«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2008-12-27 | #1, 2009-01-13 | #2, 2009-01-14


ՎՐՁՆԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԱՅՐԻՉԸ

Մոսկվայում լույս տեսավ ռուսաստանյան «ԷՍՏԵՏ» ոսկերչական ընկերության շքեղ կատալոգը, որտեղ հիմնականում ներկայացված են ձեռնարկության գլխավոր ոսկերիչ Ռոբերտ Մելքումյանի անհատական աշխատանքները:


Նա «դեռ մանկուց» չէր երազում դառնալ ոսկերիչ: Ավարտելով դպրոցը, Ռոբերտ Մելքումյանը ընդունվեց Երեւանի գեղարվեստի ինստիտուտ, քանզի նրա նկարչական հակումները շռայլորեն դրսեւորվել էին տակավին դպրոցական տետրերում: Հետագայում նա սկսեց լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ, գծանկարչությամբ, մետաղադրվագումով: Տեղի թերթերը հաճույքով էին տպագրում նրա ուրախ ծաղրանկարները: Սակայն մի օր ընկերներից մեկը նրան հրավիրեց ծանոթանալու բնական քարերի մի հավաքածուի, որի հեղինակը քաղաքում քաջ հայտնի էր Քար-Գուրգեն անունով: Այստեղ Մելքումյանի ուշադրությունը գրավեց առանձին ներկայացված մի կվարց ներքին զարմանահրաշ նկարախաղերով: Նա երկար պտտվում էր այդ բնության հրաշքի շուրջ: Տուն վերադարձավ, իսկ երեւակայության մեջ, ինչպես ասում են, հնչում էր քարի սիմֆոնիան:

Մելքումյանը սկսեց հետաքրքրվել քարերով, հրապուրվեց ոսկերչությամբ եւ շատ արագ յուրացրեց այն: Հիանալի հոբբի է` վրձնին փոխարինում է այրիչը: Եվ երբեք չէր հավատա, թե այդ հրապուրանքը այնքան կկլանի իրեն, որ շատ չանցած նախասիրություն կդառնա... գեղանկարչությունը:

Խորությամբ տիրապետելով ոսկերչական տեխնիկային, Մելքումյանը չսկսեց ուսումնասիրել ուրիշների կատալոգները եւ կուռք չդարձրեց ոչ մեկի: Քանի որ Հայաստանում ավանդաբար ուժեղ է ազգային-արեւելյան ոճը, նորաթուխ ոսկերիչը նախընտրեց ժամանակակից ձեւեր, հենվելով իր գեղարվեստական երեւակայության վրա: Մետաղի մեջ թափանցեցին հակասական սյուժեները: Ինքնին ստեղծվեց յուրօրինակ ստեղծագործական ոճ. նա երբեք էսքիզներ չի անում, չի կրկնում իր իսկ ստեղծած գործերը, չի ընդունում, թեկուզեւ տեխնիկական օգնության կարգով, որեւէ մեկի մասնակցությունը արտադրական գործընթացին: Նույնիսկ զարդերի համար նախատեսված քարերը, ադամանդից բացի, մշակում ու հղկում է ինքը: Գերադասում է ոսկին: Պաշտում է զմրուխտը: Անսովոր լուծումներով ու մեծ ճաշակով է զուգորդում թանկարժեք քարը կիսաթանկարժեքի եւ նույնիսկ ոչ թանկարժեքի հետ: Ասենք, ադամանդը` լազուրիտի, զմրուխտը` ագաթի, շափյուղան` տպազիոնի: Տանել չի կարողանում կեղծ քարերը: Նույնպես չի սիրում, երբ իր զուտ «մելքումյանական» աշխատանքները անվանում են «ավանգարդիստական» կամ համեմում են զանազան «սյուրերով», թեեւ ինքն էլ է հիանալի հասկանում, որ դրանք բնավ էլ «ավանդական» չես համարի:

- Մի անգամ Հայաստանի նկարիչների միությունում ինձ ասացին, որ իմ աշխատանքները դուր են եկել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին եւ նա ինձ հրավիրել է Էջմիածին: Անմոռանալի էր հանդիպումը այդ իմաստուն մարդու հետ: Զրույցից հետո նա խնդրեց պատվերներ կատարել եկեղեցու համար: Համաձայնեցի, թեեւ լավ էի հասկանում, որ հարկ կլինի տքնել արդիական եւ եկեղեցական ոճերը ներդաշնակեցնելու գործում: Խոստովանում եմ` ամեն անգամ, ձեռնամուխ լինելով կաթողիկոսի պատվերի կատարմանը, ես հուզվում էի:

Արդեն երկու տասնամյակ Ռոբերտ Մելքումյանը ապրում եւ ստեղծագործում է Մոսկվայում, «ԷՍՏԵՏ» ֆիրմայում ստեղծելով հեղինակային եզակի աշխատանքների հավաքածուՙ բարձրաճաշակ հանրության համար: Վերոհիշյալ կատալոգում տեղ են գտել մոտ յոթ տասնյակ աշխատանքներ: Նրա համար վաղուց արդեն սովորական են դարձել բարձրագույն մրցանակները ռուսաստանյան եւ միջազգային հանրահայտ ոսկերչական մրցույթներում ու ցուցահանդեսներում: Այսօր էլ նրան հաճախ են հրավիրում Շվեյցարիա, Իտալիա, Ամերիկա:

Ռոբերտ Մելքումյանը մոտենում է իր յոթանասունամյակին: Ծրագրեր չի մշակում պարզապես երկարացնում է իր չկրկնվող աշխատանքների շարանը: Այն հարցին, թե ինչով նա կնշանավորի Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի բացումը, վարպետը խորիմաստորեն պատասխանում է` մտածում եմ...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4