«Կոնվերս բանկի» գործունեության տարեկան արդյունքները երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը: Նա հայտնեց, որ 2008-ի արդյունքներով բանկի տրամադրած վարկերն աճել են 36 տոկոսով, այդ թվում փոքր եւ միջին բիզնեսի, սպառողական, հիպոթեկային գյուղատնտեսական վարկերի մասով: Վարկային ընդհանուր պորտֆելը նոյեմբերի վերջին կազմել է 42 մլրդ դրամ:
«Կոնվերս բանկի» կողմից 1,5 մլրդ դրամի պարտատոմսերի առաջին 300 մլն դրամ տրանշի հաջող տեղաբաշխման մասին հայտնեց բանկի փոխտնօրեն Տիգրան Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ պարտատոմսերը ձեռք են բերել 29 իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, իսկ մնացած 1,2 մլրդ դրամի պարտատոմսերը կտեղաբաշխվեն 2009-ին:
Ընթացիկ տարում «Կոնվերս բանկը» 10 մլն դոլար վարկ ստացավ Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), որոնք նույնպես կուղղվեն փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Այս ոլորտի վարկավորման ծավալը տարեվերջին կանցնի 6 մլրդ դրամը: Բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը հայտնեց, որ բանկը հեռահար նպատակներ ունիՙ մեծացնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծավալները:
«Վարկավորման պայմանները վերջին ամիսներին փոփոխություններ կրե՞լ են» հարցին, գործադիր տնօրենը պատասխանեց, որ տոկոսադրույքների 1-1,5 տոկոսի բարձրացում է տեղի ունեցել, բայց նաեւ երկարացվել են վարկավորման ժամկետներըՙ ներկայիս 1,5-2 տարվանից 3-4 տարվա, ինչը պայմանավորված է ՎԶԵԲ-ի տրամադրած վարկային ծրագրերով:
«Կա՞ ավանդների արտահոսք բանկից» «Ազգի» հարցին Արարատ Ղուկասյանը պատասխանեց, որ արտահոսք չկա, ավանդները աճել են, բանկային հաշիվներըՙ նույնպես: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի վերջին բանկի ավանդները կազմել են 22 մլրդ դրամ, նոյեմբերի վերջինՙ 23 մլրդ դրամ:
Մեր մյուս հարցին, թե կիսո՞ւմ է այն կարծիքը Արարատ Ղուկասյանը, որ եկող տարվա գարնանը վարկերի վերադարձման դժվարություններ են լինելու, «Կոնվերս բանկի» գործադիր տնօրենը պատասխանեց, որ այդ կարծիքը ձեւավորվել է գլոբալ տնտեսական զարգացումների արդյունքում: Շարունակելով, Արարատ Ղուկասյանը նախ նշեց, որ բանկային գործը ռիսկային է եւ պետք է միշտ պատրաստ լինել վարկերի վերադարձման հետ կապված խնդրին, ապա հայտնեց, որ ամեն պարագայում բանկն ունի այդ տարբերակի համար անհրաժեշտ միջոցներ: Միաժամանակ, նա նաեւ կարծիք հայտնեց, որ ինքը չունի կանխատեսումներ, որ եկող տարվա մարտին վիճակը վատանալու է: Արարատ Ղուկասյանը չի հերքում, որ եկող տարին լինելու է դժվար, բայց նաեւ նշեց, որ բանկն իր ծառայությունները եւ մասնաճյուղերն ընդլայնելու ծրագրեր ունի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ