«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2009-01-21 | #8, 2009-01-22 | #9, 2009-01-23


ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Միացյալ Նահանգների նոր նախագահի երդմնակալության արարողությունը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հիացմունքն է առաջացրել, բայց եւ փիլիսոփայական մտորումների առիթ տվել. «Ով ոչինչ էր, նա դառնում է ամեն ինչ»:

Հայաստանյան իրականությունը, սակայն, հեռու է ամերիկյանից: Մարդկանց մեջ խանդավառություն չկա, ամերիկյան երազանքի իրականացման հնարավորությունն էլ անհնարին է: «Կերազեինք, որ մեզ մոտ էլ իշխանափոխությունն իրականացվեր այնպես, ինչպես ԱՄՆ-ում», Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ լրագրողների հետ այս ակումբում վերջին անգամ հանդիպել է 2007 թվականի հունիսին եւ դեռ այն ժամանակ կանխատեսել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն: «Ես դեռ այն ժամանակ նշել էի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է հաջողություններ գրանցել, եթե հասարակության մեջ տիրող հակաղարաբաղյան տրամադրությունների արտահայտիչը դառնա: Ցավոք, Լեռնային Ղարաբաղը հասարակության համար այլեւս բացարձակ արժեք չի համարվում, որն անձեռնմխելի է եւ ենթակա չէ քննարկման», ասաց բանախոսը:

Այժմ էլ Հմայակ Հովհաննիսյանը կանխատեսում է, որ բացառված չէ մարտի 1-ի կրկնությունը, եթե գործը չբացահայտվի եւ մեղավորները չպատժվեն: Դեռ ավելին, Հմայակ Հովհաննիսյանն առաջարկում է իշխանության ու ընդդիմության միջեւ, հանձին Քաղաքագետների միության, ստանձնել միջնորդի գործառույթը: «Այսօր մեր երկրի առջեւ կանգնած թիվ մեկ մարտահրավերը հասարակության պառակտումն է: Սա շատ ավելի լուրջ է, քան ԵԽԽՎ-ում ձայնից զրկվելու հնարավորությունը: Վիճակն իսկապես ծանր է: Բացառիկ իրավիճակ է առաջացել, երբ տուժողները պաշտպանում են մեղադրյալներին, քանի որ հասկանում են, մարտի մեկի իսկական մարդասպաններն ազատության մեջ են: Մարտի 1-ի բացահայտումն անհրաժեշտ է կրկնությունը կանխելու համար», նշեց Հմայակ Հովհաննիսյանը:

Քաղաքագետների միության նախագահի կարծիքով, շատ ավելի վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծվել, եթե ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի ընթացքում կրկին հետաձգեն հարցի քննարկումը: «Եթե կրկին երկարաձգեն ժամկետը, ապա երաշխիք չկա, որ իշխանությունները չեն մտածի բանաձեւի կատարումից խուսափելու մասին: Իսկ եթե Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից, ապա իշխանությունները կորոշեն իրենց անելիքները», նկատեց բանախոսը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ, վաղուց է հասունացել: «Արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը հնարավորություն կտա շտկելու Հայաստանի քաղաքական իրավիճակը», եզրակացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4