«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2009-01-22 | #9, 2009-01-23 | #10, 2009-01-24


ՀԴՄ-ՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԴՐՎԵՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՆՑՎԻ

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահներն անդրադարձան ՀԴՄ-ների ներդրման եւ կիրառման հարցերին

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահներ Արմեն Ալավերդյանն ու Արտաշես Բեյբությանը երեկ պատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք առնչվում էին ՀԴՄ-ների կտրոնների տրամադրմանը, վիճակահանության անցկացմանը, ինչպես նաեւ տոնավաճառների առեւտրականների որոշ մասի շարունակվող դժգոհություններին:

Արմեն Ալավերդյանն առավելապես անդրադարձավ տոնավաճառների առեւտրականների մի մասի պահանջներին եւ հարցադրումներին: Պարտադրվե՞լ է արդյոք նրանց հաշվապահ պահել հարցին պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը պատասխանեց, որ հարկային մարմինը հաշվապահ պահելու պարտադրանք չի իրականացնում: Պարզապես այն մարդիկ, ովքեր գործարարությամբ են զբաղվում, կամ պետք է հաշվապահ պահեն, կամ իրենք հաշվապահությունն անեն: Այն ձեռներեցները, որոնք առեւտրային գործունեություն են իրականացնում Երեւանում մինչեւ 7 քմ տարածքի վրա եւ մարզերում մինչեւ 10 քմ տարածքի վրա, հաշվապահ պահելու անհրաժեշտություն չունեն: Նրանք ընդամենը պետք է ցույց տան այն արձանագրությունը, որը գրանցում է ՀԴՄ-ն: Իսկ դրանցից մեծ տարածք ունեցողները, որոնց շրջանառությունը հասնում է տարեկան մինչեւ 58 մլն դրամի, պետք է հաշվապահ պահեն: Տեղեկացվեց նաեւ, որ այսօր բացվելու է անվճար հաշվապահական կենտրոնը փոքր բիզնեսի համար:

  «Ազգի» հարցին, թե կառավարության շենքի առջեւ բողոքող 200-300 առեւտրականներին բացատրվե՞լ է, որ ՀԴՄ-ների տեղադրումն այլընտրանք չունի, Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ բացատրվել է: Նա նշեց, թե որեւէ առիթ չկար, որ հիշյալ մարդիկ փողոց դուրս գային, քանի որ հարկայինը որեւէ մասշտաբային ստուգում չի անցկացրել: Նրանց բացատրվել է, որ ՀԴՄ-ները պետք է ներդրվեն, շրջանառությունը արձանագրվի եւ իրենք գործեն հավասար օրինական դաշտում: «Կա՞ աշխարհում մի երկիր, որ հաշվառում չկա, կա՞ մի այլ ձեւ հաշվառում իրականացնելու, թող ասեն, մենք էլ փորձենք: Ամբողջ աշխարհում, ԱՊՀ երկրներում ՀԴՄ-ները հաջողությամբ ներդրվել եւ կիրառվում են, իսկ Հայաստանում փողոց են դուրս գալիս», ասաց Արմեն Ալավերդյանը եւ դիմելով բողոքող առեւտրականներին, շեշտեց, որ եթե նրանք չեն ուզում ՀԴՄ-ներ տեղադրել, ապա Հայաստանի մնացած 3 մլն բնակչությունը ուզում էՙ «ուզում է, որ ստվերը վերանա, շրջանառությունը երեւա, հովանավորչությունը վերանա եւ բյուջե ավելի շատ գումարներ մտնեն»:

ՀԴՄ կտրոնների տրամադրման մասին խոսելով, պետեկամուտների կոմիտեի մյուս փոխնախագահըՙ Արտաշես Բեյբությանը հայտնեց, որ պետեկամուտների կոմիտեի «թեժ գծով» (594618) օրական մինչեւ 100 հեռախոսազանգ է ստացվում քաղաքացիներից: Բոլոր ահազանգերի հետքերով հարկային ծառայության աշխատակիցները անմիջապես մեկնում եւ պարզում են, թե ինչու չեն տրամադրում կտրոններ: Միայն ՀԴՄ-ների ստուգման հարցով 645 ստուգման հանձնարարականներ են եղել, որոնցից 350-ի դեպքում խախտումներ են հայտնաբերվել: 29 կտրոն չտրամադրելու կրկնակի դեպքեր են հայտնաբերվել եւ այդ տնտեսվարողները կպատժվեն գործունեության ժամանակավոր կասեցմամբ: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը հավաստիացրեց, որ կոմիտեն հետեւողական է լինելու եւ պարտադրելու է բոլոր տնտեսվարողներին կատարել օրենքի պահանջը:

Արտաշես Բեյբությանը հայտնեց նաեւ, որ լինում են դեպքեր, երբ քաղաքացիների չվերցրած կտրոնները մնում եւ հավաքվում են առեւտրի օբյեկտների աշխատակիցների մոտ, որոնց շահելու հավանականությունը այդ դեպքում, բնականաբար, մեծանում է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4