Մեկօրյա ընդմիջումից հետո Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 5-րդ տուրում մեծ հետաքրքրությամբ էր սպասվում երկու հայ շախմատիստներիՙ Լեւոն Արոնյանի եւ Սերգեյ Մովսիսյանի մրցավեճը: Թվում էր, թե մրցակիցները կարճատեւ պայքարից հետո խաղաղ դաշն կկնքեն: Սակայն նման կերպ մտածողները չարաչար սխալվեցին: Խաղատախտակին թեժ մրցապայքար ծավալվեց: Մնացած պարտիաներն արդեն ավարտվել էին, իսկ Արոնյանն ու Մովսիսյանը դեռեւս պայքարում էին: Ավելի քան 5-ժամյա հոգնատանջ պայքարից հետո Արոնյանն ի վերջո 58-րդ քայլում ստիպեց մրցակցին հանձնվելՙ տոնելով մրցաշարում անդրանիկ հաղթանակը: 5 տուրից հետո Արոնյանը 3 միավորով Գատա Կամսկու, Յան Սմիթսի եւ Լենիեր Դոմինգուեսի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը:
Իսկ միանձնյա առաջատարի դերը ստանձնեց ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, որը հաղթելով Դանիել Սթելվագենին, վաստակեց 3,5 միավոր: Սերգեյ Մովսիսյանը 2,5 միավորով Ռաջաբովի, Կառլսենի ու վան Վելիի հետ բաժանում է 6-9-րդ տեղերը: Վան Վելին հաղթեց Ռաջաբովին, Դոմինգուեսը պարտության մատնեց Մորոզեւիչին, որն առայժմ անհաջող է հանդես գալիսՙ իր օգտին գրանցելով 1,5 միավոր: Իվանչուկ-Կառլսեն, Կամսկի-Վանգ Յուե, Ադամս-Սմիթս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ