«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2009-01-22 | #9, 2009-01-23 | #10, 2009-01-24


«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎՈՒՄ Է ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԸ»

Հիմնական դերակատարները աշխատավարձ են ստանալու

Եթե լրացել է Ձեր երեսուն տարին, Հայաստանի քաղաքացի եք եւ առնվազն 3 տարի Երեւանի բնակիչ եք, ապա գոնե տեսականորեն հնարավորություն ունեք գլխավորելու որեւէ կուսակցության ցուցակը եւ մասնակցելու Երեւանի քաղաքապետի ընտրություններին:

Հունվարի 26-ից ուժի մեջ է մտնելու «Երեւանի մասին» օրենքը: Օրենքի համաձայն, համամասնական ընտրակարգով կընտրվի Երեւան քաղաքի 65 ավագանիներից բաղկացած խորհուրդը, քաղաքապետ կդառնա առավելագույն ձայն ստացած կուսակցության ցուցակի առաջին թեկնածուն:

«Փոխվում է Երեւանի կառավարման ձեւը: Օրենքը մեծ նշանակություն ունի, քանի որ վերաբերում է հանրապետության բնակիչների 40 տոկոսին», «Ուրբաթ» ակումբում նշեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը :

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը ծագել էր դեռ 2005 թվականին սահմանադրության փոփոխությունների ընդունմամբ: Հրայր Թովմասյանն ասաց, որ օրենքը պետք է ընդունված լիներ դեռ 2007 թվականի դեկտեմբերին, քանի որ 2009 թվականի դեկտեմբերի 6-ին Երեւանն արդեն պետք է ունենա ընտրված ավագանի եւ քաղաքապետ: Օրենքի ուշացած ընդունմամբ 2009 թվականին նշանակված վերջնաժամկետը չի փոխվել:

«Երեւանում ամրագրվում է պառլամենտական կառավարման մոդելը: Ընդլայնվելու են ավագանու լիազորությունները: Ավագանին կարող է անվստահություն հայտնել քաղաքապետինՙ դրա համար ունենալով միայն քաղաքական հիմքեր: Անվստահություն հայտնելու դեպքում քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են: Ավագանին նույնիսկ կարող է ինքնուրույն մշակել բյուջեի նախագիծը», ասաց Հրայր Թովմասյանը:

Ավագանու անդամները կարող են ձեւավորել քննիչ հանձնաժողովներ: Ավագանում ընտրվելու իրավունք են ունենալու փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ներկայումս գործող 12 համայնքների փոխարեն ձեւավորվելու են ներքին վարչական շրջաններ: Այդ նոր համայնքների ղեկավարներն այլեւս չեն ընտրվելու, նրանց նշանակելու է քաղաքապետը:

«Ժառանգություն» խմբակցությունն օրենքին դեմ էր քվեարկել: «Հիմնական պատճառն այն էր, որ մենք դեմ էինք քաղաքապետի անուղղակի ընտրությանը: Մենք կարծում ենք, որ մեր մշակույթին առավել համապատասխանում է ուղղակի ընտրության տարբերակը: Կարեւորում ենք ավագանու ինստիտուտի կայացումը, բայց արդյունավետ կգործի՞, դեռեւս պարզ չէ», ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը :

«Կառավարման այս ձեւի դեպքում քաղաքապետը պատասխանատու է լինելու ոչ միայն հասարակության եւ ավագանու առջեւ, այլեւ սեփական կուսակցության: Վատ աշխատանքի դեպքում հասարակությունը մեղադրելու է տվյալ քաղաքական ուժին եւ ոչ մեկ մարդու», ասաց Հրայր Թովմասյանը:

Ավագանիների ընտրությունը կկազմակերպվի 4 տարին մեկ: Ընտրություններին կարող են մասնակցել ինչպես կուսակցությունները, այնպես էլ դաշինքները: Նվազագույն շեմը կուսակցությունների համար սահմանված է 7 տոկոսը, դաշինքների համար` 9 տոկոսը: Ավագանու աշխատանքը համարվում է ոչ պրոֆեսիոնալ գործունեություն, աշխատավարձ նրանք չեն ստանալու: Օրենքի համաձայն, նրանք կարող են փոխհատուցում ստանալ նվազագույն աշխատավարձի չափով: Քաղաքապետի աշխատավարձը չի կարող գերազանցել պատգամավորի աշխատավարձի կրկնապատիկը: Ընտրությունները կարող են նշանակվել օրենքն ուժի մեջ մտնելուց երեք ամիս անց: Բացառված չէ, որ ընտրություններն անցկացվեն արդեն ապրիլին:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4