Կառավարությունում երեկ շարունակվել են արդյունաբերական քաղաքականության հստակեցման եւ ըստ ոլորտների քննարկումները: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սննդի արդյունաբերության վերամշակման ոլորտի խնդիրների եւ զարգացման հնարավորությունների քննարկմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ուսումնասիրությունների համաձայն, ոլորտում կա բավականին լուրջ ներուժ, որը մասնավոր հատվածի հետ պետության համատեղ ջանքերով պետք է լիարժեք օգտագործվի: «Մենք կարող ենք բազմաթիվ ապրանքների ներմուծման փոխարեն կազմակերպել մեր սեփական արտադրությունը կամ ընդլայնել գոյություն ունեցող ձեռնարկությունների հզորությունները», ասել է վարչապետը, կարեւորելով համատեղ քննարկումների արդյունքում ոլորտի առաջնային ուղղությունների եւ պետության հնարավոր աջակցության հստակեցումը` նպատակ ունենալով սննդի արդյունաբերության մեջ լուրջ առաջընթաց արձանագրել:
Գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը` ներկայացնելով ոլորտում տիրող իրավիճակը, այն տեսակետն է հայտնել, որ սննդի արդյունաբերության ոլորտում ներկրողների հնարավորությունները, պայմանավորված բազմաթիվ գործոններով, ավելին են, քան տեղական արտադրողներինը, ինչը չի խթանում արտադրության ընդլայնումը: Այս տեսակետին համաձայնել են քննարկմանը մասնակցող ոլորտը ներկայացնող ընկերությունների ղեկավարները:
Վարչապետը երկօրյա ժամկետ է տվել էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարություններին եւ պետական եկամուտների կոմիտեին` ամփոփելու առաջարկները եւ ներկայացնելու միջոցառումների ծրագիր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել նաեւ քիմիական արդյունաբերության խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն:
Քիմիական արդյունաբերության ներկայիս հիմնախնդիրների եւ զարգացման հեռանկարի վերաբերյալ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին ու հրավիրված ընկերությունների ներկայացուցիչներին լսելուց հետո Տիգրան Սարգսյանն առաջարկել է գործարար համայնքի ներկայացուցիչներին` կառավարությունում ձեւավորված օպերատիվ շտաբ ներկայացնել զարգացման իրենց ծրագրերը, նշելով, թե նկարագրված թիրախներին հասնելու համար հատկապես ինչպիսի՞ աջակցություն են ակնկալում պետությունից` օրենսդրական, սերտիֆիկացման խնդիրների լուծման, վարկավորման, թե՞ այլ:
Ա. Մ.