«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2009-01-21 | #8, 2009-01-22 | #9, 2009-01-23


ՓՈՐՁԱՌՈՒՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՍՏՎԵՐՈՒՄ ԵՆ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում պայքարը չեմպիոնի տիտղոսի համար վերջնագծում ավելի է թեժացել: Այդ պայքարում առայժմ ամենահաջողակը գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն է: Նրա ավելի փորձառու մրցակիցներին ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել Քոթանջյանի առաջխաղացումը: Վերջին տուրերում Տիգրանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ մոտ է վերջնական հաջողության:

9-րդ տուրում էլ Քոթանջյանը շարունակեց հաղթարշավը: Նա սպիտակներով հաղթեց Հրանտ Մելքումյանին: Առաջատարը շատ վստահ է խաղում: Նա առայժմ անպարտելի է եւ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, ինչը բավական բարձր արդյունք է:

Չեմպիոնի կոչման համար մղվող պայքարում Քոթանջյանի գլխավոր մրցակիցներից մեկը Հայաստանի բազմակի չեմպիոն, մեր փորձառու գրոսմայստերներից մեկն էՙ Աշոտ Անաստասյանը: Նա եւս առայժմ չի պարտվել: 9-րդ տուրում Անաստասյանը ոչ-ոքի խաղաց Զավեն Անդրեասյանի հետ եւ վաստակելով 6 միավոր, Արթուր Չիբուխչյանի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Վերջինս եւս հաշտություն կնքեցՙ միավորը բաժանելով Ավետիք Գրիգորյանի հետ: Նշված երկու պարտիաները 9-րդ տուրում խաղաղ ելք ունեցած մրցախաղերն էին: Մյուսներում հաջողությունն ուղեկցեց մրցակիցներից մեկին:

Տղամարդկանց հետ մրցախաղերում իրեն այնքան էլ վստահ չի զգում մրցաշարի միակ կին մասնակից Էլինա Դանիելյանը: Ճիշտ է, 9-րդ տուրը նրա համար հաջող էր: Էլինան սպիտակներով պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանին: Դա Էլինայի 3-րդ հաղթանակն էր մրցաշարում: Արտաշես Մինասյանն էլ 3-րդ պարտությունը կրեց: Երկու շախմատիստներն էլ ունեն 4-ական միավոր: Մեկնարկում 3 անընդմեջ պարտություն կրած օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը ձգտում է հետ բերել կորցրածը եւ մտնել առաջատարների շարքը: 9-րդ տուրում նա իր 4-րդ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Տիգրան Նալբանդյանի նկատմամբ: Այդ հաղթանակի շնորհիվ Պետրոսյանը վաստակեց 5 միավոր եւ Գրիգորյանի, Անդրեասյանի, Բաբուջյանի ու Փաշիկյանի հետ բաժանում է 4-8-րդ տեղերը: Փաշիկյանը հաղթեց Արա Մինասյանին, Բաբուջյանն առավելության հասավ Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ, որը 2 միավորով եզրափակում է աղյուսակը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4