«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2009-01-16 | #5, 2009-01-17 | #6, 2009-01-20


ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՂԱԴՐԵԼ ՀԴՄ-ՆԵՐ

Երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ Երեւանում գործող տոնավաճառների 400-500 աշխատողներ բողոքի ակցիա էին անում` հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու որոշման դեմ:

«Մալաթիա», «Ռոսիա» եւ մի քանի այլ տոնավաճառների աշխատողներ դժգոհում էին, որ չափից ավելի մեծ հարկերին ավելացած ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջն անիմաստ է դարձնում առեւտրով զբաղվելը:

«Մենք փաստորեն օրական 4-5 կոշիկ պետք է ծախենք, որ մեկ տեղի փողը մուծենք, չհաշված հարկայինը: Եթե իրենք տոնավաճառների համար օրենքներ են գրում` ինչո՞ւ չեն հաշվի առնում վաճառողների հնարավորությունները: Մենք պահանջում ենք` մեկընդմիշտ վերացնել հսկիչ-դրամարկղային մեքենաները` հարկային բոլոր թղթաբանություններով. ոչ հարկայինի երես տեսնենք, ոչ էլ իրենք մեզ տեսնեն. մենք իրենց ասած թվերը երբեք չենք կարող ցույց տալ: Մենք ուզում ենք, որ ինչպես հոսանքի, ջրի վարձերն են մուծում բանկերում, այդպես էլ մի թիվ հաստատագրված գումարի տեսքով ներկայացնեն` գնանք, մուծենք: Եթե չմուծենք, թող այդ դեպքում տոկոս դնեն մեզ վրա: Մեզ խաբեցին, ասելովՙ 5000 դրամ թոշակառության հարկ մուծեք, 6500 էլ ելքային տվյալների համար ու թղթաբանության հետ գործ չենք ունենալու: 3 ամիս հետո եկանՙ ասացին, Ձեզ պետք է տուգանենք, որովհետեւ թղթաբանությունից խուսափում եք: Եթե յուրաքանչյուր աշխատող ամիսը 5000 դրամ գումար տա մեկ հաշվապահի, ապա 2000-3000 հոգու դեպքում գումարը 15 միլիոն դրամ կկազմի: Իսկ աշխարհում նման բան չկա, որ հաշվապահին այդքան գումար տրվի», դժգոհում էր ցուցարարներից Գագիկը :

Ցուցարարներից շատերն էլ հստակ չգիտեն, թե իրենք ի՞նչ են ուզում կառավարությունից ընդհանրապես. եթե մեկը դեմ էր ՀԴՄ-ին, մեկ ուրիշն էլ բողոքում էր, որ հաշվիչներից օգտվելու ձեւը չգիտի, շատերն էլ ցանկանում էին վաճառքի համար նախատեսված տեղի վարձն իջեցնել:

Ինչեւէ, «Մալաթիա» տոնավաճառի բաժնետերերից Սամվել Ավետիսյանն էլ եկել ու համոզում էր իր տոնավաճառի աշխատողներին, որ չշարունակեն ակցիան:

«Գնանք, մենք մեզնով լուծենք մեր հարցը», փորձում էր համոզել Ավետիսյանը: Տոնավաճառի 1200 աշխատողներից 300-ն էլ նորից տարբեր պահանջներ էին ներկայացնում Ս. Ավետիսյանին:

Ցույցի մասնակիցների մոտ վերջապես իջավ ՀՀ կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը , որը խորհուրդ տվեց բողոքի դիմում ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

Ակցիայի ժամանակ քաշքշոց սկսվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Վերջիններս ցույցի մասնակիցներին թույլ չէին տալիս ՀՀ կառավարության ընդունարանի մոտից տեղաշարժվել շենքի դիմաց:

Րոպեներ անց ոստիկաններին օգնության հասան «կարմիր բերետավորները», որոնք շարք կազմեցին ցուցարարների առջեւ:

3-4 ժամ կանգնելով կառավարության շենքի դիմաց` ցուցարարները քիչ-քիչ հեռացան:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4