Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի, առկա տնտեսական ճգնաժամն ունի դրական եւ բացասական կողմեր:
Դրականն այն է, որ կտրուկ փոփոխությունների դեպքում տեղի են ունենում ուժերի վերաբաշխում, վերադասավորումներ, մի շարք երկրներ, որոնք հզոր դիրքեր ունեն ֆինանսական տնտեսական առումով, կարող են անկում ապրել: Իսկ այն պետությունները, որոնք հնարավորություն ունեն օգտվելու տնտեսական ճգնաժամի հնարավորություններից, վերելք կապրեն:
Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ՀՅԴ ներկայացուցիչն անդրադառնալով Հայաստանին` նկատեց, որ ստեղծված ճգնաժամն առաջին հերթին հարվածեց հանքարդյունաբերությանը: Այդ առումով բանախոսը կարծում է, որ տնտեսական քաղաքականության մեջ պետք է կատարել որոշակի շտկումներ: Նռանյանը կարեւորում է տնտեսության դիվերսիֆիկացիայի խնդիրը. «ՀՀ-ն չպետք է կանգնած լինի մեկ կամ երկու սյունի վրա: Պետք է զարգացնենք մի քանի ճյուղեր, որոնք ի վիճակի կլինեն ներքին ճգնաժամի դեպքում մեկը մյուսով փոխարինել եւ ապահովել տնտեսական աճ»:
ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ ճգնաժամի հետեւանքով ամբողջ աշխարհում համախառն պահանջարկի անկում է առաջացել. «Բոլոր արտադրողները շատ են արտադրում եւ չեն կարողանում իրացում իրականացնել. կրճատում են իրենց արտադրությունները, որն էլ հանգեցնում է լրացուցիչ գործազրկության»:
Ակումբի հյուրի կարծիքով, ամբողջ աշխարհում անկում են ապրել ոչ պարենային ապրանքները, սակայն պարենային առումով ճգնաժամ չկա. «Այնքան վատ չէ ֆինանսական տնտեսական վիճակը, որ հանգեցնի սովի, սակայն բավական մտահոգիչ է, որ խոչընդոտում է թանկարժեք ապրանքներ կամ ոչ պարենային ապրանքներ գնելուն: Քաղաքացիներն ի վերջո գնողունակ են եւ կկարողանան գնել պարենային ապրանքներ»:
Ն. Մ.