Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության հերթական տուրերի հանդիպումներից հետո Տիգրան Քոթանջյանը պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: 6-րդ տուրում նա մրցաշարում իր 4-րդ հաղթանակը տոնեց` առավելության հասնելով Տիգրան Նալբանդյանի նկատմամբ: 7-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Արա Մինասյանի հետ, Քոթանջյանը վաստակեց 5,5 միավոր: Առաջատարին կես միավոր են զիջում Աշոտ Անաստասյանն ու Արթուր Չիբուխչյանը: Վերջինս եւս վերջին երկու տուրերում վաստակեց 1,5 միավոր: Արթուրը նախ սեւերով հաղթեց Արման Փաշիկյանին, ապա սպիտակներով հաշտություն կնքեց Տիգրան Պետրոսյանի հետ: Վերջինս մեկնարկում կրած անընդմեջ պարտություններից հետո աստիճանաբար ուշքի է գալիս եւ զգալիորեն շտկել է մրցաշարային իրավիճակը: 6-րդ տուրում նա մրցաշարում իր 2-րդ հաղթանակը տոնեց` պարտության մատնելով Լեւոն Բաբուջյանին: Պետրոսյանը 7 տուրից հետո վաստակել է 3 միավոր:
Ի տարբերություն Պետրոսյանի, հաջող մեկնարկից հետո անհաջողություններն են հետապնդում Արման Փաշիկյանին: 7-րդ տուրում նա նոր պարտություն կրեց` այս անգամ զիջելով մրցաշարի միակ կին մասնակցին` Էլինա Դանիելյանին, որը նախորդ տուրում պարտվել էր Հրանտ Մելքումյանին: Փաշիկյանն ու Դանիելյանը եւս 3-ական միավոր ունեն:
4,5 միավորով 4-րդ տեղում է երիտասարդ Ավետիք Գրիգորյանը: Առանց պարտության ընթացող Անաստասյանը 6-րդ տուրում սպիտակներով հաղթեց Արա Մինասյանին, ապա ոչ-ոքի խաղաց Սամվել Տեր-Սահակյանի հետ: Գրիգորյանը Տեր-Սահակյանի եւ Անդրեասյանի հետ պարտիաներն ավարտեց ոչ-ոքի: Անդրեասյանը 4 միավորով 5-րդ տեղում է: 6-րդ տուրում նա իր անդրանիկ հաղթանակը տոնեց` պարտության մատնելով օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանին: Վերջինս հաջորդ տուրում ոչ-ոքի խաղաց Լեւոն Բաբուջյանի հետ եւ 3,5 միավորով ընթանում է 6-րդ տեղում: 3 միավոր վաստակեց Հրանտ Մելքումյանը` հաղթելով Տիգրան Նալբանդյանին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ