«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2009-01-22 | #9, 2009-01-23 | #10, 2009-01-24


ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության վերջնագծում բավական հետաքրքրական պայքար է սպասվում: Դրան նպաստեց նաեւ 10-րդ տուրում առաջատարիՙ Տիգրան Քոթանջյանի կրած առաջին պարտությունը: Նա 77-րդ քայլում սեւերով պարտվեց Արման Փաշիկյանին: Չնայած պարտությանը, Քոթանջյանը պահպանեց առաջատարի դերնՙ իր հաշվին ունենալով 7 միավոր: Սակայն նա արդեն զգում է իրեն հետապնդողների շնչառությունը:

10-րդ տուրից հետո առաջատարին ընդամենը կես միավոր է զիջում Արթուր Չիբուխչյանը, որը ոչ-ոքի ավարտեց մրցավեճը մրցաշարում անհաջող հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանի հետ: Ի դեպ, դա 10-րդ տուրում գրանցված միակ ոչ-ոքին էր:

Քոթանջյանի անհաջողությունից չկարողացավ օգտվել նաեւ Աշոտ Անաստասյանը: Նա սպիտակներով խաղում էր Հրանտ Մելքումյանի հետ եւ արդեն 38-րդ քայլում ստիպված էր ընդունել իր անդրանիկ պարտությունը: Անաստասյանի անհաջողությունը հնարավորություն ընձեռեց միավորներով (6-ական) նրան հավասարվել Ավետիք Գրիգորյանին, Զավեն Անդրեասյանին, Արման Փաշիկյանին եւ Տիգրան Պետրոսյանին, որոնք իրենց մրցախաղերն ավարտեցին հաղթանակով:

Վերջին տուրերում վերելքով է խաղում չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկըՙ Տիգրան Պետրոսյանը: Նա 10-րդ տուրում պարտության մատնեց Արա Մինասյանինՙ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը: Ավետիք Գրիգորյանն արդեն 27-րդ քայլում հաղթեց Էլինա Դանիելյանին: Բավական երկարատեւ էր Զավեն Անդրեասյանի եւ Լեւոն Բաբուջյանի մրցավեճը: Սպիտակներով խաղացող Զավենը 75-րդ քայլում ստիպեց մրցակցին հանձնվել:

Երեք շախմատիստներՙ Լեւոն Բաբուջյանը, Հրանտ Մելքումյանն ու Արտաշես Մինասյանը վաստակել են 5-ական միավոր: Մինասյանը 42-րդ քայլում պարտության մատնեց Տիգրան Նալբանդյանին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4