Հակված ենք մտածելու, թե հայկական հեռուստաեթերի հիմնական մասը մարդու մեջ մտածող, զգացող էակին ոչնչացնելու կանխամտածված ծրագիր է, բայց այդ առումով մենք անփոխարինելի չենք, ոչ էլ` միակը, ընդամենը որոշակի ծրագրով գործի դրված մեքենայի պտուտակներից մեկն ենք, Ալան Պարքերի «Պատը» ֆիլմի մսաղացի միջով անցնող զանգվածների մի մաս ենք:
Տիրապետող անմտությունների, համատարած տաղտուկի տերերն առայժմ օդանցքաչափ տարածություն թողնում են բանական լսարանի համար, իսկ մնացածը` կենցաղային կյանքի պարզունակ պատճենումներով, միայն բնազդային պահանջներով ապրողների սնունդն է: Մասսայական մշակույթի ավերիչ հետեւանքները ավելի ցայտուն են հեռուստատեսության պարագայում, այս անհասկանալի աղմուկի ու քաոսի մեջ մեկ-երկու բացառություններ կան, որոնք փորձում են աշխատել արժեքային ընդունելի համակարգով: Այս առումով մասնավոր վերաբերմունք ունենք «Ար» հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդաշարի նկատմամբ: Նախՙ հաղորդաշարի ընդհանուր միտվածությունը, գաղափարական ուղղվածությունը շատ հստակ է: Հաղորդաշարի հեղինակը` գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը անհատապես կրողն է գաղափարական որոշակի կոնցեպցիայի: Ինքը երազողների հավերժական այն երամից է, որոնց միտքը սեւեռուն հետեւողականությամբ որոնում էՙ իր պարագայում, ազգային վերելքի, փրկության ուղիներ: Նա մեր ազգի մեջ, իր համոզումով, նիրհող ազնվական գենի եւ դա արթնացնելու որոնման ճանապարհին է: Այս ուղղությամբ կատարած աշխատանքների, ուսումնասիրությունների միջոցով փորձում է ձեւավորել նոր մի գաղափարաբանություն, որով հնարավոր լինի իրականացնել հանրային գիտակցության արմատական փոփոխություն: Իսկ ամենաինքնատիպը դրա` ոչ ստանդարտ միջոցի առաջարկն է: Ինքը հավատացած է, որ, այնուամենայնիվ, կյանքի բոլոր թնջուկների, այդ թվում նաեւ ազգային հիմնախնդիրների բանալին հոգեւոր ոլորտում է թաքնված: Անհուսության հասած մեր իրականությունը համարելով ոչ ստանդարտՙ նա գտնում է, որ դրա «լուծումը եւս ոչ ստանդարտ է: Այն գտնվում է բոլորովին այլ հարթության մեջ: Դրան հասնելու համար այլ որակի որոնողներ են հարկավոր:
... Հարկավոր է գիտակցել, մարդը Տիեզերքի կենտրոնը չէ ամենեւին, նրանից դուրս կան աներեւույթ ուժեր, որոնք էլ կառավարում են Տիեզերքը, որոշում մարդու, ազգի, երկրի ճակատագիրը», գրում է նա:
Հեռուստաեթերի ազդեցության ծավալները նկատի ունենալով` հետաքրքրական է հասարակության` հարաբերականորեն ակտիվ այս շրջանում հաղորդաշարի հեղինակին հաջողվե՞լ է գտնել այնպիսի մտավորականների, քաղաքական, հանրային գործիչների, ովքեր համամիտ են իր գաղափարներին կամ նշմարե՞լ է մեր հանրության «կրիտիկական այն զանգվածը», որն արմատական փոփոխությունների փորձաքարն է դառնալու:
- «Ճանապարհ» հաղորդաշարը մի քանի ամսվա կենսագրություն ունի: Տարիներ առաջ քո հեղինակային հաղորդաշարը դարձյալ «Ճանապարհ» էր կոչվում: Ո՞րն է դրանց տարբերությունը:
- Տարբերությունն այն է, որ այն ժամանակ «ե՛ւ ես էի ջահել, ե՛ւ ձիս էր ջահել», ու բազում դաշտերով էր հաղորդաշարն «անցնում»: Անցած 4 տարիների բերած իմաստնությունը փորձում եմ կիսել հեռուստադիտողի հետ:
- Ակնհայտ է հաղորդաշարի ուղղվածությունըՙ ազգային վերելքի, կամ այս կոլապսից դուրս գալու ելքերի որոնում: Ինչպիսի՞ որոշակի ծրագիր, գաղափարական ի՞նչ կոնցեպցիա ունես:
- Կա ելքի մի ուրվագիծ, այն ներկայացրել եմ իմ «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքում: Դրա հեռուստատեսային տարբերակի ստեղծման ու մատուցման որոնման մեջ եմ, քանի որ, ի տարբերություն գրքի, չես կարող մի հեռուստահաղորդման ժամանակ ողջ կոնցեպցիան իր դետալներով ներկայացնել:
- Հարցադրումներն արվում ենՙ ելնելով այդ մոտեցումներից եւ հյուրերը եւս ընտրվում են որոշակի՞ սկզբունքով:
- Հյուրերի մի մասն ընտրվում է` ելնելով այդ մոտեցումից, բայց կան նաեւ, այսպես կոչված, իրադարձային հյուրեր, ում հետ քննում ես այս կամ իրադարձությունը, որը հնարավոր է առնչություն չունենա ընդհանուր կոնցեպցիայի հետ:
- Իհարկե, սա մի փորձ է ազգաշահ գործունեություն սկսելու, ստեղծելու հանրային մտահոգություն ունեցողների մտածողական ընդհանուր դաշտ, այսինքնՙ հավաքել նրանց մի գաղափարի շուրջ: Ի՞նչ եզրակացության ես հանգել եւ ի՞նչ արձագանքներ ես ունեցել:
- Ճանապարհ-2-ն ունեցել է ավելի քան 30 հյուր: Ջանացել եմ հրավիրել խորքային վերլուծաբանների` ջարդելու առօրյա պարզունակ-քաղաքական մեկնությունները, որ հրամցվում են հանրությանը ու խորացնում մոլորությունը: Տխուրն այն է, որ լուրջ վերլուծաբանները մեզանում քիչ են, ու դժվարություններ ես ունենում հարկավոր հյուրեր ունենալու հարցում: Բացի դա, հանրությունը վարժեցվել է շոուների (նաեւ քաղաքական), եւ լուրջ հաղորդումները դժվարությամբ են լսարան ապահովում: Իսկ լսարան ունենալը, վարկանիշ ապահովելը յուրաքանչյուր հաղորդաշարի նպատակներից մեկն է: Եվ այդ պատճառով հարկադրված երկու ուղղությամբ ես աշխատում` ներքուստ համակրելով դրանցից միայն մեկին: Ուշադիր նայելիսՙ դա նաեւ հաղորդավարի դեմքից կարելի է կռահել:
Արձագանքների առումով ասեմ, որ զանգահարում են ուշագրավ հետազոտություններ իրականացրած բազմաթիվ քաղաքացիներ: Այդ հետազոտություններն օգնում են ամբողջական դարձնելու ելքի ուրվագիծ-կոնցեպցիան: Այնպես որ ելքի որոնման աշխատանքների մեծ մասն իրականացվում է եթերից դուրս:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ