ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵԽԽՎ համազեկուցողների հանդիպումներից առաջ իրար վրա «բոչկա գլորող» մեր քաղաքականների խոսքը, հատկապես այն հատվածները, որոնցում մեղավորներ են որոնվում Հայաստանին ձայնազուրկ դառնալու հեռանկարի համար, մանրամասն հետազոտության ենթարկելով գալիս ես մի եզրակացության, որ մինչեւ այժմ, կարծես, չի հնչել. իսկապես իշխանականների մի մասը լուրջ-լուրջ հավատում է, որ համազեկուցողներին հետքի վրա են գցում մերոնք եւ այն էլ ոչ թե ընդդիմադիր մերոնք, ալ իշխանական թեւերից մեկի մերոնք: Այլապես մարտի 1-ի քրեական գործի նյութերից անտեղյակ եւ բացառապես քաղաքական մարմնի ներկայացուցիչ համազեկուցողները ինքնուրույն չեն կարող գլխի ընկնել Հայաստանի քրեական օրենսգրքի 300 հոդվածի քաղաքական տարրի մասին: Ճիշտ, թե սխալ` այստեղից ներքաղաքական «ռազբորկաների» հոտ է փչում, այն էլ ոչ թե ընդդիության եւ իշխանության, այլ իշխանության եւ իշխանության միջեւ:
Դրա հեռավոր արձագանքը կարելի է նկատել համազեկուցողների եւ Հայաստանի պաշտոնյաների հանդիպումների մասին տարբեր ասեկոսեներ որսալով, քանի որ պաշտոնական լրատվությունն այդ հանդիպումների բուն բովանդակության մասին բացակայում է: Երեկ, օրինակ, այդպես էլ լրագրողներին հասանելի չէր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ումից ուզում էինք ճշտելՙ արդյոք ճի՞շտ են այն լուրերը, որ Հայաստանի ղեկավարությունը համազեկուցողներին խոստումներ է տվել մեղմել այդ հոդվածի քաղաքական տարրը` մարտի 1-ի գործով մեղադրվողների հանդեպ:
Իսկ համազեկուցողներն, ըստ որոշ տեղեկությունների, հատկապես մտահոգություններ են ունեցել հենց ազատազրկվածների վերաբերյալ:
ԱԺ կայքէջը լռում էր նաեւ ԱԺ նախագահի եւ համազեկուցողների հետ հանդիպման վերաբերյալ, եւ լրագրողներին միայն հասանելի մարտի 1-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից տեղեկացանք, որ համազեկուցողներին հանդիպելով վերջինս նրանց եւս մի անգամ տեղեկացրել է, թե հանձնաժողովն ունի բավարար փաստեր` եզրակացություն անելու մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում եւ ֆրանսիական դեսպանատան մոտ դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ, այդ եզրակացությունը նախնական տեսքով ամբողջությամբ չի համապատասխանում ե՛ւ ոստիկանության, ե՛ւ ընդդիմության ղեկավարների տեսակետներին: Ս. Նիկոյանը հաստատեց, որ համազեկուցողների հիմնական հետաքրքրությունը 300 հոդվածին է վերաբերել. Նիկոյանը նրանց հայտնել է, որ ժամանակավոր հանձնաժողովը դեռեւս ամռանը հայտարարել է, որ իր եզրակացության մեջ անպայման անդրադառնալու է 300 հոդվածին, որ այն քրեական հոդված է, բայց քանի որ կապված է իշխանությունների բռնազավթման խնդրի հետ, որոշակիորեն կարող է պարունակել քաղաքական երանգներ, եւ անհրաժեշտություն կա, որ ամբողջությամբ հստակեցվի ու սահմանազատվի այդ հոդվածը, որ տարբեր մեկնաբանությունների չարժանանա եւ չօգտագործվի թե՛ նախաքննական մարմնի, թե՛ մեղադրվողների կողմից:
Ս. Նիկոյանը համազեկուցողներին պատմել է, որ իր հանձնաժողովի աշխատանքի սկզբում ինքն արտահայտվել է այն ոճով, ինչ համազեկուցողները` քաղաքական. «Գտնում էի, որ անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորման համար պետք է քայլեր արվեն: Իրավական հարթության մեջ նախաքննական մարմինը երբ մերժում էր իմ խնդրանք-մոտեցումը, բերում էր իրավական հիմնավորումներ. փաստորեն ես գործում էի քաղաքական մոտեցումների դաշտում` մեր երկրի համար այդպես անհրաժեշտ համարելով, նրանք բերում էին իրավական հակափաստարկներ: Հիմա նույն բանը Եվրոխորհրդի մոնիտորինգի խմբի համազեկուցողներն են անում: Նրանք գործում են զուտ քաղաքական հարթության մեջ` նրանց մոտեցումները քաղաքական են` նաեւ իրավական հարթության վերաբերյալ. եթե նրանք ծանոթանան քրեական գործին ամբողջությամբ եւ գան այն եզրակացության, ինչ հիմա ասում են` ես կողջունեմ այդ քայլը», ահա այս է ասել Ս. Նիկոյանը նրանց:
Բայց ունե՞ն ծանոթանալու ցանկություն, հարցրինք: Նիկոյանի կարծիքով, նրանք բավարարվում են իրենց ներկայացվող տեղեկատվությամբ, դա քաղաքական մարմնին հատուկ աշխատանքի ոճ է: Մեր դիտարկմանը, թե նայած ո՞վ կներկայացնի` արդյոք դրանի՞ց է կախված նրանց մոտեցումը, Նիկոյանն ավելացում արեց` նաեւ ինչպես յուրաքանչյուր քաղաքական մարմին, շատ հեշտ ենթարկվում է ճնշման. «Կարծում եմ, նրանք քաջատեղյակ են, կարդում են մեր մամուլը, որտեղ նրանց անվանում են կաշառակերներ: Դա, իհարկե, շատ հստակ ճնշում է նրանց վրա, եւ որպեսզի իրենց կաշառակեր չանվանեն, իրենք ստիպված են գնալ որոշակի քայլերի, ինչն արեցին մոնիտորինգի նիստի ժամանակ. այդ կոշտ վերաբերմունքն ու մոտեցումները, որ ունեցավ մոնիտորինգի հանձնաժողովը, ես կարծում եմ, ճնշման արդյունքն էր, որ իրենց անվանում են իշխանության կողմից կաշառված. որպեսզի նրանք ապացուցեն, որ կաշառված չեն, գնում են այդպիսի քայլերի»: