«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2009-01-14 | #3, 2009-01-15 | #4, 2009-01-16


Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ

Կանխատեսում է ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը

Ներքաղաքական իրավիճակի թեժացումն առաջիկա ամիսներին Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն անխուսափելի է համարում: Հասարակությունն սպասում է մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը, ընթանում է «7-ի գործ»-ի դատավարությունը, հնարավոր է Հայաստանի ձայնազրկությունը ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում, ներկոալիցիոն հարաբերություններն այլ երանգ են ստանում: Արամ Սարգսյանը վստահ է, որ ստեղծված իրադրության համար մեղավորության իրենց բաժինն ունեն թե՛ իշխանությունն ու ընդդիմությունը, թե՛ հասարակությունը: «Փետրվարին քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ կլինեն: Ներկոալիցիոն հարաբերություններում անհամաձայնության նշաններ են երեւում, նույն խմբակցության անդամները մեղադրում են միմյանց: Կարեւոր է, որ հանրապետության նախագահը ճիշտ որոշումներ ընդունի եւ անհամաձայնությունները լուրջ հակասության չվերածվեն, որից օգտվում են ոչ կոնստրուկտիվ ուժերը», «Ուրբաթ» ակումբում` մամուլի ասուլիսում երեկ նշեց Արամ Սարգսյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` խոշոր բիզնեսը հարկային դաշտ տեղափոխելու ծրագիրն Արամ Սարգսյանը կարեւորում է, սակայն կասկածում է իրագործման հնարավորությանը: «Խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու համար անհրաժեշտ է քաղաքական ռեսուրս: Միայն վարչական ռեսուրսներով այդ ծրագիրը հնարավոր չէ իրականացնել: Այն քաղաքական ռեսուրսը, որ այսօր կարող է ապահովել ծրագրի իրագործումը, շահագրգիռ չէ եւ ինքն էլ է սերտաճած խոշոր բիզնեսի հետ: Դժվար է պատկերացնել, որ, ասենք, ՀՀԿ-ի պատգամավորների մի մասը բաց սրտով կընդունի այդ բարեփոխումները», ասաց ՀԴԿ նախագահը:

Արամ Սարգսյանը կարծում է, որ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում Հայաստանին ձայնից չեն զրկի: «Եվրոպական կառույցների երկակի ստանդարտներով աշխատելու ոճը փաստ համարելով հանդերձ, հարկ էր իմանալ, որ նրանք կդիմեն այս քայլին: Այլ հարց է, թե ինչպես են աշխատել մեր պատվիրակությունը, ԱԺ եւ արտաքին գործերի նախարարությունը: Ցավոք, պարզ է, որ դիվանագիտական աշխատանքի մակարդակը դեռեւս բարձր չէ», ասաց բանախոսը: Իսկ ձայնազրկությունն առաջին հերթին կազդի Հայաստանի հեղինակությանը, որի հետեւանքով նկատելի կլինի Ադրբեջանի ակտիվությունը, կտուժի ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Մարտի մեկի դեպքերի հետաքննությունը, նրա կարծիքով, չպետք է տասն ամիս ձգվեր, եւ հասարակությունը որեւէ պատասխան չի ստացել: «Գլխավոր դատախազը կարող էր հանդես գալ հասարակության առջեւ: Մինչ օրս չեն հարցաքննվել առաջին եւ երկրորդ նախագահները: Համաներում հասկացությունն ինձ համար հասկանալի չէ: Եթե նրանք մեղավոր են, ապա պետք է պատժվեն: Եթե անմեղ են, ապա պետք է արդարացվեն: Ամբաստանյալների վարքագիծը միտված է դատավարության ձգձգմանը: Սա ինձ համար անընդունելի է, սակայն հասկանալի: Նրանք սպասում են Եվրոխորհրդի որոշմանը», նշեց նա:

Դավոսում կայանալիք տնտեսական համաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը, Արամ Սարգսյանի համոզմամբ, կլինի հերթականը եւ սկզբունքային որեւէ որոշում չի լինի: «Մինչեւ ԼՂՀ-ն բանակցություններին մասնակից չդառնա, որեւէ առաջընթաց սպասելը զուր է: Նախագահների հանդիպումներն էլ բանակցություններ դժվար է կոչել: Քանի դեռ Ադրբեջանը ԼՂՀ անկախությունը չի ընդունել, բանակցություններ սկսելն անիմաստ է», նկատեց Արամ Սարգսյանը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4