղկալանավորներից ոմանց հետ որոշակի ծրագրեր է իրականացրել երկրի համար, ավելինՙ ինքը նրանցից շատերի ընկերն է:
«Ես կուզեի, որ հենց վաղն էլ հրովարտակ արձակվեր, եւ բոլորն ազատ արձակվեին, բայց պետք է հաշվի առնել իրավական հետեւանքները», հայտարարեց իշխող կուսակցության ներկայացուցիչն ու հավելեց, որ պետք է հետեւել դատական գործընթացին: Լրագրողները զարմացած հարցրեցին, որ եթե ճանաչում է ձերբակալվածներին, մի՞թե կարծում է, որ նրանք քրեական հանցագործներ են:
Գալուստ Սահակյանի խոսքերով` ինքը քաղբանտարկյալներ չի տեսնում, բայց չի էլ կարծում, թե վերջիններս քրեական հանցագործներ են: Այնուամենայնիվ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ հարկավոր է հետեւել դատական գործընթացներին:
Ի դեպ, Գալուստ Սահակյանը զարմանում է, թե ինչո՞ւ այս դատավարությունների կիզակետում զանգվածային անկարգությունների հիմնական դրդիչըՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դատարանում չէ: ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, թե իր կարծիքով «Լեւոնին փոխարինելու են ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու հետ»:
Ըստ Գ. Սահակյանի` այն ուժերը, որոնք Հայաստանին դրդում էին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ «քիրվայություն» անելու, իրենք էլ հիմա ճնշում են ԵԽԽՎ-ում, որ Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ