«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2009-01-23 | #10, 2009-01-24 | #11, 2009-01-27


ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵԽԽՎ-Ն «ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» Է ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ, ԵՎ ՄԻԱՅՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այս նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, չորեքշաբթի օրը բավականին երկար տեւող քննարկմամբ կանդրադառնա Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետեւանքներին ու դրանց առնչվող ԵԽԽՎ բանաձեւի կատարմանը, որով առաջարկվում էր Ռուսաստանին վերանայել Հարավային Օսիան ու Աբխազիան ճանաչելու որոշումը: Այս հարցն էլ կարծես այս անգամ դարձել է Ռուսաստանի հետ այլ տոնով խոսելու հիմք, այլապես քննարկումներ դժվար թե տեղի ունենային:

Երեկ ԵԽԽՎ բյուրոյի քննարկումներից հետո ռուսաստանյան պատվիրակության ղեկավարները հայտարարեցին, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումից հրաժարվելու պահանջը Ռուսաստանի համար ընդունելի չէ, ինչ կարգի ու մակարդակի փաստաթղթում էլ լինի: Ու չնայած դրան, Մոսկվայի համար ԵԽԽՎ-ում համագործակցությունը դառնում է ավելի հասկանալի, հեռանում է էմոցիաներից ու դառնում ավելի կառուցողական:

Ամեն դեպքում, հետաքրքրական է, որ եթե նախորդ բանաձեւում առաջարկվում էր վերանայել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման որոշումը, ապա ներկա` քննարկվող տարբերակում միայն անհամաձայնություն է հայտնվում այդ որոշմանը եւ չկա կոչ ԵԽ անդամ մյուս երկրներին` չճանաչելու այդ երկու տարածքների անկախությունը:

Այդուհետեւ հասկանալի է դառնում ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչի ասուլիսում արած հայտարարությունը, որ ճանաչման որոշումը վերանայելու առաջարկի անընդունելիությունը Ռուսաստանի համար իրավիճակը դարձրել է փակուղային, ուստի այդ հարցում մտցվել են փոփոխություններ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4