Անթառամը երազում է որդուն տուն վերադարձնել
Խարխուլ դռան հետեւում, հաշվի չառնելով աղքատությունը, ցուրտն ու թշվառությունը, Սարգիսը շարունակում է խաղալ: Մայրը սենյակի պատերին խաղալիքներ է ամրացրել: Սարգիսը դրանցով չի խաղում: Սպասում է եղբոր վերադարձին:
Անթառամ Առաքելյանը որդու հետ տարիներ շարունակ ապրում է ՋԷԿ-ի հանրակացարանում: Նրանց մեկ փոքրիկ սենյակ է հատկացվել, որը հեռու է բարվոք կոչվելուց: Պատերը քանդված են, իսկ պատուհանների մի մասին ցելոֆաններ են անցկացված: Սենյակում տեղավորվել են հնամաշ մահճակալը, սեղանն ու վառարանը: 6-ամյա Սարգիսը դրսում խաղալիս անուշադրության չի մատնում գետնին ընկած փայտի կտորները: Խնամքով հավաքում է:
Անթառամ Առաքելյանը 41 տարեկան է, հավաքարար էր: 5 ամիս է, ինչ չի աշխատում: Ապրում են պարտք անելով հարեւաններից եւ խանութներից: Երբ աշխատում էր, հաճախ էր կարողանում տեսնել կրտսեր որդուն, այժմ գումար չունի նրան այցելելու համար: «Արամս 4 տարեկան է: Երբ 9 ամսական էր, ես ծանր վիրահատություն տարա: Չէի կարողանում խնամել: Արամին հանձնեցի «ՍՕՍ- մանկական գյուղ», պայմանով, որ հետո երեխային տուն կվերադարձնեմ: Ես երեխայիցս երբեք չեմ հրաժարվել», պատմում է Անթառամը: Արամի մասին խոսելիս նրա աչքերն արցունքով են լցվում:
Այժմ ծանր երկընտրանքի առջեւ է կանգնած. վերադարձնել երեխային հանրակացարանային պայմաններ, թե՞ թողնել ընտանիքից հեռու: «Էսպես երեխաս սառում է մեզնից, վախենում եմ, որ հետո կմեղադրի ինձ: Եթե Սարգիսին կարողանում եմ մի կերպ պահել, նրա համար էլ մի կտոր հաց կգտնեմ: 8 ամիս երեխայիս չեմ տեսել: Գումար է պետք Աբովյան հասնելու համար, դատարկ ձեռքով չեմ կարող գնալ», ասում է Անթառամը: Երեխային վերադարձնելու համար անհրաժեշտ է մի շարք փաստաթղթեր ձեռք բերել, այցելել տարբեր հաստատություններ: «Գումար չունեմ այդ գործերը գլուխ բերելու համար: Բայց ուզում եմ, որ երեխաս կողքիս լինի: Հենց մի քիչ փող գտնեմ, անպայման անհրաժեշտ թղթերը ձեռք կբերեմ», նշում է Անթառամը:
Ձմռան օրերին Անթառամը փորձում է փայտ հայթայթել, սենյակը մի փոքր տաք պահելու համար: Սարգիսն առաջին դասարանում է սովորում, ուսուցիչները համաձայնել են գիրքն ու տետրերն անվճար տրամադրել: Սովորել չի սիրում: Խաղերն ավելի հետաքրքրական են: «Ավտոներով եմ սիրում խաղալ», ասում է Սարգիսը:
Խարխուլ դռան հետեւում կյանքը շարունակվում է առանց բնակիչների միջամտության: Այստեղ միայն հույսով են ապրում: Հույսով, որ մի օր Արամը տուն կվերադառնա, Սարգիսը գեղեցիկ խաղալիք կունենա, իսկ Անթառամը աշխատանք կգտնի:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ