«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2009-01-14 | #3, 2009-01-15 | #4, 2009-01-16


ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԲԵԹՂԵՀԵՄՈՒՄ ԿՆՇՎԻ ԱՌԱՆՑ ՇՔԵՂ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Գազայի հատվածից վերջին հայ ընտանիքը դուրս է եկել 8 տարի առաջ եւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի օգնությամբ բնակություն է հաստատել Հին քաղաքի հայկական թաղամասում, որտեղ եւ ապրում է առ այսօր: Պաղեստինի քաղաքներից հայկական համայնքներ կան միայն Բեթղեհեմում եւ Ռամալլայում, բարեբախտաբար իսրայելական հրթիռներն ու տանկերն այդ բնակավայրերը չեն գնդակոծում:

Գազայի հատվածում օրավուր նոր թափ առնող պատերազմը տխրություն է փռել Երուսաղեմում եւ ամբողջապես չքացրել Հին քաղաքի կենսախինդ եւ աշխույժ ռիթմը: Փակ են արաբական բոլոր հիմնարկները, խանութները: Երուսաղեմի արաբներն այդպես են արտահայտում իրենց բողոքը Իսրայելի քաղաքականության դեմ: Հասկանալի է, որ Հին քաղաքի մռայլությունը տարածվել է նաեւ հայկական թաղամասում` բնակիչներին հեռու պահելով ամանորյա տոնախմբությունը ուրախ եւ աղմկոտ նշելուց: Երուսաղեմի հայոց պատրիարքարանը Ամանորը նշում է հին տոմարով` հունվարի 13-ին, իսկ Սուրբ Ծնունդը` հունվարի 18-ին եւ 19-ին, Բեթղեհեմի Սբ Ծննդյան տաճարում:

Երուսաղեմի Ժառանգավորաց հոգեւոր վարժարանի տեսուչ հայր Թեոդորոսը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ հայկական համայնքը հունվարի 13-ին նշել է Ամանորը, սակայն բավականին զուսպ, բավարարվելով միայն վանքի ներսում կատարվող արարողություններով: Շքեղ տոնախմբություն չի լինի նաեւ հունվարի 18-ին եւ 19-ին, Բեթղեհեմի Սբ Ծննդյան տաճարի մերձակա հրապարակում, որտեղ այդ օրերին ավանդաբար անցկացվում է սկաուտական շքերթ:

«Քանի որ ամբողջ Պաղեստինը սուգի մեջ է, Սուրբ Ծննդյան տոնին արտաքին հանդիսություններ, սկաուտական շքերթներ չեն լինելու, այլ միայն եկեղեցական արարողություններ` ժամերգություններ, պատարագներ: Մի քանի օր առաջ` հունվարի 6-7-ը Բեթղեհեմում Հույն ուղղափառ եկեղեցին տոնեց Սուրբ Ծնունդը, եկեղեցական արարողություններ կատարելով միայն տաճարի ներսում, բացօթյա որեւէ հանդիսություն տեղի չունեցավ: Այս օրերին չափազանց կարեւոր է, որ Բեթղեհեմում պարետային ժամ չի գործում», ասաց հայր Թեոդորոսը:

Իսրայելի եւ Պաղեստինի մի շարք քաղաքներում բնակվող հայերի ընդհանուր թիվը ստուգապես հայտնի չէ, մոտավոր հաշվարկով հնաբնակները կազմում են մոտ յոթ հազար: Դրանք այն անհատներն ու ընտանիքներն են, որոնք Սուրբ երկրում ապրում են Իսրայելի պետություն հռչակվելուց բազում տարիներ առաջ: «Վերջին 15-20 տարիների ընթացքում հրեական ինքնությամբ կամ խառն ամուսնությամբ ընտանիքներ են գաղթել Իսրայել, նրանք իսրայելական անձնագրեր ունեն եւ հիմնականում ապրում են հրեական քաղաքներում` Թել-Ավիվում ու նրա մերձակա քաղաքներում` Բատ Յամ, Ռիշոն Լեցիոն, Պետախ Տիկվա եւ այլն: Այդ ընտանիքներն ունեն իրենց ակումբները, ուր հավաքվում են, կազմակերպում տարբեր միջոցառումներ: Հայկական տոների ժամանակ նրանցից ոմանք այցելում են Երուսաղեմ, ծանոթանում ու զրուցում մեզ հետ», հավելեց հայր Թեոդորոսը: «Կա՞ արդյոք հայկական համայնք Բեեռ Շեւա քաղաքում» հարցիս նա պատասխանեց, որ դա հրեական քաղաք է, բավականին հեռու Երուսաղեմից, եւ այնտեղ բնակություն հաստատած հայաստանցիներն ունեն հրեական ինքնություն կամ խառը ամուսնությամբ ընտանիքներ են` ներգաղթած վերջին տարիներին:

Հայ եւ հույն հոգեւորականների փոխհարաբերությունների վերաբերյալ հայր Թեոդորոսը նշեց, որ հայտնի միջադեպից հետո լարվածությունը կարծես մեղմվել է: Դրա մասին է վկայում դեկտեմբերի 30-ին Սբ Ծննդյան տաճարի ներսում անցկացված համատեղ մաքրության օրը, որի ժամանակ որեւէ անախորժություն տեղի չի ունեցել: Նա հիշեց, որ նախորդ տարվա նույն օրը հույները դարձյալ սադրանքի դիմեցին, ոտնձգություններ կատարելով հայկական տարածքների հանդեպ, ինչը հանգեցրեց սուր վիճաբանության եւ քաշքշուկի: Այս անգամ հաջողվեց խուսափել դրանից շնորհիվ Պաղեստինի կառավարության խելամիտ գործունեության: Դեկտեմբերի 30-ից մեկ ամիս առաջ խորհրդակցություններ եւ ժողովներ են անցկացվել հայ եւ հույն հոգեւորականների հետ, կողմերից յուրաքանչյուրին հնարավորություն տալով ներկայացնելու իրենց պահանջներն ու բողոքները: «Վիճելի որոշ հարցերում, իհարկե, համաձայնության չեկանք, սակայն Պաղեստինի կառավարությունը, ի տարբերություն Իսրայելի կառավարության, այդպիսի դեպքերում ինքն է տնօրինում խնդիրը եւ կառավարական որոշում ընդունում փաստերին ծանոթանալուց հետո միայն: Ըստ այդ որոշման, տաճարի այն հատվածներում, որտեղ խնդիրներ կան տարածքների սեփականության հետ կապված, բախումից խուսափելու համար մաքրությունը պետք է արվի հերթափոխով: Այդպես էլ եղավ, դեկտեմբերի 30-ին տաճարի մաքրությունը կատարվեց Պաղեստինի կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ, եւ, փառք Աստծո, ամեն ինչ անցավ առանց միջադեպերի: Այդ որոշումն արդեն ամրագրված է, փաստորեն մեր գոյավիճակի մեջ եղած բացերը դրանով ամրապնդվեցին, այսուհետեւ այդ աշխատանքը կկատարվի նույն ձեւով: Մեր իրավունքներին տեր կանգնելու առումով Պաղեստինի կառավարության որոշումը բավականին նպաստավոր է», նշեց նա:

Սուրբ Ծննդյան եկեղեցական արարողություններին Բեթղեհեմում կմասնակցեն Ժառանգավորաց վարժարանի բոլոր սաները: Հայր Թեոդորոսը հայտնեց, որ չնայած քաղաքական գերլարված իրադրությանը, Երուսաղեմ են մեկնել ավելի քան 100 հայ ուխտավորներ Հայաստանից, Նյու Յորքից, եւս 10 ուխտավոր Կոստանդնուպոլսից, նաեւ հոգեւորականներ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից, Մ. Նահանգներից, Պոլսից. «Արդեն սկսել ենք ուխտագնացություններն ու տոնակատարությունները, ուխտավորները հիմա լավ տրամադրություն ունեն: Սկզբում նրանց մեջ ներքին անհանգստություն կար Գազայի հատվածում շարունակվող պատերազմից, բայց հիմա, փառք Աստծո, հանգիստ են», ասաց հայր Թեոդորոսը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4