Մոսկվայում մեկնարկել է ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 17-րդ խաղարկությունը: «Արարատը», որ Մոսկվա էր մեկնել իր ոչ ուժեղագույն կազմով, խմբային մրցաշարի առաջին երկու հանդիպումներում պարտություններ կրելով, դուրս մնաց հետագա պայքարից:
A խմբում իր առաջին խաղում «Արարատը» 1-3 հաշվով զիջեց Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեին»: Արդեն առաջին խաղակեսում ղազախները վճռեցին հանդիպման ելքըՙ 3 անգամ գրավելով «Արարատի» դարպասը: Հաշիվը 12-րդ րոպեին բացեց Խայրուլինը, ապա 20 րոպե անց կրկնապատկեց: Հանգստի գնալուց մեկ րոպե առաջ Օստապենկոն 3-րդ գնդակը խփեց: Միայն ընդմիջումից հետո արարատցիներին հաջողվեց միակ պատասխան գոլը խփել: 76-րդ րոպեին աչքի ընկավ Նշան Էրզրումյանը:
Հաջորդ հանդիպումը ՀՀ փոխչեմպիոնն անցկացրեց Ուզբեկստանի առաջնության արծաթե մրցանակակիր Տաշքենդի «Պախտակորի» հետ: Հաշիվը 17-րդ րոպեին բացեցին ուզբեկ ֆուտբոլիստները, որոնցից աչքի ընկավ Հեյնրիխը: 33-րդ րոպեին Գեւորգ Նռանյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Սակայն հավասարակշռությունը պահպանվեց ընդամենը 3 րոպե: Իխերուոմեն կրկին առաջ մղեց «Պախտակորին»: Մինչեւ ընդմիջում Ահմեդովը 3-րդ գոլը խփեց, իսկ 58-րդ րոպեին Հաջիեւը հաշիվը դարձրեց 4-1:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ