«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2009-01-23 | #10, 2009-01-24 | #11, 2009-01-27


«ՄԵԾ Է ՁՈՒԼՄԱՆ ՎՏԱՆԳԸ»

Պայքար ինքնության պահպանման համար

Լիլիթ Իսոյանը Կազանում է ապրում արդեն 11 տարի: Ընտանիքով տեղափոխվել էին, երբ 6 տարեկան էր: Հայրը ԽՍՀՄ տարիներին այստեղ էր բանակ ծառայել, հետո էլ ավարտել համալսարանը եւ աշխատանքի անցել Կազանում: Մայրը Հաղպատի բնակիչ էր: Մինչեւ Ռուսաստան տեղափոխվելը տարվա մի մասն ապրում էին Հաղպատում, մյուսը` Կազանում: Դպրոցը Լիլիթն ավարտել է Կազանում, այժմ էլ սովորում է Կազանի պետական տնտեսաֆինանսական ինստիտուտում, նույն այն հաստատությունում, ուր ժամանակին հայրն էր ուսանել: «Առաջին կուրսում եմ սովորում, եւ ողջ ինստիտուտում միակ հայ ուսանողն եմ», ասում է Լիլիթը:

Հայերեն Լիլիթը լավ է խոսում, գրել կամ կարդալ դժվարանում է: Արձակուրդները Հայաստանում է անցկացնում, սակայն հայրենիքում հաստատվելու մասին ընտանիքում դեռեւս չեն մտածում: «Հայաստանը շատ եմ սիրում, անհամբեր սպասում եմ ամռանը, որ գամ: Ավարտելուց հետո շատ եմ ուզում Երեւանում ապրել, բայց չգիտեմ, թե ինչպես կստացվի», պատմում է Լիլիթը:

«Մեծ է ձուլման վտանգը: Կազանում ներկայումս 4000 հայ է ապրում, ողջ Թաթարստանում` շուրջ 15.000», ասում է Թաթարստանի հայ համայնքի ղեկավար Միխայիլ Խաչատուրյանը: Ներգաղթողների առաջին մեծ հոսքը 1988 թվականից հետո էր: Համայնքային առաջին կազմակերպությունը, որը կրում էր «Լույս» անվանումը, հիմնադրվել է 1994 թվականին: Հետագայում այդ կառույցը վերափոխվել է եւ կատարելագործվել` դառնալով Ռուսաստանի հայերի միության մասնիկը: Գործում է նաեւ հայկական կիրակնօրյա դպրոց:

Թաթարստանի ազգությունների ասամբլեայի շենքը քաղաքի կենտրոնում է: Այստեղ են հավաքվում եւ իրենց ծրագրերը քննարկում 42 ազգությունների ներկայացուցիչներ: Թաթարստանում ապրում է մոտ 115 ազգության ներկայացուցիչներ, ակտիվ համայնքային կյանք քչերն են վարում: «2008-ի նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին Կազանում հայկական մշակույթի օրեր էին: Հաճախ ենք կազմակերպում ցուցահանդեսներ եւ համերգներ ոչ միայն Կազանում, այլեւ մյուս մեծ քաղաքներում», նշում է Միխայիլ Խաչատուրյանը:

Վաչագան Իսոյանն ընտանիքի հետ հաճախ չի գնում համերգների կամ ցուցահանդեսների: «Ցանկությունը մեծ է, ժամանակ չկա», ասում է: Աշխատանքի է գնում առավոտյան ժամը 6-ին, վերադառնում ուշ երեկոյան: Առեւտրով է զբաղվում, օրվա խնդիրները լուծելուց հետո միայն հանգստանալու ժամանակ է մնում:

Կազանում հայկական եկեղեցի չկա: Հայերը տեղի ռուսական ուղղափառ եկեղեցին են գնում, հաճախ այնտեղ էլ ամուսնանում: Եղել են դեպքեր, որ մկրտություններն անցկացվել են ռուսական եկեղեցիներում:

«18-19-րդ դարերում Կազանում երեք հայկական եկեղեցի է գործել: Նոր եկեղեցու կառուցումը մեծ ծախսերի հետ է կապված: Հայերն այս տարածքում ներկայացված են եղել դեռ տասներորդ դարից: Քաղաքի ներկայիս կենտրոնական հատվածում ժամանակին Հայկական կոչվող երկու փողոց կար, հայկական գերեզմանատուն», ասում է Միխայիլ Խաչատուրյանը:

Վաչագան Իսոյանն ընտանիքի հետ ապրում է քաղաքի այն հատվածում, ուր ժամանակին հայկական փողոցներն էին: «Այստեղ եմ ապրում արդեն 24 տարի: Հայաստանը, իհարկե, կարոտում եմ, սակայն այստեղ բնակարան ունեմ, աշխատանք: Վերադառնալ Հայաստան եւ ամեն ինչ նորից սկսել դժվար է», ասում է նա: Լիլիթը հոր հետ ամեն առավոտ ժամանակին Հայկական կոչվող փողոցով է ինստիտուտ շտապում: Քաղաքում հայկականի ամեն մի դրսեւորում, հայկական անվանում նրանց ուրախություն եւ հրճվանք է պատճառում: Երկար տարիներ այստեղ են ապրում, սակայն քաղաքը հարազատ համարել, իսկ սեփական բնակարանը` հայրենի տուն, դեռեւս դժվարանում են:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4