«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2009-01-14 | #3, 2009-01-15 | #4, 2009-01-16


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Հունվարի 17-20-ը Ծաղկաձորում առաջին անգամ կանցկացվի լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշար, որին կմասնակցեն 11 երկրների 28 մարզիկներ: Հունվարի 17-18-ը մրցումները կանցկացվեն հատուկ ոլորավայրէջքում, 19-20-ըՙ հսկա ոլորավայրէջքում:

Երեկ «Արարատ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, մրցումների գլխավոր մրցավար Լեւոն Հարությունյանը, գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական պատվիրակ Անի Քրոնին:

  Գագիկ Սարգսյանը նշեց, որ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ջանքերով այսօր Ծաղկաձորում ստեղծվել է լեռնադահուկային սպորտի հրաշալի մի կենտրոն, որը լավագույնն է տարածաշրջանում եւ համապատասխանում է միջազգային չափանիշներին: Դա էլ հնարավորություն է ընձեռում այսուհետեւ Ծաղկաձորում միջազգային մրցումներ անցկացնել:

Ըստ Լեւոն Հարությունյանի կազմակերպչական հսկայածավալ աշխատանք է կատարվել դահուկուղիները պատրաստելու, մրցումների նորմալ անցկացմանը նպաստող բոլոր պայմանները ստեղծելու համար: Այդ գործում կազմակերպիչներին մեծ աջակցություն է ցուցաբերել մրցումների գլխավոր հովանավորՙ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել» ՄՏՍ-ըՙ ֆեդերացիային հատկացնելով 60 մլն դրամ: Այդ գումարի մի մասը նախատեսված է դրամական պարգեւատրումների համար, որոնց կարժանանան յուրաքանչյուր մրցաձեւում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները:

Հայաստանում գտնվող Անի Քրոնին արդեն ծանոթացել է Ծաղկաձորի դահուկային սպորտի կենտրոնին, նույնիսկ հասցրել է փորձել սահուղիները եւ գոհ է կատարված աշխատանքից: Նա հույս հայտնեց, որ մրցումները կանցկացվեն բարձր մակարդակով:

Հայաստանը վարկանիշային մրցումներին կներկայանա 2 թիմով, 10 մարզիկով: Մեր մարզիկներից երկուսն արդեն օլիմպիական վարկանիշ են ձեռք բերել, մյուս երկուսը մոտ են դրանք նվաճելուն: Մեր մարզիկները կմասնակցեն բոլոր չորս մրցաձեւերում էլ: Մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքել: Չնայած դրան, մարզիչները հույս ունեն, որ հայ մարզիկները հաջող հանդես կգան ու մրցանակակիր կդառնան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4