Գողություն պատրիարքարանում, կողոպուտ` Ռամլեի Սբ Գեւորգ վանքում
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Ինչպես նշել էինք նախապես, Երուսաղեմի պատրիարք Թորգոմ սրբազանն իրեն փոխանորդ է նշանակել Հայոց պատրիարքարանի լուսարարապետ Նուրհան արք Մանուկյանին : Առաջացած տարիքի պատճառով Թորգոմ պատրիարքը վերջին տարիներին լուրջ դժվարություններ ուներ կառավարելու եւ վերահսկելու վանքի վարչական գործերը, եւ փոխանորդ նշանակելու անհրաժեշտությունը լիովին հասունացել էր: Պատրիարքարանի պատերից դուրս եւ ներս տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին պատրիարքի փոխանորդ Նուրհան սրբազանը վերջերս խոսել է երուսաղեմաբնակ Հակոբ Անդրեասյանին տված հարցազրույցի ժամանակ:
Նրանց զրույցում տեղ են գտել մեզ հայտնի եւ անհայտ իրողություններ. ամենից առաջ անդրադարձ է արվել անցած տարի նոյեմբերի 9-ին Սուրբ Հարության տաճարում Գյուտ խաչի տոնին տեղի ունեցած բախմանը, որը, ինչպես նշում է սրբազանը, ծագել է այն պատճառով, որ հույները փորձել են պարտադրել գոյություն չունեցող մի բան: Նրանք միաբան են մտցրել Քրիստոսի գերեզմանի նախամուտին` Հրեշտակի քարի մոտ. «Իրենց թշնամական կեցվածքը հույները որդեգրեցին 5 տարի առաջ, Իրենեոս պատրիարքի օրոք:
Նա նախ հարուցեց Լույսի հարցը եւ ավելի ապահով դաշնակից ունենալու միտումով դիմեց Իսրայելի կառավարությանը, խոստանալով կալվածական որոշ զիջումներ: Իրենեոսի պատրիարքությունը կարճատեւ եղավ ներքին խռովության պատճառով: Նրան փոխարինեց Թեւոփիլոս 3-րդը, որը շարունակելով իր նախորդի հակահայ քաղաքականությունը սրբատեղիների հարցում, Լույսի խնդիրը չավարտած սկսեց Գյուտ խաչի հարցը մեջտեղ բերել եւ արդեն երկրորդ տարին լուրջ խնդիր է դարձրել կրոնական մեր տոնախմբությունը», ասում է սրբազանը, տեղեկացնելով, որ հույների հետ տեղի ունեցած բախումից կարճ ժամանակ անց Թորգոմ պատրիարքը խորհրդակցել է Սբ Հակոբեանց միաբանների հետ եւ որոշում կայացրել բողոքի նամակներ հղելու Երուսաղեմի ոստիկանապետին եւ հունաց պատրիարքին: Առաջինին` ի նպաստ հույների կողմնակալ պահվածք ընդունելու համար, իսկ երկրորդին` քրիստոնեական իրենց կեցվածքը փոխելու եւ եղբայրական մթնոլորտում հանդիպելու համաձայնություն ստանալու: Հաջորդ օրն իսկ հույները հետ են ուղարկել իրենց ուղղված նամակը, նշելով, որ իրենց պատրիարքին պետք էր դիմել իբրեւ Երուսաղեմի պատրիարքի եւ ոչ թե հույն ուղղափառ պատրիարքի: Մեր միաբաններն անմիջապես ուղարկել են մեկ այլ նամակ, կցելով 2 պատրիարքարաններից միմյանց հասցեագրված հին նամակների պատճեններ, որոնցում հույն պատրիարքը ստորագրել է որպես Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարք: Հույների ամբարտավան կեցվածքը այդ նամակից էլ չի փոխվել, ավելին` նրանք հետ են ուղարկել այն: Ստեղծված վիճակի մասին հայոց պատրիարքարանը տեղեկացրել է Իսրայելի կրոնի նախարարության քրիստոնեական բաժանմունքի տնօրենին, նկատի առնելով, որ հույների համառությունը եւ արհամարհական կեցվածքը փոփոխության չի ենթարկվում:
Հաջորդ հարցին, որի մասին ամփոփ տեղեկություն է տալիս Նուրհան սրբազանը, վերաբերում է Ռամլեի հայոց սբ Գեւորգ վանքի սրբապատկերներն ու եկեղեցական իրերը գողանալու եւ եկեղեցին պղծելու դեպքին: Վանքը դարերի պատմություն ունի, սակայն հայ գաղութի նոսրացման պատճառով ներկայումս կորցրել է իր երբեմնի գրավչությունը ուխտավորների համար: Տարվա ընթացքում այնտեղ ուխտագնացություն է լինում միայն սբ Գեւորգի տոնին: Հենց դա էլ ստիպել է վանքի հսկողությունը հանձնել արաբ քրիստոնյա մի ընտանիքի, որը տարիների հետ փորձել է ոչ միայն յուրացնել իրեն հատկացված բնակարանը, այլեւ ամբողջ տարածքը:
«Կարծեք դարձել էին տանուտերեր եւ որեւէ պարտականություն չէին կատարում: Ստիպված եղանք դատարանի միջոցով նրանց դուրս հանել, իսկ դրանից հետո չկարողացանք մեկ ուրիշ ընտանիք գտնել պահակության համար: Վանքը գտնվում է վատ շրջանակի մեջ, շրջապատված է ոչ բաղձալի տարրերով, այդ պատճառով էլ դժվար էր նոր պահակներ գտնելը: Հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ գողության դեպքը», պատմում է սրբազանը: Վանքն անմարդաբնակ գտնելով, արաբ փախստական երիտասարդներն իրենց իրավունք են տվել այն գրավելու. պատուհանները, դռները եւ նույնիսկ երկաթե ճաղերը հանելուց հետո համարձակվել են նույնիսկ պղծել սրբատեղին: Անհայտացել են սրբանկարները, էլեկտրական ջահերը, կանթեղները եւ եկեղեցական այլ իրերը: Պատրիարքարանի հատկացրած միջոցներով վանքի նորոգության գործով հիմա զբաղված է հայր Ավետիս Իփրաճյանը: Արդեն նորոգվել է արտաքին պատը, աշխատանք է տարվում ցանկապատը բարձրացնելու, որպեսզի գողերը չկարողանան ներս մտնել: Այժմեական պահանջներ են նաեւ պահակի տան շինությունը` տանիքի ամբողջական նորոգությունը, ամուր դռներ ու պատուհաններ տեղադրելը:
Պատրիարքարանի նյութական վիճակը, ինչպես հասկացվում է հարցազրույցից, բարվոք չէ, որովհետեւ հաշվապահական գրասենյակի դրամարկղից վերջերս անհայտացել է խոշոր գումար` 175 հազար դոլար եւ ոսկեղեն, որ ի պահ էր տվել վանքաբնակ մի ծերունի: «Անշուշտ, դա դժբախտ երեւույթ էր: Առաջին անգամ էր, որ պատրիարքարանում այդպիսի բան էր պատահում: Դա մեծ գումար էր եւ ծանր ազդեց վանքի տնտեսության վրա: Գործը ոստիկանական հետաքննության չհանձնելու պատճառն այն էր, որ երկրի կառավարությունը երկար ժամանակ փորձում է թափանցել վանքից ներս, վանքաբնակ ժողովրդից տուրք գանձելու միտումով: Պատրիարքարանը տեղի չէր տվել դրան, իսկ այս պարագայում, գողությունն իբրեւ պատրվակ գործածելով, իշխանավորները պիտի հասնեին իրենց նպատակին», ասում է Նուրհան սրբազանը:
Հարցազրույցի վերջում Հակոբ Անդրեասյանը նշում է, որ պատրիարքի փոխանորդի հետ իր զրույցը շարունակություն է ունենալու, եւ նյութը պատրաստ լինելու դեպքում անպայման կհրապարակի: