ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Տարեվերջին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը տարածքների հանձնման վերաբերյալ տրված հարցին ի պատասխան ասել է, որ զինված ուժերը չեն կարող զիջումների գնալ, քանզի բանակի հիմնական առաքելությունը երկրի պաշտպանության բնագավառում հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունն իրականացնելն է, իսկ ԼՂՀ ղեկավարության դիրքորոշումն այս հարցում քաջ հայտնի է: Բացի այդ, ըստ նախարարի, ղարաբաղյան կողմը ոչ թե պատրաստվում է Ադրբեջանին տարածքներ հանձնել, այլ ընդհակառակը` 2008 թվականին ԼՂՀ վարչական տարածքը մի քանի հազար հեկտարով ավելացել է: Դա տեղի է ունեցել առաջնագծում ղարաբաղյան դիրքերի բարելավման միջոցառումների շնորհիվ, այն դեպքում, երբ հակառակորդին չի հաջողվել իր դիրքերն ավելի նպաստավոր դարձնելու ուղղությամբ որեւէ առաջընթաց քայլ իրականացնել: Դրան զուգընթաց` նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել են հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը, կրակոցները դարձել են ավելի հաճախակի, ինչը բնավ չի խոսում Ադրբեջանի ղեկավարության խաղաղասիրական ձգտումների մասին:
Շփման գոտում խուլ պատ է ստեղծված հակամարտ կողմերի միջեւ, եւ որեւէ ուղղակի շփում հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջեւ բացառվում է, հավելել է Մ. Հակոբյանը:
ՊԲ հրամանատարը դրական է գնահատել մոսկովյան հռչակագիրը հետեւյալ ձեւակերպմամբ` եթե խոսքը գնում է հակամարտությունը ոչ ռազմական ճանապարհով լուծելու մասին:
Այս համապատկերին ուշագրավ է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հայտարարությունը, որը նա արել է դարձյալ տարեվերջին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով կառավարության տնտեսական ծրագրերը, վարչապետն ասել է, որ դրանք նախատեսված են իրականացնել 11.7 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Այսինքն` նաեւ ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքներում, որտեղ բնակվում են Ադրբեջանից բռնագաղթած հայեր: Ավելին, փարատելով լրագրողների մտահոգությունը, թե ինչու Աղդամ-Մարտունի մայրուղային ճանապարհը մինչեւ հիմա չի նորոգվում, եւ արդյոք դա կապված չէ՞ հետագայում այն Ադրբեջանին վերադարձնելու հավանականության հետ, Արա Հարությունյանը տեղեկացրել է, որ մինչեւ Աղդամ այդ ճանապարհն արդեն նորոգված է, 2009-ին լրիվ կբարենորոգվի Մարտակերտ տանող ճանապարհը, իսկ Մարտունու ուղղությամբ ճանապարհաշինարարական աշխատանքները կկատարվեն 2010 թվականին:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Քաշաթաղի ու Շահումյանի շրջանների բնակիչների հետ, որտեղ հստակորեն նշել է, որ այդ տարածքներում պետությունը լուրջ տնտեսական ծրագրեր ունի իրականացնելու, եւ պետք է մտածել միայն այդ ծրագրերի հաջող կենսագործման ուղղությամբ: Օրերս ՊԲ անձնակազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ նախագահը նաեւ շեշտել է, որ փորձ է արվում խեղաթյուրելու հակամարտության բուն էությունը: Կա հակամարտություն Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ, եւ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելը Ադրբեջանի համար միայն մի նպատակ է հետապնդում` խեղաթյուրել կոնֆլիկտի բնույթը: Իսկ ամանորյա շնորհավորանքի ուղերձում Բակո Սահակյանը վերստին հաստատելով իշխանությունների դիրքորոշումը ԼՂՀ քաղաքական ճակատագրի վերաբերյալ` ընդգծել է. «Արցախի անկախ պետականությունն ու անվտանգությունը մնայուն ու բացառիկ արժեքներ են, որոնք ոչ մեկի կողմից եւ ոչ մի ժամանակ չեն կարող կասկածի տակ դրվել»:
Հատկանշական է, որ տարեմուտին ԼՂՀ խորհրդարանի պատգամավորական խմբակցությունները եւս հանդես են եկել հայտարարությամբ, որով միջազգային հանրության, միջնորդ երկրների եւ շահագրգիռ կառույցների ուշադրությունը հրավիրել են Ադրբեջանի պաշտոնական եւ հասարակական դիրքորոշման` հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ ոչ համարժեք դրսեւորումների վրա, եւ որոնք արտահայտվում են ուժի կիրառման սպառնալիքի ու հակահայկական քարոզչության ձեւերով:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նպատակ ունենալով հասնել Ադրբեջանի Հանրապետության հետ առկա հակամարտության համապարփակ կարգավորմանը այն սկզբունքների հիման վրա, որոնք կբացառեն ձեռք բերվելիք համաձայնությունը հետագայում ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով փոփոխության ենթարկելու հնարավորությունը, պատրաստ է իր օրինական եւ լիարժեք մասնակցությունը բերել խաղաղ կարգավորման ջանքերին:
...Որեւէ այլ կոնտեքստում, ելնելով իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ քաղաքացիների անվտանգության արդյունավետ ապահովման գերակայությունից, չի կարող մասնակից լինել հակամարտության գոտում ստեղծված հավասարակշռությունը փոփոխելուն ուղղված դիվանագիտական ջանքերին եւ պատասխանատվություն չի կրի որեւէ պայմանավորվածության համար, որը ձեռք կբերվի առանց իր ժողովրդի կամքի ազատ արտահայտությամբ դրսեւորված համաձայնության», մասնավորապես նշվում է խորհրդարանականների հիշյալ հայտարարության մեջ:
ԼՂՀ իշխանությունների այս միասնական մոտեցումը հիմք է տալիս փաստելու, որ 2009 թվականին ղարաբաղյան կարգավորման բանակցությունները պետք է ընթանան միայն դրանցում Ղարաբաղի ներգրավվածության անհրաժեշտության համընդունմամբ, հակառակ պարագայում բանակցություններն արդյունավետ ընթացք չեն ունենա:
Արդյոք միջնորդների առաջիկա այցը տարածաշրջան որեւէ նորամուծությո՞ւն է արձանագրելու հիմնախնդրի կողմնորոշումներում: Դժվար է միանշանակ պատասխան գտնել, հատկապես եթե հաշվի առնենք, որ կապված ԱՄՆ-ում իշխանափոխության հետ` կարող են նոր որդեգրումներ ի հայտ գալ, նախ եւ առաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հնարավոր փոփոխմամբ:
Տարին նոր է սկսվել, եւ լավատեսությունը պահպանելը, թերեւս, ամենաառողջ մոտեցումն է: Դա է հուշում հակամարտության մեջ գտնվելու անցած տարիների փորձը: