«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2008-12-27 | #1, 2009-01-13 | #2, 2009-01-14


«ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԸ ԼՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎՈՒՄ»

Հայերի ջարդերից անցել է 19 տարի

1990 թվականի հունվարի 13-ն արդեն 19 տարի «սեւ օր» է համարվում Ասյա Պողոսյանի եւ նրա ընտանիքի համար: Հենց այդ օրը սկսվում եւ մինչեւ հունվարի 15-ը շարունակվում են Բաքվի հայկական ջարդերը: 3 օրվա ընթացքում տասնյակ հայեր զոհվում են, տասնյակ հազարավորներ զրկվում տներից եւ փախչում Հայաստան ու Ռուսաստան: Ասյա Պողոսյանը 75 տարեկան է, 19 տարի ապրում է Երեւանում փախստականի կարգավիճակով: «Սարսափելի էր: Մարդիկ փողոցներում ընկած էին: Իմ աչքի առջեւ երիտասարդ մարդու դանակահարեցին, որեւէ մեկը չմիջամտեց: Մի կերպ հասանք Բաքվի նավահանգիստ, նավերի հատակը արյունոտ էր», հիշում է Ասյա Պողոսյանը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն ընդգծում է, որ Բաքվի եւ Սումգայիթի կոտորածները Հայոց ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է: «Ցեղասպանության ճանաչման մեր պահանջները սահմանափակվում են միայն 1915 թվականի Եղեռնի ընդունմամբ: Թուրքիայի նպատակը ոչ թե իր անվտանգության ապահովումն էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, այլ հայ ազգի բնաջնջումը: Սա է վկայում, որ կոտորածները շարունակվել են նաեւ համաշխարհային պատերազմի ավարտից հետո եւ ընդգրկել տարածքներ, որոնք դուրս էին Թուրքիայի սահմաններից: 1918 թվականին թուրքական կանոնավոր զորքերը հայերի զանգվածային ջարդեր են իրագործել դեպի Բաքու շարժվելու ճանապարհին», «Ուրբաթ» ակումբում երեկ նշեց Ալեքսանդր Մանասյանը:

Ադրբեջանահայության ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը վստահ է, որ Բաքվի ջարդերի իրողությունն անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը: «Ադրբեջանահայությունը դուրս մղվեց իր բնօրրանից: 418 հազար ադրբեջանահայ դարձավ փախստական, նրանցից 300 հազարն այսօր ապրում է Հայաստանում: Այս փաստը Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում, մինչդեռ ադրբեջանցիներն առիթը բաց չեն թողնում խոսելու իրենց փախստականների մասին», ասաց Գրիգորի Այվազյանը: Ադրբեջանահայության ասամբլեան դիմել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Բաքվի ջարդերին գիտական բնորոշում տալու համար: «Պատասխանը չուշացավ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եզրակացությամբ Բաքվի կոտորածները համապատասխանում են ցեղասպանություն երեւույթի միջազգային բանաձեւմանը», նշեց Գրիգորի Այվազյանը:

Ասյա Պողոսյանը հիշում է, որ ջարդն իրականացնողները հստակ գիտեին, թե որոնք են հայերի բնակարանները: «Նրանք ցուցակներ ունեին հայերի հասցեներով», ասում է նա:

Բաքվում արտակարգ դրություն է հաստատվում միայն հունվարի 19-ին, այդ օրն էլ խորհրդային զորքերը մտնում են Ադրբեջանի մայրաքաղաք: «Կանաչ ու սեւ. Արցախյան օրագիր» գրքի հեղինակ Թաթուլ Հակոբյանը գրում է, որ Բաքվի հայկական ջարդերին Հայաստանի կոմունիստական ղեկավարությունն անդրադառնում է մեկ ամիս ուշացումով` փետրվարի 13-ին: Գերագույն խորհուրդն անբացատրելի է համարում «փաստը, որ չնայած հայ բնակչության նկատմամբ կիրառվող ջարդերի առկայությանը, Բաքվում զորքեր մտցվեցին աններելի ուշացումով, այն պահին, երբ ծայրահեղականների սանձարձակությունների հետեւանքով այնտեղ գրեթե հայեր չկային: Որոշման մեջ դատապարտվում էին «հայերի ջարդերը Բաքվում եւ Ադրբեջանի ԽՍՀ մյուս շրջաններում», դրանք գնահատվում «հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության շարունակություն»:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը շեշտում է, որ Բաքվի ջարդերը մինչ օրս էլ համարժեք ձեւով գնահատված եւ իմաստավորված չեն: «Ավելին` Բաքվի ջարդերը լռության եւ մոռացության են մատնվում», նկատեց քաղաքագետը:

Ասյա Պողոսյանն այսօր ապրում է հանրակացարանում: Ասում է, որ Բաքվում ընդարձակ բնակարան ուներ: Անցյալին նրան այլեւս ոչինչ չի կապում, մնացել են միայն հիշողությունները եւ դրանց պատճառած տառապանքները:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4