Մինչդեռ շտապօգնության մեքենաները հին են եւ մաշված
Զիջո՞ւմ եք արդյոք ճանապարհը շտապօգնության մեքենաներին: Սամվել Գասպարյանը շտապօգնության ծառայությունում վարորդ է արդեն 21 տարի: Նրա պատասխանը «ոչ» է: «Ճանապարհի ընթացքում յուրաքանչյուր րոպեն կենսական նշանակություն ունի հիվանդի համար: Մինչդեռ վարորդները ոչ միայն չեն զիջում ճանապարհը, այլեւ երբեմն դիտմամբ դժվարացնում են երթեւեկությունը: Նման մի դեպք հենց իմ ծառայության ընթացքում է պատահել: Շտապում էինք հերթական կանչի սպասարկմանը, իսկ մեր մեքենայի առջեւից գնացող ավտոմեքենայի վարորդը գինովցած էր եւ ոչ մի կերպ մեզ ճանապարհ չէր տալիս: Երբ հասանք կանչի վայր, պարզվեց, որ շտապում էինք նույն այդ գինովցած վարորդի տուն», ասում է Սամվել Գասպարյանը: Ծառայության վարորդները մեկ այլ երեւույթ էլ են նկատում: Եթե շտապօգնության մեքենաները նոր են եւ սարքին, ապա վարորդներն ավելի զիջող են:
Հունվարի 15-ին կառավարության քննարկմանն է ներկայացվելու ՀՀ շտապօգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը: Հաստատման դեպքում 3-5 տարվա ընթացքում գնվելու է 135 մեքենա, որից 75-ըՙ 2009 թվականի ընթացքում: Երեւանի Շտապբուժօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ Պետրոսյանը նշում է, որ ռազմավարության հաստատման դեպքում այս տարի կլուծվի մայրաքաղաքի շտապօգնության ծառայության ավտոպարկի թարմացման հարցը: Իսկ ռազմավարության հաստատմանը տնօրենը գրեթե չի կասկածում: «Ծննդօգնությունից հետո շտապօգնությունը դիտարկվում է որպես առողջապահության երկրորդ գերակա ուղղություն», ասում է Արտյոմ Պետրոսյանը:
Այսօր Երեւանում գործում է 38 շտապօգնության բրիգադ, իսկ ծառայությունն իրականացվում է 7 կայանի միջոցով: Ավտոպարկի 38` 15 «Սոբոլ» եւ 23 «Գազել» մակնիշի մեքենաներն էլ շահագործվում են: «Գազել» մեքենաները շուրջ տասը տարվա հնության են, «Սոբոլ» մեքենաները համեմատաբար նոր են` 4-5 տարվա: «Մեքենաները շահագործվում են 24 ժամ շարունակ: Առաջարկել ենք ռազմավարությունում ընդգրկել կետ, որի համաձայն շտապօգնության մեքենաների շահագործման ժամկետը պետք է սահմանվի 4-5 տարի», նշում է Արտյոմ Պետրոսյանը:
«Մեքենաները հին են ու մաշված: Եղել են դեպքեր, երբ տեխնիկական անսարքության պատճառով մեքենաները կանգնել են ճանապարհի կեսին: Այդ դեպքում կամ նոր խումբ է ուղարկվում, կամ էլ վարորդներն են փորձում ուղղել անսարքությունը», ասում է Սամվել Գասպարյանը:
Արտյոմ Պետրոսյանը պատմում է, որ հիվանդին օգնության հասնելու համար, հատկապես ձմռան ամիսներին, օգտագործվում են նաեւ փրկարար ծառայության մեքենաները: «Մայրաքաղաքի որոշ համայնքներում ճանապարհները երբեմն անանցանելի են լինում: Կանչ ունեինք Կիլիկիայից, սակայն ճանապարհը մեր մեքենան չէր կարողանում հաղթահարել: Կանչեցինք փրկարար ծառայության մեքենան, որը բացեց ճանապարհը, եւ կարողացանք օգնել հիվանդին», պատմում է Արտյոմ Պետրոսյանը:
Ռազմավարությամբ նախատեսվում է ձեռք բերել արտասահմանյան մեքենաներՙ նոր սարքավորումներով եւ գործիքներով: «Նախատեսում ենք ավելացնել 3 հենակետ եւ 4 բրիգադ: 42 մեքենան մայրաքաղաքի համար բավարար կլինի: Ես առաջարկել եմ, որ այս տարվա ընթացքում գնվելիք մեքենաներով թարմացվի մայրաքաղաքի ավտոպարկը: Այսօր մեքենաները իրենց հագեցվածությամբ եւ տեխնիկական չափանիշներով համապատասխանում են նվազագույն պարտադիր պահանջներին ու պայմաններին: Առանց զարգացած ծառայություն ունենալու դժվար է կազմակերպել առողջապահական համակարգի ճիշտ գործունեություն», նշում է ծառայության տնօրեն, մասնագիտությամբ սրտաբան Արտյոմ Պետրոսյանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ