«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2008-12-26 | #242, 2008-12-27 | #1, 2009-01-13


ՕԼԻՄՊԻՅՍԿԻՆ ՀՈԳԵՎՈՐ ՏԵ՞ՍՔ Է ՍՏԱՆՈՒՄ

Հայկական եկեղեցական համալիրը Մոսկվայում

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Երեւան

Եռամսյա ընդմիջումից հետո այցելելով Մոսկվայի Օլիմպիյսկի պողոտայի հայկական եկեղեցական համալիրի շինհրապարակ, ի զարմանս, այն անսովոր խաղաղ գտա. մոսկովյան անդուր ձմեռն էապես «սառեցնում» է շինաշխատանքները: Նույնիսկ հայաստանցի տուֆագործ շինարարները չվել էին հայրենիք, մինչեւ զգացվի գարնանային օրերի տաք շունչը: Սակայն համեմատական անդորրը բնավ էլ ստվեր չի գցում կառույցի առինքնող մասշտաբայնության վրա: Մանավանդ որ արդեն ուրվագծվում է որոշ ծավալուն աշխատանքների ավարտական փուլը:

Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի հետ հանդիպման ժամանակ չէր կարող չշոշափվել հրատապ հարցըՙ համալիրի շինարարության վրա ի՞նչ ազդեցություն է գործում աշխարհն ու մասնավորապես Ռուսաստանը համակած տնտեսական ու ֆինանսական խոր ճգնաժամը:

- Ազդեցությունը, անշուշտ, բացասական է, ասում է սրբազանը, մեր բարերարներից շատերը եւս հայտնվել են ոչ դյուրին իրավիճակներում: Սակայն բոլորը հասկանում են, որ Ռուսաստանի մայրաքաղաքում հառնող այս հոգեւոր-ազգային կերտվածքի կառուցումը բոլորիս հոգու, սրտի ու պատվի գործն է: Ֆինանսավորումը շարունակվում է, ազնիվ հայորդիք, չնայած դժվարություններին, կատարում են իրենց խոստումը, եւ շինարարական աշխատանքները կանգ չեն առնում:

Համալիրի շինաշխատանքների կոորդինատոր Գրիգոր Գասպարյանի հետ «տեսչական» այց ենք կատարում, շինարարի լեզվով ասած, կառույցի օբյեկտները: Նախՙ որոշ տվյալներ. ճարտարապետ Արտակ Ղուլյանի հղացքը զբաղեցնում է 25100 քմ տարածք, իսկ շինաշխատանքները կատարվում են 1, 32 հեկտարի վրա: Համալիրի ֆունկցիոնալ կազմի մեջ մտնում են տաճարը, մատուռը, պայմանականորեն անվանված վարչական մասնաշենքը, որը կընդգրկի մշակութային-լուսավորչական կենտրոնը, դպրոցը, թանգարանը, ցուցասրահը, սեղանատունը, հյուրանոցը, հրատարակչությունըՙ խմբագրատներով, թեմի առաջնորդի նստավայրը եւ այլն:

Համալիրի զարդը, անտարակույս, տաճարն է, որի տակավին բետոնակուռ տեսքն անգամ տեղիք է տալիս լիրիկական զեղումների: Սակայն այս անգամ բավարարվենք զուտ «պրոզայով»: Տաճարը զբաղեցնում է 900 քմ տարածք, բարձրությունը 50 մետր է, որ ավելին է, քան նրա դիմացը գտնվող 16 հարկանի բնակելի շենքը: Զվարթնոցը հիշեցնող շինությունը աչքի է ընկնում ճարտարապետական ինքնատիպ կառուցվածքովՙ բազում կոնուսաձեւ, գլանաձեւ ու գնդաձեւ մակերեսներով, ինչը շինարարներից կառուցողական մեծ հմտություններ է պահանջում:

_ Երեսպատման աշխատանքներն արդեն սկսված են, պարզաբանում է Գասպարյանը, տեխնոլոգիական նկատառումներով (շինանյութերը չեն դիմանում ցրտին) ներքին հարդարման աշխատանքներ չենք կատարում: Պատկերավոր ասածՙ ամեն ինչ նախապատրաստում ենք գարնանային «թռիչքի» համար, երբ տաճարը կստանա իր աստվածային տեսքը:

Որ դա այդպես էլ կլինի, Գասպարյանը չի կասկածում: Նա ինձ առաջնորդում է դեպի մատուռը: Տաճարի համեմատ մատուռը, իհարկե, փոքր է երեւում, բայց «գողտրիկ» չես անվանիՙ փռվածքը 240 քմ է: Այստեղ արդեն դրսից թե ներսից գերիշխում է Անիի սրբատաշ տուֆը: Թեմի առաջնորդը շինարարների առջեւ խնդիր է դրել մատուռի դռները բացել ամռան կողմ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան Աստծո հետ հաղորդակցվելիս վայելելու ողջ եկեղեցական համայնապատկերը:

Իր ծավալով ամենամեծը վարչական մասնաշենքն էՙ 2900 քմ, չունի եկեղեցական շինություններին բնորոշ ճարտարապետական առանձնահատկություններն ու բարդությունները, թեեւ արտաքնապես նույնքան ազգային է: Փոխարենը օբյեկտը պահանջում է ինժեներային, կոմունիկացիոն, ներքին հարդարման, դիզայնի ու գեղարվեստական ձեւավորման եւ այլ բնույթի տարողունակ աշխատանքներ: Մասնաշենքի յուրահատկություններից մեկն այն է, որ ներքնահարկն ընդգրկում է կառույցի ողջ տարածքը: Այստեղ տեղ կգտնեն զանազան տնտեսական բնույթի ծառայություններ, պահեստներ եւ այլն: Իսկ հարեւան ավտոկայանը հնարավորություն կունենա միանգամից ընդունելու 170 մեքենա: Կառույցն արդեն գրեթե լրիվ երեսպատված է տուֆով:

Ի դեպ, տուֆի մասին: Համալիրը հիմնականում կառուցում են մոսկվացի շինարարները, սակայն տուֆը նրանց համար միանգամայն անծանոթ շինաքար է: Ահա եւ Հայաստանից հրավիրվել են երկու տասնյակից ավելի լայն պրոֆիլի մասնագետներ, որոնք էլ, գլխավոր ինժեներ Համլետ Պողոսյանի ղեկավարությամբ, հիմնականում զբաղվում են տուֆի աշխատանքներով, մանավանդ որ այն Հայաստանից ստացվում է խոշոր բնակտորների տեսքով: Կառույցում մինչեւ ուշ երեկո հնչում էին հայկական երգն ու երաժշտությունը: Եվ սա այն դեպքն է, որ ներողամտաբար ես վերաբերվում նույնիսկ... ռաբիսին:

Ինչպես ասվեց, համալիրը կյանքի են կոչում պրոֆեսիոնալները: Սակայն այստեղ բոլորն են ընդունում, որ Եզրաս սրբազանը, լինելով այդ եկեղեցական հոյակապ «ծրագրի» հեղինակն ու ոգեշնչողը, միաժամանակ շինարարական աշխատանքների ոչ պաշտոնական ղեկավարն է: Ոչինչ, որ նրա որոշ խորհուրդներ կամ առաջարկություններ կարող են այնքան էլ «հողեղեն» չլինել, ժպտալով ասում է Պողոսյանը, բայց որ ռացիոնալ են, անվերապահ է:

Սրբազանը վերցրել է կառույցի ֆինանսավորման, վարչական-կազմակերպչական բազմաբնույթ շատ խնդիրների լուծումը: Եվ այս կապակցությամբ կա մի պարագա, որ ես բնավ էլ չէի ուզում շոշափել, սակայն ստիպված եմ անելՙ տեղի տալով շինարարության հայազգի ղեկավարների պահանջին: Խոսքը վերաբերում է Հայաստանի մամուլում ժամանակ առ ժամանակ հրապարակվող «հակաթեմական» ստահոդ նյութերին: Հավատացեք, ասում էին նրանք, այս կառույցի իրագործմանը որեւէ չափով մասնակցող ոչ մի հայ իրեն թույլ չի տա ավելորդ բառ անգամ ասել թեմի առաջնորդի հասցեին, քանզի իր աչքով է տեսնում նրա արածը: Զրպարտությամբ, բամբասանքով են զբաղվում նրանք, ովքեր թքած ունեն ե՛ւ համալիրի, ե՛ւ առհասարակ թեմի գործունեության վրա: Առավել ցավալի է, որ այդպիսիք ավելի շատ աղմկում են Հայաստանում: Թող նրանք կողք կողքի դնեն համալիրի մակետը եւ երկամյա աշխատանքների արգասիք-համայնապատկերն ու նոր տուրք տան իրենց խղճուկ երեւակայությանը, խորհուրդ տվեցին հայ շինարարները:

Սակայն դառնանք հիմնական թեմային եւ լսենք Եզրաս սրբազանին.

_ Դուք հարցնում եք ճգնաժամի մասին: Որպես գաղտնիք ասեմ, որ ինձ դիմել են մի քանի անհատ հայորդիքՙ առաջարկելով միայնակ վերցնել կառույցի ողջ ֆինանսավորումը: Խոնարհվում եմ նրանց ազնվագույն եկեղեցասիրության ու ազգասիրության առջեւ: Սակայն ես միշտ ասել եմ ու պիտի կրկնեմՙ այս եկեղեցական վսեմությունը պիտի կառուցեն բոլոր ռուսահայերը, ում թանկ է մեր հոգեւոր ոգին, հայապահպանությունը, ազգային գործը: Ամենազորի զավակն է ե՛ւ այն մեծահարուստը, որը միլիոն է նվիրաբերում, ե՛ւ այն թոշակառուն, որը մեր հաշվետու մատյանում գրառում է իր 200 ռուբլին: Ես վստահ եմ, որ Աստծո օրհնությամբ եւ տեղի հայության օգնությամբ ու ջանքերով մենք երկու տարի հետո լրիվ կավարտենք համալիրի կառուցումը:


Նկար 1. Մոսկվայում հայ եկեղեցական համալիրի մակետը

Նկար 2. Եզրաս սրբազանը

Նկար 3. Շարունակվում է կառուցվել համալիրը

Նկար 4. Համալիրի վարչական շենքը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4