Իրականացրել են այն, ինչ ծրագրել են եւ գոհ են արդյունքներից «Ջազ 70»-ի կազմակերպիչներն ու հովանավորները եւ որոշել են նախագիծը շարունակելՙ չնայած արդեն բրենդանման անվանման փոփոխության անհրաժեշտությանը. նույն երեւույթի 70-ամյակը մեկ անգամ է նշվում: Տարեվերջյան հաշվետվություն հիշեցնող ասուլիսում նախագծի պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը տեղեկացրեց, որ 2009-ին «Ջազ 70»-ի շրջանակներում կայացած համերգների տեսագրությունները, որոնք տարբերվում են ոչ միայն կատարումների, այլեւ տեսագրության որակի ու մոտեցումների տեսանկյունից, հեռարձակվելու են հեռուստատեսությամբ, հրատարակվելու է «Հայկական ջազի պատմությունը» գիրքը, որը պատրաստում է Չիկոնՙ Արմեն Թութունջյանը, կլինի նաեւ երկու ֆիլմՙ «Ջազ 70»-ի եւ հայկական ջազի մասին: Համերգներ էլ կազմակերպվելու են հոբելյանական տարում եղածներին չզիջող, բայց ոչ մեծ հաճախականությամբ:
Նախագիծը հաջողելու կարեւորագույն գործոնը, Ռուբեն Ջաղինյանի կարծիքով, թիմային սկզբունքով աշխատելն է, ընդ որում ոչ միայն կազմկոմիտեի, այլեւ հովանավորների, լրատվամիջոցների, մշակույթի նախարարության հետ: Մշակույթի նախարարության աջակցությունը ծրագրին առավել լուրջ վերաբերմունք ցուցաբերելու հիմք է տվել հրավիրյալներին, հովանավորներն էլ անխնդիր են աշխատելՙ ջանալով ոչ թե ջազը սիրելու, այլ նախագիծը գնահատելու սկզբունքով. «Ջազ 70»-ը Հայաստանի տեղը հայտնի դարձրեց ոչ միայն հրավիրյալների համար, այլեւ նրանց երկրպագուների, ողջ տարի հնարավոր եղավ Երեւանում լսել ջազի համաշխարհային աստղերին: Նրանցից որեւէ մեկի հետ խնդիրներ չեն եղել, չնայած կազմակերպիչների փաստմամբ եղել են նաեւ աստղային կամակորություններ:
Նախագծի որեւէ համերգ Լեւոն Մալխասյանը չառանձնացրեցՙ շեշտելով բոլոր հրավիրյալների իրական աստղ լինելը եւ ի պատասխան համապատասխան հարցի տեղեկացրեց, որ ամենամեծ հոնորարը տրվել է Ալ Ջերոյին, սակայն ամենածախսատար համերգը եղել է Կոնստանտին Օրբելյանի հոբելյանական համերգը: Վերջինը, Ռուբեն Ջաղինյանի տեսանկյունից, եղել է ամենաջերմը:
Ինչ համերգներ կլինեն հաջորդ տարի եւ ինչ անվանում կկրի այդ նախագիծը դեռ քննարկման ընթացքում գտնվող հարցեր են: Պարզ է միայն, որ այս տարի «Ջազ 70»-ի շրջանակներում Բենսոնի համերգը նրա գրաֆիկի խտության պատճառով չհաջողելը դեռեւս վերջը չէՙ բանակցություններն ընթանում են եւ նրան էլ հայաստանյան ունկնդիրը լսելու հնարավորություն կունենա եկող տարի:
Լրագրողների թիմային աշխատանքում էլ Ռուբեն Ջաղինյանը կարեւորեց միմյանց չխանգարելը: Հատկապես, որ լրագրողների մուտքը խիստ ընտրովի էր ապահովվումՙ հեռուստաընկերություններ ու ամսագրեր:
«Ջազ 70»-ի, այսպես ասած, առաջին ոչ համերգային արդյունքըՙ օրացույցը նախանշում է շարունակականությունը, որը եւ փաստեցին կազմակերպիչները, որոնցից Ռուբեն Ջաղինյանը որպես նախագծի պրոդյուսեր, Լեւոն Մալխասյանն ու կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը ոլորտում ունեցած վաստակի համար արժանացել են պարգեւների:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ