12-ամյա Ալինան երազում է տաք եւ զարդարված տուն
ՋԷԿ-ի հանրակացարանում բնակվողներին Գեղարվեստի ուսումնարանի շենքի սենյակները տան վերածած եւ այնտեղ տարիներ շարունակ ապրող մարդիկ նախանձով են նայում: Անշուք եւ ավերակների նմանվող նախկինում Գեղարվեստի ուսումնարանի շենքը, այսօր արդեն տասնյակ մարդկանց համար տուն դարձած շինությունը, շրջապատված է ՋԷԿ-ի հանրակացարաններով: Բնակիչներն ասում են, որ այդտեղ ապրում են ամենաանճարները:
Հարությունյանների ընտանիքը զբաղեցրել է ուսումնարանի ճաշարանի հատվածը: Ընդարձակ ճաշարանի մի մասում են ապրում, պատ են շարել ու ծվարել այդ հատվածում: Այստեղ են արդեն 6 տարի: Եթե ամռան օրերին այստեղ քիչ թե շատ տանելի պայմաններ են, ապա ձմռանը վառարանից մի փոքր հեռու նստելու դեպքում ցուրտն զգալ է տալիս:
5 երեխա ունեն, սպասում են վեցերորդին: Երեքը գիշերօթիկ դպրոցում են սովորում: Ալինան ավագն է, 12 տարեկան: Տուն է գալիս միայն շաբաթ եւ կիրակի, մյուս օրերին դպրոցում է ապրում: Դպրոցում պայմաններն անհամեմատ բարվոք են, սակայն Ալինան անհամբերությամբ է սպասում տուն գալու օրերին: Ասում էՙ շատ կուզեր, որ իրենց տունը զարդարված լիներ, իսկ երազանքը «մեծ» համակարգիչ ունենալն է: «Որպեսզի շատ լեզուներ սովորեմ», ասում է նա:
Ալինայի հայրը` Արմեն Հարությունյանն աշխատում է շինարարությունում, նաեւ տաքսու վարորդ է: «Ձմռանը գործը կանգնում է, ստիպված եմ լինում տանը մնալ», ասում է: Ձմռան ամիսներն ընտանիքում ամենադժվարինն են: Հացը խանութից ստիպված են լինում պարտքով վերցնել, տաք հագուստ գնելու հնարավորություն արդեն չի մնում: Այդ մասին, սակայն խոսել չի սիրում: «Կաշխատենք, կապրենք», ասում է Արմենը, «Մեր խնդիրն է, որ կարողանանք սեփականաշնորհել ուսումնարանի այս հատվածը: Ուզում եմ վստահ լինել, որ վաղը տանիք կունենանք»:
Պայծառը` Արմենի կինը, պատմում է, որ 5-րդ երեխան արդեն երկու տարեկան է, սակայն մինչեւ օրս ծննդյան վկայական չունի: «Գումարը երբեք չի հերիքում, որպեսզի այդ հարցը լուծենք», պատմում է Պայծառը:
Տան միակ զարդը հրեշտակի արձանիկն է, որ ամրացրել են պատին: Տարիներ առաջ վստահ էին, որ հաջողություն է բերում: Այսօր, սակայն, կուտակված խնդիրներն ու սոցիալական ծանր վիճակը ջարդել են հաջողությանը հավատալու վստահությունը: «Մտածում եմ ու այս վիճակից դուրս գալու ելք չեմ տեսնում: Ավելի լավ է չմտածեմ, թե չէ գժվել կարելի է: Լավ է, երեխաները դեռ փոքր են ու վիճակի ողջ ծանրությունը չեն հասկանում», ասում է Պայծառը, որը վաղուց արդեն վաղվա պայծառ օրվան չի հավատում:
Ալինան գրեթե միշտ ապագայից է խոսում: «Մեծանամ վարսավիր եմ դառնալու կամ էլ բժիշկ: Ոզում եմ իմ սեփական տունն ունենալ: Բայց չեմ ուզում, որ մեր տան նման լինի: Պետք է խոհանոց ունենամ, սենյակներն էլ առանձին լինեն», ասում է Ալինան:
Ալինան նկարել շատ է սիրում: Վառ գույներ նրա նկարներում դեռեւս չկան, մինչդեռ սեւ եւ մոխրագույն մատիտները ստիպված է լինում սրել ամեն օր:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ