Դեռ մեկ ամիս առաջ մեր տեղական մոտ 20 հեռուստաընկերությունները թոհուբոհի մեջ էին` պարբերաբար գովազդելով իրենց ընկերության տոնական ծրագրերը: Յուրաքանչյուր Ամանորի շեմին անհամբեր սպասում ենք` ի՞նչ է այս անգամ հրամցնելու տոնական հեռուստաեթերը, որն այդքան վառ գույներով գովազդային հոլովակներ է պտտեցնում: Շատերն էլ երեւի թե ամանորյա ծրագրերի առատությունից ընտանիքում քննարկման են դնում կարեւոր մի հարց` ո՞րը դիտել, հեռակառավարման վահանակը ո՞ւմ տրամադրել` գոնե ամեն մի հաղորդումից քիչ թե շատ հաճույք ստանալու համար:
Ինչեւէ, տարեմուտի գիշերվա համար բոլորն էլ պատրաստել էին տոնական հաղորդումներ:
«Հ1»-ի հիմնական ծրագիրն այս անգամ էլ ամանորյա հանդեսն էր: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունների տոնական հաղորդումների մասնակիցները հիմնականում նույն դեմքերն էին: Տպավորությունն այնպիսին էր, թե նրանք են տերն ու տիրակալը ողջ Հանրայինի: Ցուլի տարին էլ վայելեց արդեն որերորդ տարին է պտտվող «Մեր բակը» ֆիլմը: Սակայն, մի բան գովելի էր, որ հայկական ժողովրդական երգն ու պարը Հանրայինը չէր մոռացել իր ամանորյա հաղորդումներում:
«Հ2», «Արմենիա», «Երկիր մեդիա» եւ «Հայ TV» հեռուստաընկերությունների հաղորդումներում էլ տոնական միջավայր էին ստեղծել այնպիսի դեմքեր, որոնք ամբողջ 2008-ի ընթացքում գովում ու գովաբանում էին իրենց ու իրենց հումորային գյուտերը, կիսահայկական երգն ու երաժշտությունը: Երեւի թե շատերի ծիծաղն էին առաջացնում ոչ թե վերջիններիս ներկայացումները, այլ հենց իրենք` հումոր անողներն ու «ձեռք ու ոտքով» երգողները. ու մարդ ինքն իրեն հարց է տալիս. «Սրանք էլ պիտի ասեն` գո՞րծ են անում»:
Դառնանք TV5-ի Գեւոյին: Մարդն իրոք ուրախացրեց երեւի թե միայն TV5-ին: Որ պահին հեռուստաալիքը միացնես` Գեւոն է: «Մեր» Գեւոն էլ խմելու, հարբելու չգիտեմ էլ ինչ անելու արվեստն էր ցուցադրում: Էլ չենք խոսում արտասահմանյան ալիքներից վերցրած «մերկախառը» հումորների մասին:
Թերեւս «Շանթն» էր իր ինտելեկտուալ խաղերով հետաքրքրական: «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը այս տարի էլ բարեգործական նպատակների համար եթեր էր հրավիրել մեր քաղաքական գործիչներին: Սակայն, «Շանթում» էլ ոչինչ չասող «32 ատամը» խանգարող հանգամանք էր: Ու ցավալին այն է, որ նույն ստուդիայում նստած դիտում ու հիանում են այնպիսի մարդիկ, ովքեր քննադատողներն են նման հաղորդումների:
Ինչ արած. հուսանք, որ 2009 հաջողությունների տարի կլինի նաեւ մեր հեռուստաալիքների համար:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ