«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2009-01-21 | #8, 2009-01-22 | #9, 2009-01-23


ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՃՇՏԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐ Է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օրերս ելույթ ունենալով Արցախի պետհամալսարանի խորհրդի ընդլայնված նիստում, նշել է, որ ոլորտի զարգացման ուղղությամբ պետությունը հետեւողական քայլեր է անում կրթական օջախների կառուցման, վերանորոգման ու վերազինման, դասախոսական կազմի սոցիալական վիճակի եւ աշխատանքային պայմանների բարելավման առումներով: Մասնավորապես, այս տարվա պետբյուջեում կրթության եւ գիտության բնագավառին հատկացված գումարները 1,8 միլիարդ դրամով գերազանցում են նախորդ տարում հատկացված գումարները: Ոլորտին հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 9,3 միլիարդ դրամ: Ընդ որում, բուհական համակարգին հատկացվող միջոցների ծավալները 2009 թվականին անցյալ տարվա համեմատ աճել են 183,4 մլն դրամով եւ կազմում են 450 միլիոն դրամ:

Գնահատելով ԱրՊՀ դերը որպես Արցախի գիտակրթական համակարգի հանգուցային օղակներից, նախագահը միաժամանակ ընդգծել է, որ հանրապետության մայր բուհի առջեւ ծառացած են բազմաբնույթ խնդիրներ, որոնց արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է ճիշտ հասկանալ եւ օբյեկտիվ գնահատել իրավիճակը: «Անթույլատրելի եմ համարում ցանկալին ներկայացնել որպես իրականություն: Նման մոտեցումը միայն խոչընդոտում է իրավիճակի բարելավմանը` էլ ավելի բարդացնելով այն», ասել է Բակո Սահակյանը:

Նախագահի խոսքով, համալսարանը պետք է լինի հանրապետության ոչ միայն կրթական, այլեւ հիմնական գիտական կենտրոններից մեկը, մինչդեռ ակնհայտորեն երեւում է կրթական եւ գիտական բաղադրիչների անհամաչափությունը: Այս առթիվ նախագահը վկայակոչել է այն փաստը, որ 2007-2008 ուսումնական տարում համալսարանի ֆակուլտետներից միայն բանասիրական եւ հումանիտար ֆակուլտետներում են հրատարակվել մենագրություններ: Այս երկու ֆակուլտետներին բաժին է ընկնում նաեւ հրատարակված գիտական հոդվածների մոտ 55 տոկոսը: Իսկ, օրինակ, ագրարային ֆակուլտետին բաժին է ընկնում միայն 4 հոդված, եւ այդ ցուցանիշով նա զբաղեցնում է վերջին տեղը: Եվ դա այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը ավանդապես եղել եւ մնում է Արցախի տնտեսության ողնաշարը: «Նշված ցուցանիշները լուրջ հետեւությունների տեղիք են տալիս: Ակնհայտ է, որ համալսարանի գիտական ոլորտում գերակշռում են հումանիտար ուղղությունները: Այս ուղղություններն, անկասկած, չափազանց կարեւոր են, եւ անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել գիտական միտքը այս բնագավառներում:

Միեւնույն ժամանակ, հանրապետության բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ գիտության այլ ուղղությունների զարգացմանը: Ողջունելի է, որ տեխնիկական գիտությունների բնագավառում Արցախի պետական համալսարանի դասախոսները գիտական հոդվածներ են հրատարակել արտերկրում: Սակայն մտահոգիչ է, որ վերջին երկու տարում տեխնիկական գիտությունների գծով որեւէ ատենախոսություն չի պաշտպանվել: Պետք է անհրաժեշտ աշխատանք տանել տեխնիկական գիտությունների եւ մի շարք այլ ոլորտների զարգացման ուղղությամբ», հավելել է Բ. Սահակյանը:

Նա անհրաժեշտ է համարել կառավարության, պետական տարբեր մարմինների ու գերատեսչությունների սերտ համագործակցությունը, որը հնարավորություն կտա գիտականորեն եւ ճշգրիտ կերպով որոշելու տարբեր մասնագիտությունների իրական պահանջարկը եւ նախանշել տարբեր ճյուղերի համար որակյալ մասնագետների պատրաստումը:

Շեշտելով գիտական մակարդակի բարձրացման խնդիրըը, հանրապետության նախագահը կարեւոր է համարել դասախոսական կազմի պարբերական վերապատրաստումները, միջազգային կապերի հաստատումը, գիտական ընկերությունների կայացումը, ակտիվ մասնակցությունը արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին, Հայաստանի, սփյուռքի եւ արտասահմանյան բուհերի ու տարբեր գիտակրթական կառույցների հետ կապերի հաստատումն ու ընդլայնումը: Կրթության զարգացմանն ուղղված միջոցառումների շարքում նա նաեւ կարեւորել է Բոլոնիայի գործընթացին միանալու ԱրՊՀ-ի պատրաստակամությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի դառնալ եվրոպական բարձրագույն կրթական տարածության մաս, հաշվի առնելով, իհարկե, Արցախի առանձնահատկությունները:

ԼՂՀ նախագահը խոստացել է անձամբ հետեւել ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին` համոզված լինելով, որ կհաջողվի ոչ հեռու ապագայում ունենալ ժամանակակից ու մրցունակ գիտակրթական համակարգ եւ մեծ համբավ ունեցող մայր բուհ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4