Երկու տարեկան Սյուզիին ծնողները Ձմեռ պապի մասին չեն պատմում: Եվ թեպետ փոքրիկը ծնվել է հունվարի երկուսին, նրա կյանքը տոնի այդպես էլ չի վերածվում: Նոր տարին նրանց ընտանիքում չեն տոնում, քանի որ հաճախ անգամ հաց գնելու համար ստիպված են պարտք անել:
Արցախի փողոցի 23-ի նախկին հանրակացարանային շենքի մի փոքրիկ բնակարանում են ծվարել Սյուզիի ծնողներն ու տատը: Երկու անշուք սենյակը տաքացվում է ափսեի մեծություն ունեցող էլեկտրական սալօջախով: Էլեկտրաէներգիան նրանք օգտագործում են ժլատության հասնող խնայողությամբ: Փոխարենը մայրը Սյուզիին հագցնում է բոլոր տաք հագուստները: «Ամուսինս բանվոր է: Ձմռանը շինարարությունը կանգնում է ու հիմա մնացել է առանց գործի», ասում է Դիանա Գեւորգյանը` Սյուզիի մայրը: Ընտանիքի եկամուտի միակ աղբյուրը մնացել է տատի թոշակը, որն ընդամենը 29.000 դրամ է:
Արեւի լույսն էլ է կարծես խնայողությամբ նրանց բնակարան ընկնում, հատկապես ձմռան ամիսներին: Անկողինը, փոքրիկ սեղանն ու արդեն մաշված բազկաթոռը բնակարանի ողջ գույքն են: Մուտքի դուռն էլ հեռու է ամուր եւ անվտանգ կոչվելուց: Արդեն 5 տարի, չեն կարողանում գումար հավաքել եւ պատուհաններին ապակիներ գցել: Պատուհաններին ցելոֆաններ են անցկացված:
Ձմռան ամիսներին Սյուզին հաճախ է հիվանդանում: Առանց այդ էլ ընտանեկան սուղ բյուջեից ստիպված են լինում փոքրիկի համար դեղեր գնել: «Մոտակայքում գտնվող բոլոր խանութներին պարտք ենք: Այսօր առավոտյան էլ պարտքով հաց վերցրեցինք», ասում է Էմմա Գեւորգյանը` Սյուզիի տատը:
4 ամիս առաջ մահացել է Էմմա Գեւորգյանի որդին: Գումար չէր ունեցել, որ որդուն հիվանդանոց տեղափոխեր: «Դիմել էի առողջապահության նախարարությանը, որպեսզի օգնեին, սակայն մերժել էին», պատմում է տիկին Էմման: Այժմ տիկին Էմման օրերն անցկացնում է որդու նկարի հետ խոսելով, իսկ Սյուզին զարմացած լսում է: Հեքիաթներ փոքրիկին հաճախ չեն պատմում, իսկ տոների մասին աշխատում են չխոսել: Եթե ինչ-որ տեղ ինչ-որ կարեւոր իրադարձություն է տեղի ունենում, Սյուզին կարող է միայն հեռուստատեսությամբ տեսնել:
«Էլ ոչ մի սպասելիք չունեմ: Հույս էլ չունեմ, որ լավ է լինելու: Ի՞նչ պետք է փոխվի, ապրում ենք էս բնում ու չգիտենք, թե վաղվա օրը ինչ կբերի», ասում է տիկին Էմման: Նա 70 տարեկան է, արցունքներից աչքերը կարմրած են, հայացքն էլ` անտարբեր: Ժպիտ դեմքին երեւում է միայն Սյուզիի ծիծաղը լսելիս: Չնայած ցրտին, խաղալիքների հին ու քիչ լինելուն, Սյուզին կարողանում է Գեւորգյանների տխուր տունն ուրախությամբ լցնել:
Ամենից շատ Սյուզին լուսանկարվել է սիրում եւ պատրաստ է ամեն պահի ժպիտը դեմքին կեցվածք ընդունել: Հետո էլ մոտ է վազումՙ տեսնելու լուսանկարը: Սյուզիի խաղալիքները տեղավորվում են մի տոպրակում: Իր խաղալիքներից անծանոթներին նա առաջինն իր փոքրիկ լուսանկարն է ցույց տալիս:
Աշխույժ աչքերով, գանգրահեր Սյուզին իրեն շրջապատող աղքատության եւ դժվարին կացության ծանրությունը չի հասկանում, բայց զգում է: «Երբ ես տխուր եմ լինում, մոտենում է, համբուրում, կարծես մխիթարում է: Ամենից շատ աշխարհում երազում եմ, որ երեխայիս ժպիտը չպակասի», ասում է Դիանան:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 1. Փոքրիկ Սյուզին տատիկի հետ