«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2009-01-21 | #8, 2009-01-22 | #9, 2009-01-23


«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ» ՆՈՐ ՎԱՐԿ ՍՏԱՑԱՎ

Նաեւ երկարացվեց հին վարկի մարման ժամկետը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մեկ տարով երկարացրեց 2007-ի դեկտեմբերին «Հայէկոնոմբանկին» 15 մլն դոլար ընդհանուր գումարով սինդիկացված վարկի 5 մլն դոլար առաջին մասնաբաժնի մարման ժամկետը: Այս մասին երեկ «Հայէկոնոմբանկում» հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը: Նա նաեւ հայտնեց, որ «Հայէկոնոմբանկը» ՎԶԵԲ-ի կողմից ճանաչվել է «Առեւտրի խթանման ծրագրի» շրջանակներում Հայաստանի լավագույն բանկ: Հայկական բանկին 5 մլն դոլար վարկ էլ երեկ տրամադրեց մեկ այլ միջազգային կառույցՙ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)ՙ դարձյալ առեւտրի խթանման ծրագրի շրջանակներում:

Հայաստանում ՎԶԵԲ ներկայացուցիչ Մայքլ Վայնստինը կարեւորեց «Հայէկոնոմբանկի» հետ համագործակցությունը եւ մասնավորապես նրա հետ իրականացվող առեւտրի խթանման ծրագիրը: ՄՖԿ Հայաստանի ներկայացուցիչ Ներսես Կարամանուկյանը , անդրադառնալով առեւտրի խթանման ծրագրով իր ներկայացրած կառույցի տրամադրած վարկին, նշեց, որ դրանից կարող են օգտվել արտաքին առեւտրում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունները: Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց ձեռք բերելու «Հայէկոնոմբանկի» բաժնետոմսերը, եթե լինի նոր թողարկում: ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն էլ ողջունեց «Հայէկոնոմբանկի» հետ ՎԶԵԲ եւ ՄՖԿ ծրագրերը, ասելով, որ Կենտրոնական բանկն աջակցում է դրանց:

Խոսելով այս տարվա վարկավորման տոկոսների հնարավոր փոփոխությունների մասին, «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանն ասաց, որ անցյալ տարի վարկերի տոկոսադրույքները փոքր-ինչ բարձրացան: Սակայն, ըստ Դավիթ Սուքիասյանի, այս տարի դրանք չեն բարձրանա եւ անգամ հնարավոր է, որ տարեվերջին որոշ չափով իջնեն:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կազդի անշարժ գույքի գների հնարավոր նվազումը բանկային համակարգի վրա, ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ մեծ ազդեցություն չի լինի, քանի որ անշարժ գույքի շուկայում բանկային համակարգը շատ ներգրավված չէ: Բացի դրանից, գրավը բանկերը վերցնում են անշարժ գույքի 70 տոկոսի չափով եւ գների այդքան (30 տոկոսով) նվազում չի սպասվում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4