Մեկնարկում է «Համագործակցության գավաթի» 17-րդ խաղարկությունը
Այսօր Մոսկվայում կտրվի ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 17-րդ խաղարկության մեկնարկը: Երրորդ տարին անընդմեջ Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնում է ոչ թե հանրապետության չեմպիոն «Փյունիկը», այլ արծաթե մրցանակակիրը: Երեւանի «Արարատն» ընդգրկված է «A» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՌԴ չեմպիոն Կազանի «Ռուբինը», Ղազախստանի ուժեղագույն ակումբ «Ակտոբեն» եւ Ուզբեկստանի փոխչեմպիոն Տաշքենդի «Պախտակորը»:
Արարատցիները նոր գլխավոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանի գլխավորությամբ մրցաշարին սկսել են նախապատրաստվել դեկտեմբերի 19-ից: Ցավոք, արարատցիները Մոսկվա են մեկնել թերի կազմով: Բացակայում են թիմի բրազիլացի ֆուտբոլիստները, ինչպես նաեւ Վահագն եւ Արթուր Մինասյանները: Վերջինս դեռեւս ամռանը Շվեյցարիայում ստացած ծանր վնասվածքից եւ կատարված վիրահատությունից հետո դեռեւս լրիվ չի ապաքինվել եւ առայժմ մարզվում է անհատական ծրագրով: Ինչպես տեղեկացանք «Արարատ» ակումբից, բրազիլացիներ Մարկոսը, Ռենատոն ու Ջեֆերսոնը ներկայումս հանդես են գալիս Փարիզի «Արարատ» սիրողական թիմում: Առայժմ անորոշ է նրանց հետագա ճակատագիրը: Վահագն Մինասյանն էլ թիմի հետ չի մարզվել: Թեեւ նա «Արարատի» հետ դեռեւս մեկ տարվա պայմանագիր ունի կնքած, սակայն ցանկանում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ստանալ եւ այլ թիմ տեղափոխվել: Բնականաբար, «Արարատի» ղեկավարությունը դեմ է դրան: Խոսակցություններ կան, որ Մարկոսով ու Վահագն Մինասյանով հետաքրքրվում է «Փյունիկը»: Ըստ որոշ տեղեկությունների էլ, «Արարատի» հովանավորները հիասթափված են առաջնության «ոսկե» խաղում տեղ գտած կողմնակալ մրցավարությունից եւ այլեւս մտադիր չեն մեծ գումարներ ծախսել թիմի վրա, ուստի հրաժարվելու են լեգեոնականների ծառայություններից: Ժամանակը ցույց կտա, թե որքանով են հիմնավոր այդ տեղեկությունները: Ամեն դեպքում փաստն այն է, որ «Արարատը» Մոսկվայում հանդես է գալու իր ոչ մարտական կազմով, ինչը չի կարող չանդրադառնալ թիմի ելույթների վրա:
«Արարատը» 2-րդ անգամ է մասնակցում «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: Թիմի առաջին ելույթը 1994-ի մրցաշարում չափազանց անհաջող էր: Այն ժամանակ ՀՀ չեմպիոն եւ գավաթակիր արարատցիներն Արմեն Սարգսյանի գլխավորությամբ պարտվեցին անցկացրած երեք խաղերում էլ: Մեկնարկային խաղում մեր թիմը 2-3 հաշվով զիջեց Լատվիայի չեմպիոն «Սկոնտոյին»: Արարատցիներից գոլերի հեղինակներ դարձան Ալբերտ Սարգսյանը (11 մ) եւ Լեւոն Ստեփանյանը: Հաջորդ խաղում հայ ֆուտբոլիստները 1-4 հաշվով զիջեցին Թուրքմենստանի «Կոպետդաղին» (գոլը` Տիգրան Գսպեյան), իսկ մյուս հանդիպումում 5 անպատասխան գնդակ ընդունեցին Մոսկվայի դինամոյականներից:
Այսօր «Դինամոյի» մանեժում «Արարատը» մեկնարկային տուրում կհանդիպի Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեի» հետ: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով ժ. 20-ին: «Ակտոբեն» 2006-ից մոսկովյան մրցաշարի անփոփոխ մասնակից է: Թիմին առայժմ չի հաջողվել հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը: Նշենք, որ «Ակտոբեի» հետ մեր հանրապետության թիմերը դեռ չեն հանդիպել: Իսկ Ղազախստանի թիմերի հետ մոսկովյան մրցաշարերում կայացել է 3 հանդիպում: Առաջին խաղը կայացել է 1996-ին: Այդ տարի «Փյունիկը» 0-3 հաշվով զիջեց Ղազախստանի չեմպիոն «Ելիմային»: Երեք տարի անց Արարատի «Ցեմենտը» վրեժխնդիր եղավ «Փյունիկի» համար` «Ելիմային» հաղթելով 2-1 հաշվով: 2001-ին էլ Արարատի «Արաքսը» (նախկին «Ցեմենտը») նույնպիսի հաշվով պարտության մատնեց Ղազախստանի մեկ այլ թիմի` «Ժենիսին»:
Հունվարի 18-ին «Արարատի» մրցակիցը կլինի մրցաշարի հնաբնակներից մեկը` Տաշքենդի «Պախտակորը», որը Մոսկվայում փոխարինում է երկրի չեմպիոն «Բունեդկորին»: «Պախտակորը» 8-րդ անգամ է մեկնարկում «Համագործակցության գավաթի» խաղարկություններում: Թիմն ամենամեծ հաջողությանը հասել է 2007-ին` նվաճելով պատվավոր մրցանակը: Եզրափակիչում Ուզբեկստանի չեմպիոնը 11 մ հարվածաշարով (հիմնական եւ լրացուցիչ ժամանակում` 0-0) հաղթեց Լատվիայի «Վենտսպիլսին»: Ի դեպ, այդ տարի «Պախտակորը» խմբային մրցաշարում 3-0 հաշվով հաղթել է «Բանանցին»: Անցյալ տարի էլ «Պախտակորը» հաջող հանդես եկավ եւ կրկին մտավ եզրափակիչ, որտեղ, սակայն 3-4 հաշվով զիջեց ադրբեջանական «Խազարին»: Հետաքրքրական է, որ «Պախտակորն» ու «Բանանցը» կրկին նույն խմբում էին ընդգրկված եւ դարձյալ նրանց մրցավեճն ավարտվեց ուզբեկ ֆուտբոլիստների հաղթանակով (3-0): Մինչ այդ հայաստանյան թիմերը 2 անգամ հաջողության էին հասել Ուզբեկստանի ներկայացուցիչների նկատմամբ: 1995-ին «Շիրակը» 4-2 հաշվով հաղթել է «Նուրաֆշոնին», իսկ 2002-ին «Փյունիկն» առավելության է հասել «Նեւթչիի» նկատմամբ (3-0):
Խմբային մրցաշարի վերջին խաղում` հունվարի 20-ին արարատցիները կմրցեն ՌԴ չեմպիոն «Ռուբինի» հետ, որն առաջին անգամ է մասնակցելու մրցաշարին: Հայաստանի թիմերը մինչ օրս շատ անհաջող են խաղացել ռուսաստանյան ակումբների հետ` պարտվելով բոլոր 8 հանդիպումներում գնդակների 6-27 ընդհանուր տարբերությամբ:
Նախորդ 16 խաղարկություններում Հայաստանը մոսկովյան մրցաշարում ներկայացրել են 6 թիմեր` «Փյունիկը», «Արարատը», «Շիրակը», «Ցեմենտը», «Երեւանը» եւ «Բանանցը»: Առայժմ բոլորից հաջող հանդես է եկել «Փյունիկը»` 2005-ին հասնելով մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ հրաժարվեց Բաքվի «Նեւթչիի» հետ հանդիպումից, որի համար էլ որակազրկվեց:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ