Այս օրերին, երբ անցյալ տարվա քաղաքական ճգնաժամի իրական էությունը, հակառակ իշխանությունների ճիգերի, կարծես թե ի վերջո սկսեց կոչվել իր անունով (այն է` քաղաքական բանտարկյալների առկայություն եւ մարտի 1-ի դեպքերի անաչառ քննության բացակայություն), իշխանական ճամբարից հնչող ելույթները հիմնականում հետեւյալն են. ա) կարելի է մարտի 1-ի անկարգություններին մասնակցածներին համաներում հայտարարել, բայց դրա համար հարկ է սպասել «Յոթի գործով» դատավարության արդյունքին: բ) Հաջորդում են մեղադրանքներն ընդդիմադիրների, առաջին հերթին` հենց իրենց` յոթ ամբաստանյալների հասցեին, որ նրանք ձգձգում են դատը: Իրականում խնդրի արմատն այլ տեղում է:
Նիկոյանի դոկտրինը
«Ազգի» հունվարի 14-ի համարում տպագրվել է Սամվել Նիկոյանի հարցազրույցը նվիրված նրա ղեկավարած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին ու ԵԽԽՎ առաջիկա նիստում Հայաստանին սպառնացող պատժամիջոցների հնարավորությանը: Մեկնաբանության արժանի հատվածը ճչում էր հենց վերնագրից. «Իշխանությունը... ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՊԱՐՏՎԵԼՈՒ» (ընդգծումն իմն է, Հ.Խ.), այսպես էր ներկայացնում պրն Նիկոյանը ներկա պահի դժվարությունը:
Ըստ երեւույթին այս ձեւակերպումը այնքան համապատասխան է պրն Նիկոյանի եւ իր կուսակցության ոգուն, որ պրն Նիկոյանը այս միտքը կրկնեց հունվարի 17-ին` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Ավելին` այս միտքը նույնությամբ կրկնեց նաեւ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը. դա տեղի ունեցավ հունվարի 17-ին «Կենտրոն» հեռուստատեսության եթերում, երբ պրն Գալստյանը նույնպես այլ ձեւ չգտավ ընդդիմության ներկայացուցչի (Վլադիմիր Կարապետյանի) փաստարկներին պատասխանելու:
Կարելի է շնորհավորել պարոն Նիկոյանին, իր կուսակցության ու ՀՀ կառավարության հավատամքը այդքան հաջողությամբ ձեւակերպելու համար (ես կառաջարկեի այն կոչել «Նիկոյանի դոկտրին», թեեւ ինքըՙ պրն Նիկոյանը դրա հեղինակը չէ, միայն հաջող ձեւակերպում է տվել): Իրոք, այս արտահայտությունը թերեւս լիովին համապատասխանում է մեր ունեցած բոլոր իշխանությունների գործելաոճին: Այն էՙ իշխանության ամեն մի նախաձեռնություն, անկախ, թե որքան է խելամիտ, պետք է անպայման իրականացվի: Առանց միջոցների մեջ խտրություն դնելու: Պերճ Պռոշյանի լեզվով ասած` «Առաջնորդը ես եմ, բակլան խաշած եմ ցանում»:
- Որոշվել է, որ Գագիկ Ջհանգիրյանը պետք է գտնվի անազատության մեջ, ուրեմն նա կկալանվի: Ապօրինի զենք պահելու մեղադրանքը չհաջողվեց, կնստեցնենք կապված ձեռքերով ոստիկան ծեծելու մեղադրանքով:
- Որոշվել է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պետք է հայտարարվեն մարտի 1-ի անկարգությունների մեղավոր, դրան կհասնեն բոլոր հնարավոր ձեւերով; Ընդ որում, որքան կարելի է դատել լրատվամիջոցների հաղորդումներից, ինչքան տվյալ անձը ակտիվ է եղել Տեր-Պետրոսյանի աջակիցների շարքում, այնքան ավելի խիստ պատժամիջոց է կիրառվել նրա դեմ միեւնույն հոդվածով մեղադրվող այլ անձնաց համեմատ:
- Իշխանությունները որոշել են, որ այս մի թեկնածուն պետք է ընտրվի այս պաշտոնին (կարեւոր չէՙ նախագահ, թե՞ թաղապետ), ուրեմն այդպես էլ կլինի, ընդ որում, նպատակին հասնելու միջոցների մեջ խտրություն չեն դնի:
Այս ցուցակը կարելի է շարունակել շատ երկար: Կոնկրետ այս օրերին իշխանությունն իր պարտությունն է համարում ազատ արձակելը ընդդիմության այն կողմնակիցներին, որոնք, ըստ եվրոպացիների, «քաղաքական վենդետտայի» զոհ են:
Ընտրել երկու «պարտություններից» մեկը
Հարց է ծագում, ինչո՞ւ է իշխանությունը այդպես աններելի համարում իր ամեն մի այսպես կոչված «պարտությունը»: Չէ՞ որ արժանապատիվ պարտություն ընդունելը հաճախ ավելի պատվաբեր է, քան «գոմեշ մի կի տամ, մեղա չեմ ի գա» սկզբունքը: Ավելին` քիչ չեն դեպքերը, երբ իշխանությունները ժամանակին հետ են կանգնել իրենց սկզբնական որոշումից, եւ դրանից նրանց հեղինակությունը միայն բարձրացել է. բավական է հիշել, օրինակ, անհատ տաքսիստների արտոնավճարի մասին որոշումը: Բացատրությունը պարզ է եւ հանգում է հենց «պարտություն» բառի օգտագործմանը: Այդ պատերազմական բառի կիրառումը հարգարժան ՀՀԿ-ականների կողմից նշանակում է, որ իշխանությունները ներկա արմատական ընդդիմությանն ընկալում են ոչ թե որպես հասարակության մի մասի, որի հետ պետք է լեզու գտնել (ինչպես, ասենք, հիշյալ տաքսիստների հետ), այլ որպես թշնամիների, որոնց կարելի է կամ հաղթել, կամ պարտվել:
Թողնենք իշխանավորների խղճին, թե որքանով է արդարացված նման մոտեցումը: Փաստն այն է, որ ներկա պահին իշխանությունները հարկադրված են ընտրություն կատարել ԵՐԿՈՒ «ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» միջեւ. կամ բանտից ազատել ընդդիմության ակտիվիստներին, կամ ստանալ ԵԽԽՎ-ի պատժամիջոցներ:
Եվ թող չասեն, թե ներկայումս կալանավորվածներին համաներում հայտարարելը կապված է տխրահռչակ «7-ի գործի» հետ: Ոչ մի բան չի խանգարում հենց հիմա ազատ արձակելու այն ավելի քան քառասուն մարդկանց, որոնք ոստիկանին հրելու պատրվակով ճաղերի հետեւում են հայտնվել:
Դատարանը հարգելու մասին կամ եռոտանու երրորդ ոտքը
Եթե հետեւենք իշխանամետ շրջանների հայտարարություններին, կստացվի, որ Հայաստանում հայտնվել է մազոխիստների մի ստվար զանգված, որոնք հաճույք են ստանում բանտում նստելուց եւ, հավանաբար զզվում են իրենց տներից: Բոլորին գերազանցեց նույն Սամվել Նիկոյանը, որը հունվարի 17-ին իր ելույթում (Հանրային հեռուստատեսություն, «25 րոպե» ծրագիր), հայտարարեց, որ այն բանտարկյալները, որոնք դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին, ընդունելով իրենց մեղքը եւ հայցելով ներում, դրսեւորել են, ոչ ավել, ոչ պակաս, քաղաքացիական խիզախություն: Իսկ այն ավելի քան 40 անձանց, որոնք հրաժարվում են նման դիմումներ գրելուց, պրն Նիկոյանը բնութագրեց որպես ընդդիմության հոգեբանական ճնշման զոհերի:
Վերադառնանք, սակայն, դատարանը հարգելու խնդրին: Իմ ծանոթ մի լոնդոնահայ տարիներ շարունակ Լոնդոնի դատարանում աշխատել է որպես թարգմանիչՙ թուրքերենից անգլերեն: Մի անգամ դատավորին թվացել է, թե թարգմանիչը լավ չի թարգմանում, եւ նկատողություն է արել, ինչին ի պատասխան թարգմանիչն առարկել է: Քիչ անց դատավորն ասել է. «Ես ներողություն եմ խնդրում, դուք իրոք լավ թարգմանիչ եք»: Դահլիճից դուրս թարգմանչին շրջապատել են զարմացած ներկաները, ասելով. «Դատավորը ձեզնից ներողությու՜ն խնդրեց: Ա՜յ քեզ բան»:
Երբ խոսք է գնում դատավորի հեղինակության մասին, ես միշտ հիշում եմ այս պատմությունը եւ մտածում` արդյոք Հայաստանի դատավորները երբեւէ կունենա՞ն այսպիսի հեղինակություն: Որպեսզի դա տեղի ունենա, հասարակությունը պետք է վստահ լինի, որ դատավորները (ոչ թե կոնկրետ այս կամ այն դատավորը, այլ նրանք բոլորը), որպես կանոն, ոչ միայն անաչառ են, այլեւ անկախ, անկախ առաջին հերթին իշխանություններից: Պարզ է, որ Անգլիայում եւ այլ զարգացած երկրներում այս իրավիճակը հարյուրամյակների զարգացման արդյունք է, բայց կա՞ր արդյոք շանս, որ Հայաստանի դատական համակարգը գոնե մոտենար դրան: Այդ դեպքում մեղադրյալները գոնե չէին ծաղրի դատավորին:
Իմ կարծիքով, մի փոքր շանս կար, սակայն Հայաստանի դատավորները դրանից չօգտվեցին: 1995-ին ընդունված սահմանադրությունը տրամադրեց դրա կարեւորագույն հիմքը` դատավորների անփոխելիության սկզբունքը: Ավելին, Տեր-Պետրոսյանի օրոք եղան դատավճիռներ, որոնք չէին համապատասխանում իշխանության ցանկություններին (հիշենք դատավոր Էդվարդ Մանուկյանի դատավճիռը 1996-ի դեկտեմբերի 10-ին, որը մերժեց «Դրո» կառույցը ճանաչել ՀՅԴ կուսակցության ստեղծածը): Եթե դատավորական համայնքը անցած 12 տարիներին հակված լիներ դառնալու անկախ եւ ազդեցիկ կորպորացիա, թերեւս այդ ուղղությամբ կարելի էր հասնել առաջընթացի: Ավաղ... Պարգեւ Օհանյանի պաշտոնազրկման դեպքը ցույց տվեց, որ դատավորական կորպորացիան մտադիր էլ չէր դառնալ այդպիսին: Հակառակ դեպքում նա կպաշտպաներ այդ դատավորին, եթե նույնիսկ գործադիրի մեղադրանքները նրա դեմ իրոք հիմնավոր էին ու իրոք պատճառաբանված չէին «Ռոյալ Արմենիայի» գործով: Մյուս կողմից, նրանց դեմ կանգնած էր մի իշխանություն, որը մտքով էլ չէր անցկացնում իրենից անկախ դատական իշխանության գոյությունը, եւ ոչնչով չէր նպաստում (եթե չասենք ավելի խիստ) դրա ձեւավորմանը: Այդ իշխանություններ ասելով ես նկատի ունեմ ոչ միայն նախագահ Ռոբերտ Քոչարյանին (նրա դիկտատորական հակումներին բոլորն են տեղյակ), այլ առաջին հերթին այն միակ քաղաքական ուժին, որն ի զորու էր հակակշռել Քոչարյանին: Խոսքս անշուշտ Հայաստանի Հանրապետական կուսակցության մասին է, որը սկսած 1998 թվականից եւ առ այսօր երկրի գլխավոր քաղաքական ուժն է: Չունեցավ ՀՀԿ-ն այդ կամքը:
Եվ այդ տասնմեկ «ՀՀԿ-ական տարիներից» հետո, պարզվում է, երկրում չկա ոչ միայն վստահելի ընտրական համակարգ, այլեւ չկա վստահելի դատական իշխանություն: Ունենք տասնյակ մարդիկ, որոնք գերադասում են բանտում մնալ, քան ընդունել դատարանի կողմից իրենց վերագրված մեղքը: Դրանից հետո ուզում ենք, որ դատարանը հարգանք վայելի... Իրական հարգանքի բացակայության համեմատ դատարանի առջեւ ոտքի չկանգնելը զուտ ձեւական հանգամանք է*: Բազմաթիվ դատավարությունների ժամանակ դատավորները դա հանդուրժում էին, Ջհանգիրյանի դատը մինչեւ այժմ էլ շարունակվում է այդ ձեւով: Մնացական Մարտիրոսյանը որոշեց այս հարցում սկզբունքայնություն դրսեւորել, ու սոսկ մի նոր խաղաթուղթ տվեց արմատական ընդդիմությանը: Ներկա հեղինակազուրկ դատական համակարգի պայմաններում (եթե նա այդպես չլիներ, մյուս դատավորները նույնը կանեին) այլ բան լինել չէր կարող: Այլ ելք չկա, դատարանը կարող է հարգվել, միայն եթե արդար է:
Մարտի 1-ի հետեւանքներից մեկն այն է, որ նույնիսկ իշխանավորների համար ակնհայտ դարձավ, որ հակառակ Քոչարյանի ու ՀՀԿ-ի վարած գծին, անկախ ու արդար դատավարական համակարգն այնուամենայնիվ պետք է երկրին: Պետք է, ինչպես եռոտանուն պետք է երրորդ ոտքը: Պետք է, որպեսզի մարդիկ այդ դատարանի առջեւ իրոք ոտքի կանգնեն, նրա վճիռները արդարացի համարեն ու մեկը մյուսի հետեւից չտանեն Եվրոդատարան: Ճիշտ է, դրա համար այսօրվա Հայաստանին պետք եկավ Եվրոդատարանի առկայությունը, այսինքն, որ Հայաստանի նույն իշխանավորները իրենց համարեն եվրոպամետ: Ցավոք սրտի, երկրի ներսում ուժ չգտնվեց անկախ դատական համակարգի ձեւավորումը պաշտպանելու համար:
Ինչ զիջումներ եւ ինչ քաղաքական կամք է պետք
Համեմատաբար վերջերս առիթ ունեցել եմ գրելու, որ Սերժ Սարգսյանի խոսքերն ու գործերը հիմք չեն տալիս լավատեսության մերՙ անկախ դատարան ունենալու հարցում («Ազգ», հուլիսի 30, 2008): Այս օրերի անցուդարձն ու արված հայտարարությունները միայն ամրապնդեցին իմ հոռետեսությունն այս կապակցությամբ:
Ահա վկայություն, որ իշխանությունները մտածում են ինչի մասին ասեք, միայն ոչ արդար դատավարության: Բազմիցս կրկնելով, թե իշխանություններն ունեն «քաղաքական կամք» ԵԽԽՎ-ի որոշումներն իրականացնելու, նրանք բերում են, ըստ էության, երկու ապացույց: Առաջինՙ իշխանությունները ներում են շնորհել այն մի քանի անձանց, որոնք համաձայնել են մեղայական գրել (թեեւ անտեսում են այն տասնյակներին, որոնք իրենց համարում են անմեղ դատապարտված): Երկրորդՙ դատախազությունը բազմաթիվ դեպքերում իր մեղադրանքից հրաժարվում է: Այս փաստարկը բերում է նույնիսկ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը («Ազգ», հունվարի 20), չնայած նա, լինելով ՀՅԴ անդամ, միշտ ձգտել է ավելի օբյեկտիվ լինել, քան Նիկոյանն ու իր կուսակիցները: Այստեղ ծագում է հետեւյալ հարցը. դատախազությունը ինչի՞ հիման վրա է հրաժարվել այդ մեղադրանքներից: Որովհետեւ համոզվել է, որ այդ մեղադրանքները հիմնավոր չե՞ն: Այսինքնՙ խստորեն հետեւել է օրենքի՞ն: Ուրեմն ի՞նչ, քաղաքական կա՞մք է պետք օրենքին խստորեն հետեւելու համար: Հնարավոր է երկրորդ տարբերակըՙ դատախազությունը կասեցրել է այդ գործերը, թեեւ այդ մարդիկ դատախազության կարծիքով եղել են մեղավոր: Այդ դեպքում ստացվում է, որ «քաղաքական կամքը» պետք է եղել օրենքը ոտնահարելո՞ւ համար: Դարձյալ համոզիչ չէ:
Մինչդեռ քաղաքական կամքը կարող է պետք լինել միայն մեկ բանի համարՙ հասնել այն բանին, որ դատարանները կայացնեն արդար որոշումներ, անկախ այն բանիցՙ իշխանությունները դա «հաղթանա՞կ» կորակեն, թե՞ «պարտություն»:
Այս կամքն է, որ առայժմ չի երեւում: Ու ճգնաժամը երկրում կշարունակվի, անկախ այն բանից, կընդունի՞ ԵԽԽՎ-ն իր պատժամիջոցը, թե՞ ոչ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
* Պետք է առարկենք այս պնդմանը. նույնիսկ իրաքյան դատարանում, որտեղ ի սկզբանե հայտնի էր, որ դատավորը մահապատժի էր ենթարկելու Սադդամին, վերջինս ոտքի էր կանգնում, թեեւ նիստն սկսվելուց հետո նա չէր վարանում կասկածի ենթարկելու դատավորի ու դատարանի լեգիտիմությունը: Այստեղ պետք է նշել նաեւ, տարիներ առաջ տեղի ունեցած Աշոտ Բլեյանի սկանդալային դատավարությունը, երբ վերջինս անօրինակ անարգանքի էր ենթարկում անձամբ դատավորին, հայհոյում նրան, հակառակ որ վերջինս կին էր: Այլ երկրների դատարաններում, ոչ միայն եվրոպական եւ ամերիկյան, մեղադրյալի նման պահվածքի դեպքում դատավորը չէր տատանվի մուրճիկի մեկ հարվածով ենթակային 1-2 տարի բանտ ուղարկելՙ անկախ դատական գործի ելքից:
Պետք է հարգել դատարանը անկախ ամեն ինչից: Եվ անշուշտ, այդ հարգանքը չի լինի ձեւական, եթե դատարանը, ինքն էլ լինի հարգանքի արժանիՙ անկախ եւ արդար:
Խմբ.