Այդ կապակցությամբ պետեկամուտների կոմիտեի ձեռնարկած քայլերի մասին տեղեկացանք կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանից
Հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոններով նախատեսվող վիճակահանությունը զգալի աշխուժություն է առաջացրել բնակչության մեջ: Այդուհանդերձ, այսօր հրատապ է այն խնդիրը, որ խանութների եւ առեւտրի օբյեկտների գերակշիռ մասը ամեն գնով խուսափում է ՀԴՄ-ների կտրոններ տրամադրելուց: Բացի այդ, գնորդների զգալի մասը չի պահանջում դրանք, մյուս կողմից էլ` պետական եկամուտների կոմիտեի ակտիվ գործողությունները չեն նկատվում այս հարցում: Այս խնդրին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ («Ազգ», 13 հունվարի, 2009), մեզ հուզող հարցերն այժմ ուղղեցինք պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանին:
- Պրն Ալավերդյան, ինչպե՞ս եք գնահատում խանութներում ու առեւտրի այլ օբյեկտներում ՀԴՄ-ների կտրոնների տրամադրման գործընթացը սկսած այս տարվա հունվարի 1-ից, երբ ներդրվեց վիճակահանությունը:
- Բավարար եմ գնահատում: Իհարկե, կան խնդիրներ, որոնք ավելի քան 10 տարվա պատմություն ունեն եւ սկսել են դրսեւորվել, երբ ներդրվեց վիճակահանությունը: Կազմակերպչական եւ տեխնիկական խնդիրներն այս 10 աշխատանքային օրվա ընթացքում լուծելով, գործընթացն ընկել է հունի մեջ: - Սակայն եթե գործընթացը պետք է սկսվեր հունվարին, այդ տեխնիկական եւ կազմակերպչական խնդիրները պետք է մինչ այդ լուծված լինեին:
- Սակայն եթե գործընթացը պետք է սկսվեր հունվարին, այդ տեխնիկական եւ կազմակերպչական խնդիրները պետք է մինչ այդ լուծված լինեին:
- Մենք շատ արագացված տեմպերով ենք այդ հարցերը լուծել: Այն երկրները, որոնք այսպիսի փորձ են ունեցել, շատ ավելի մեծ ժամանակ են ծախսել նախապատրաստական աշխատանքների համար, քան մենք: Օգտագործելով նրանց փորձը, մենք երկու ամսվա մեջ մեծ գործընթացի սկիզբ ենք դրել: Ակնհայտ է, որ երբ էլ սկսվեր այս գործընթացն, ի հայտ էին գալու խնդիրներ:
- Ի՞նչ խնդիրներ են դրանք:
- Մենք ունենք տարբեր սերնդի, 50-60 տեսակի ՀԴՄ-ներ, որոնք օգտագործում էին տարբեր տեսակի, տարբեր լայնության ժապավեններ: Ժապավենները միասնականացվեցին: Սկսեցինք բացատրել այդ միասնականացված ժապավենին չհամապատասխանող ՀԴՄ-ներ ունեցողներին, որ պետք է ավելի ժամանակակից ՀԴՄ-ներ ձեռք բերել եւ այլն: Հայաստանում ավելի քան 66 հազար ՀԴՄ է գտնվում տնտեսվարող սուբյեկտների մոտ: Հարկային տեսուչները տարեկան 5-6 հազար ստուգումներ էին կատարում ՀԴՄ-ների համար: Ակնհայտ է, որ մնացածը մնում են այդ ստուգումներից դուրս: Դրա համար էլ մենք ընտրեցինք նաեւ հանրությանն այդ գործընթացին մասնակից դարձնելու տարբերակը: Այն մեզ հուշում է, թե որտեղ են ռիսկերը: Օրինակՙ «թեժ գծով» (594618) ստացվող հեռախոսազանգերը, թե որ խանութներում ՀԴՄ-ի կտրոն չեն տրամադրում: Անմիջապես ստուգում է իրականացվում այդ խանութներում:
- Այս ամիս փաստորեն գործընթացը նոր է սկսվել եւ ՀԴՄ-ների կտրոններն էլ դեռ դժվարությամբ են տրամադրվում: Շահողների թիվը հունվարին ավելի քի՞չ կլինի:
- Հունվարը նաեւ անցումային ամիս է: Շատ տնտեսվարողներ ուշացումով սկսեցին աշխատել, կտրոններն էլ ավելի քիչ են տրամադրվել, հետեւաբար շահողներն էլ ավելի քիչ կլինեն: Շահողների միջին հաշվարկային թիվը, որ ամսական 10 հազար է, այս ամսին զգալիորեն քիչ կլինի: Կարծում եմ, որ շահողների թիվը հունվարին կկազմի մոտ 1000:
- Դուք խոսում եք հասարակության մասնակցության մասին: Սակայն որքան էլ հասարակությունն ակտիվ լինի, եթե տնտեսվարողը չզգա ՀԴՄ-ների կտրոնները տրամադրելուն ուղղված պետեկամուտների կոմիտեի գործողությունները, ոչինչ չի ստացվի: Այսօր այնպիսի տպավորություն է ստեղծված, որ պետեկամուտների կոմիտեն քայլեր չի ձեռնարկում ստիպելու տնտեսվարողներին տրամադրելու կտրոնը եւ չտրամադրելու դեպքում կիրառելու օրենքով նախատեսված պատիժները:
- Կոմիտեն, իհարկե, իր գործիքները պետք է օգտագործի: 2008-ին մենք մեծագույն խնդիր լուծեցինք առեւտրի կազմակերպման վայրերում (տոնավաճառներում) տեղադրելով 7800 ՀԴՄ-ներ: Այժմ պետք է ՀԴՄ-ների շահագործման բնագավառում արդարություն եւ հավասարություն ապահովենք: Դրան կօժանդակի ինչպես ՀԴՄ-ների կտրոններով վիճակահանություն անցկացնելը, այնպես էլ մեր հսկողական աշխատանքները: Եթե նախկինում անհավասարություն կար խանութների եւ տոնավաճառների միջեւ, ինչը հնարավոր կամ արդյունավետ չէր դարձնում մեր գործիքների ամբողջ զինանոցի օգտագործումը, ապա հիմա այդ առումով խոչընդոտ չկա: 2009 պետք է բեկումնային լինի: Հարկային մարմինը երկու նոր գործիք ունի, որոնք հնարավորություն են ստեղծում անհամեմատ ավելի շատ հսկել: Առաջինՙ ՀԴՄ-ի կտրոնի համար հսկիչ գնում կատարելիս ընթերակայի ներկայությունը պարտադիր չէ: Երկրորդՙ տուգանքներն են մեծացել: Կտրոններ չտրամադրելը կրկնվելու դեպքում 300 հազար դրամ, ապա 600 հազար դրամ տուգանք է նախատեսված, փոքր խանութների համար` 75 հազար դրամ եւ 150 հազար դրամ: Նաեւՙ ԶԼՄ-ների միջոցով փորձում ենք տեղեկացնել, թե ինչ է կատարվում այս հարցի առնչությամբ:
- Հնարավոր չէ՞, որ պետեկամուտների կոմիտեի տեսուչները ընտրողական մոտեցում ցուցաբերենՙ պատժեն այս խանութին, իսկ մյուսինՙ ոչ:
- Այդ հարցը եղել է, կա եւ մնում է, եթե ավելի արդյունավետ չկազմակերպենք մեր աշխատանքը: Այստեղ մեզ կօգնի թափանցիկությունը: Երբ մենք մեծ խանութների ցանցի անուններ հրապարակում ենք եւ տուգանում, որպես կտրոններ չտրամադրողների, նրանք մեզ ասում են, թե մյուսներին ինչու չեք պատժում: Դրանով իսկ տեղեկատվություն են տրամադրում: Հասարակությունը տեսնում է, թե որտեղ չեն տրամադրում ՀԴՄ-ի կտրոն: Դա երեւում է նաեւ «թեժ գծով» ստացված հեռախոսազանգերից:
Մեր աշխատանքը բաժանել ենք մասերիՙ խոշոր եւ միջին ու փոքր խանութներ: Առաջին օրերին փոքրերին աշխատել ենք իրազեկել, տեղեկացնել, քան թե տուգանել: Այդ փոքր խանութի տերը պետք է իմանա, որ 75 հազար կամ 150 հազար դրամ տուգանքը իր ամբողջ տարեկան հարկի գումարը կարող է լինել: Առավել եւս, որ նրանց հարկման մեխանիզմը փոխվել է: Նրանք վճարում են իրենց շրջանառության 2 տոկոսից ոչ պակաս եւ 10 տոկոսից ոչ ավելի մասը: Կարելի է ծախսերը հիմնավորել 36 մլն դրամի չափով, նախկին 1 մլն դրամի փոխարեն:
- Այդուհանդերձ, ՀԴՄ-ների կտրոններ ավելի շատ չեն տրամադրում հենց փոքր խանութները:
- Կարծում եմ, դա իներցիա է, ինչ-որ տեղ բնավորություն է դարձել, չեն հավատում, որ հարկային տեսուչը կգա ու կհասնի իրեն, ինչպես նաեւ չեն հավատում գործընթացի անշրջելի լինելուն: Հավաստիացնում եմ, որ մեկ ամսվա մեջ ձեռքբերումներ ունենք: Երբ ամիսը ամփոփենք, կերեւա, որ շրջանառությունը զգալիորեն աճել է: Համենայն դեպս միջին եւ խոշոր խանութներում հաստատ անհամեմատ ավելի շատ կտրոններ են տրամադրել եւ շրջանառության աճն ակնհայտ է: Փոքր խանութներով նույնպես արդեն սկսել ենք զբաղվել, նրանց նկատմամբ եւս հսկողությունը շուտով կուժեղացվի: Ամսեամիս շրջանառության աճ ենք նախատեսում ոչ միայն նախորդ տարվա նույն ամսվա, այլեւ նախորդ ամսվա նկատմամբ: Երբ տոնավաճառներում համակարգչային ցանցերը տեղադրվեն, այն ժամանակ հսկողության ձեւերն էլ կփոխվեն, եւ մենք ոչ թե կգնանք տեսնելու` կտրոն տրամադրում են, թե չէ, այլ կհետեւենք գնումների ստացվող հոսքերին:
Հարցազրույցը ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ