«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2009-01-15 | #4, 2009-01-16 | #5, 2009-01-17


ՀՐԹԻՌԱԿՈԾՎՈՂ ԱՇԴՈԴ ԵՎ ԲԵԵՌ ՇԵՎԱ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳԱՂԹԱԾՆԵՐ

Իսրայելի Հայֆա քաղաքից մեր ընթերցող ու նամակագիր Նուբար Ասլանյանը տեղեկացնում է, որ Գազայի հատվածում շարունակվող պատերազմի հետեւանքով հրթիռակոծվող իսրայելական Բեեռ Շեւա քաղաքում ապրում է Հայաստանից ներգաղթած 15 ընտանիք, այդքան էլ բնակվում է Իսրայելի հարավում հրթիռակոծվող Կիրյատ Գատ, Աշդոդ, Աշկելոն քաղաքներում: Իսրայելի կառավարությունը «թեժ գիծ» է ստեղծել եւ մի քանի լեզուներով կապ է հաստատում բնակիչների հետ` ցուցաբերելով հոգեբանական եւ այլ օգնություններ: Հայերեն ծառայությունն իրականացնում է ինքը` Պետախ Տիկվա քաղաքի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի հետ: Բեեռ Շեւայում կազմակերպչական աշխատանքներ է տանում Լեւոն Սուքիասյանը: Նշյալ ընտանիքների մեծ մասը ցանկանում է ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան, սակայն անձնագրային խնդիրներ ունենալու պատճառով չի կարողանում: Հայկական անձնագիրը վավերական չէ, իսկ իսրայելականով գալու դեպքում մուտքի վիզայի համար պետք է վճարել:

Ասլանյանը նշում է, որ հայաստանցիները օգնություն ստանալու նպատակով առայժմ չեն դիմել Երուսաղեմի հայոց պատրիարքարանին եւ Հայաստանի պատվո հյուպատոսությանը: Ինքը կարող էր Հայաստանից աջակցություն ստանալու հարցերը կարգավորել, բայց հիշելով 2006 թվականին լիբանանյան պատերազմի ժամանակ Հայաստանում օթեւան ստանալու «թռիչքային» տառապանքները, նախընտրում է սպասել իրադրության կարգավորմանը, քան դիմել հայաստանյան իշխանություններին:

Երեկ գիշեր «Ազգ»ը Բեեռ Շեւայից ստացավ էլ-նամակ, որը հաստատում է հայերի ներկայությունն այնտեղ. նրանց մեջ կան ուսանողներ:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4