Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն իրենց մրցավեճն են սկսել շախմատի Հայաստանի տղամարդկանց 69-րդ առաջնության մասնակիցները: Չեմպիոնի տիտղոսը վիճարկում են 14 շախմատիստներ, որոնց թվում է միակ կին մասնակիցըՙ Էլինա Դանիելյանը: Մեր փորձառու շախմատիստուհին որոշել է ուժերը փորձել տղամարդկանց մրցաշարում: Նա անհաջող մեկնարկեցՙ սեւերով պարտվելով միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանին:
Շախմատի օլիմպիական չեմպիոններից առաջնությանը մասնակցում են միայն Արտաշես Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը: Վերջինս եւս անհաջող մեկնարկեց: Աշոտ Անաստասյանի հետ պարտիայում Տիգրանն արդեն 19-րդ քայլում կորցրեց թագուհուն եւ հաջորդ քայլից հետո հանձնվեց: Իսկ ահա Արտաշես Մինասյանը միավորը բաժանեց Արման Փաշիկյանի հետ: Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաեւ Զավեն Անդրեասյանի եւ Արա Մինասյանի պարտիան: Ավետիք Գրիգորյանը սպիտակներով հաղթեց Հրանտ Մելքումյանին: Անհաջող մեկնարկեց նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր Սամվել Տեր-Սահակյանըՙ զիջելով Տիգրան Քոթանջյանին: Լեւոն Բաբուջյանն էլ պարտվեց Տիգրան Նալբանդյանին:
Երկրորդ տուրն էլ անհաջող դասավորվեց Տիգրան Պետրոսյանի համար, որը կրկին անհաջողության մատնվեց: Այս անգամ նա սպիտակներով 29-րդ քայլում զիջեց Արտաշես Մինասյանին: Երկրորդ հաղթանակը տոնեց Արթուր Չիբուխչյանըՙ պարտության մատնելով Տիգրան Նալբանդյանին: Առաջին կես միավորը վաստակեց Էլինա Դանիելյանըՙ ոչ-ոքի խաղալով Աշոտ Անաստասյանի հետ: Միավորը բաժանեցին նաեւ Քոթանջյանն ու Անդրեասյանը, Մելքումյանն ու Տեր-Սահակյանը: Առաջին հաղթանակը տոնեց Արա Մինասյանըՙ պարտության մատնելով Լեւոն Բաբուջյանին, որը 2-րդ պարտությունը կրեց: Առաջին հաղթանակի քաղցրությունը ճաշակեց նաեւ Արման Փաշիկյանըՙ հաղթելով Ավետիք Գրիգորյանին:
2 տուրից հետո 2 միավորով միանձնյա առաջատարն Արթուր Չիբուխչյանն է: 1,5-ական միավորով նրան հետապնդում են Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը, Արա Մինասյանը, Արման Փաշիկյանն ու Աշոտ Անաստասյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ