«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2009-01-22 | #9, 2009-01-23 | #10, 2009-01-24


ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿՔՆՆՎԵՆ ԱՐԱԳ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ԱՆՎՃԱՐ

Հայաստանում սկսեց գործել ֆինանսական հաշտարարը

Այսօրվանից Հայաստանի Հանրապետությունում կսկսի գործել ֆինանսական հաշտարարի գրասենյակը եւ ֆինանսական հաշտարարը կանցնի իր պարտականությունների կատարմանը: Այդ իրադարձության կապակցությամբ երեկ Հայաստանի կենտրոնական բանկում մամուլի ասուլիս էր հրավիրվել, որին մասնակցում էին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ֆինանսական հաշտարար (օմբուցման) Փիրուզ Սարգսյանը, ֆինանսական հաշտարար նշանակած հիմնադրամի խորհրդի անդամները:

Խոսելով Հայաստանում ֆինանսական հաշտարարի ինստիտուտի ստեղծման մասին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ դրա գլխավոր նպատակը ֆինանսական ծառայություններից սպառողների բողոքների ընդունումն ու քննությունն է: ԿԲ նախագահի համոզմամբ, սա մեծ առաջընթաց է մեր ֆինանսական կյանքում: Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ԱՊՀ-ում առաջինն է ստեղծել ֆինանսական հաշտարարի ինստիտուտը:

Խոսելով ֆինանսական հաշտարարի նշանակման անկախ կառավարման համակարգիՙ հիմնադրամի խորհրդի մասին, ԿԲ խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը տեղեկացրեց, որ այդ մարմնի մեջ ընդգրկվում են ներկայացուցիչներ կառավարությունից, ԿԲ-ից, բանկերի, ապահովագրական ընկերությունների միությունից, սպառողների միություններից: Խորհրդի 7 անդամներն էլ միաձայն ֆինանսական հաշտարար են նշանակել Փիրուզ Սարգսյանին:

Ֆինանսական հաշտարարի ինստիտուտի ստեղծման նպատակներին եւ պարտավորություններին առավել հանգամանորեն անդրադարձավ Փիրուզ Սարգսյանը : Նա նշեց, որ հաշտարարի նպատակն է ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, նրանց պահանջների արագ, արդյունավետ եւ անվճար քննությունը, ֆինանսական համակարգի հանրության վստահության բարձրացումը: Գործունեության սկզբունքներից առաջինը անկողմնակալությունն է, որն ապահովվում է անկախ կառավարման մարմնի կողմից հաշտարարի նշանակմամբ, ֆինանսական հաշտարարի գրասենյակի ֆինանսական կազմակերպությունների կողմիցՙ օրենքով սահմանված սահմանաչափերով ֆինանսավորմամբ, հաշտարարիՙ օրենքով սահմանված բանկային միջին աշխատավարձի եռապատիկի չափով վարձատրությամբ:

Փիրուզ Սարգսյանը հայտնեց, որ պահանջների քննումն անվճար է, արագ եւ պարզ գործընթացով: Դրանք կարող են ուղղված լինել բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եւ բրոքերների, ներդրումային ընկերությունների, գրավատների, արտարժույթի առուվաճառք, արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, դրամական փոխանցումներ իրականացնող անձանց դեմ: Հաշտարարը կարող է քննել այն բողոքները, որոնք ստացվել են օրենքն ուժի մեջ մտնելուցՙ 2008-ի օգոստոսի 2-ից հետո, որոնք նախապես ներկայացվել են ֆինանսական կազմակերպությանը եւ չեն գերազանցում 10 մլն դրամի գույքային պահանջը: Հաշտարարը մերժում է այն պահանջները, որոնց վերաբերյալ կա դատարանի որոշում, որոնք գտնվում են դատարանում եւ երբ պահանջն ակնհայտորեն զրպարտչական է, իսկ պահանջ ներկայացնողը անբարեխիղճ վարքագիծ ունեցող հաճախորդ է: Մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացվեց, որ անցյալ տարի ԿԲ-ում 30-40 բողոք է ստացվել ֆինանսական կազմակերպությունների դեմ, իսկ այլ բողոքներ էլ կան դատարաններում:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց թերթերից մեկում հայտնված տեղեկատվության վերաբերյալ տրված հարցին, ըստ որիՙ ԿԲ-ն Հայաստանում փողերի լվացման դեպք է հայտնաբերել, որին մասնակից է նաեւ ԱԺ նախագահը: ԿԲ նախագահը հայտարարեց, որ նման ծավալի փողերի հոսք չի արձանագրվել բանկային համակարգում եւ այդ տեղեկատվությունը զրպարտություն է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4