Մասնավոր հատվածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբը ստացել է բիզնես ծրագրերի շուրջ 70 հայտ: Այս մասին, երեկ, մինչ կառավարության նիստի սկսվելը, տեղեկացրեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը : Ըստ նրա, այդ 70 ծրագրերի զգալի մասն ուղարկվել է լրամշակման, քանի որ ներկայացված տեղեկատվությունը եւ վերլուծությունները չէին բավարարում աշխատանքային խմբի պահանջներին: Մյուս մասը մերժված հայտերն են, իսկ երրորդ խումբն այն ծրագրերն են, որոնք անցել են քննարկումների երկրորդ փուլ: «Այստեղ լինելու է պետության աջակցությունը, որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչվեն հնարավորին չափ շուտ: Հիմնական շեշտադրումն արվելու է ներմուծման փոխադրելիության վրա», շեշետեց վարչապետը: Նա կարեւորեց հայրենական արտադրողների, մասնավորապես նրանց, որոնք ունեն արտահանման ուղղվածություն, կարողությունների ուժեղացումը: Նշվեց նաեւ, որ հաջորդ շաբաթվանից սկսվելու է արդյունաբերական քաղաքականության քննարկումը, որի վերաբերյալ անցյալ տարի հանձնարարական էր տրված էկոնոմիկայի նախարարությանը: Քննարկվելու են քիմիական արդյունաբերության, թեթեւ արդյունաբերության, սննդի արդյունաբերության, ապա մյուս ճյուղերի զարգացման խնդիրները: Քննարկումներին հրավիրվելու են ճյուղերի հիմնական ձեռնարկությունների ներկայացուցիչները: Տիգրան Սարգսյանը նշեց նաեւ, որ արձանագրվել է մի կարեւորագույն փաստ` պրոյեկտ-մենեջերների պակասը Հայաստանում: Ըստ նրա, շատ գաղափարներ չեն իրականանում այն պարզ պատճառով, որ այդ գաղափարներն իրականացնող պատրաստի ղեկավարներ չունենք, ովքեր կարող են այդ գաղափարը դարձնել բիզնես նախագիծ:
Ա. Մ.