«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2009-01-23 | #10, 2009-01-24 | #11, 2009-01-27


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը տեղի ունեցավ շախմատի Հայաստանի ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսը, որին ներկա էին 137 պատգամավորներից 129-ը: Ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միայն կոնֆերանսի ավարտական մասում միացավ աշխատանքներին:

Մինչեւ կոնֆերանսի աշխատանքի սկսվելը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից անժամանակ հեռացած միջազգային գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակը: Այնուհետեւ նախորդ երկու տարվա կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր ոլորտի զարգացման համար կարեւոր նշանակություն ունի մասսայականությունը: Այսօր հանրապետության 42 քաղաքներում գործում են շախմատային օջախներ, որոնցից 17-ը բացվել են նախորդ երկու տարիներին: Արդեն 3 տարի է, ինչ անցկացվում է դպրոցականների շախմատային օլիմպիադան, որին մասնակցել են մոտ 16 հազար երեխաներ: Այդ հարցում դպրոցներին զգալի օգնություն է ցուցաբերել ՀԲԸՄ-ն` տրամադրելով շախմատներ: Երկու տարում շախմատի Հայաստանի ֆեդերացիան հանրապետությունում կազմակերպել է միջազգային 9 մրցաշարեր: Մարզիչների եւ մրցավարների որակավորումը բարձրացնելու նպատակով էլ անցկացվել են դասընթացներ:

Սմբատ Լպուտյանը որպես բացթողում որակեց շախմատային կոմպոզիցիայի նկատմամբ ֆեդերացիայի ոչ ուշադիր վերաբերմունքը: Մինչդեռ այդ բնագավառում մենք ունեցել ենք շախմատային կոմպոզիցիայի արքա Հենրիկ Գասպարյան: Լպուտյանը նշեց, որ գոնե Հայաստանի առաջնություններ անցկացվեն շախմատային կոմպոզիցիայից: Նա նաեւ կարեւորեց կանանց շախմատի նկատմամբ ուշադրության աճը: Հարկավոր է կանանց համար էլ Հայաստանում միջազգային մրցաշարեր կազմակերպել: Նույնը վերաբերում է նաեւ վետերան շախմատիստներին:

Ինչ վերաբերում է մեր շախմատիստներին, ապա վերջին երկու տարիներին էլ հայ շախմատիստները զգալի նվաճումների են հասել, որի գագաթնակետը եղավ Դրեզդենում օլիմպիական չեմպիոնի տիտղոսի նվաճումը: Որոշակի հաջողություններ են գրանցվել նաեւ պատանեկան շախմատում: Կարեն Գրիգորյանն ու Սամվել Տեր-Սահակյանը Եվրոպայի պատանեկան առաջնություններում դարձել են մրցանակակիրներ: Ընդ որում, Տեր-Սահակյանը յուրօրինակ ռեկորդ է սահմանել հայ շախմատիստների մեջ` 15 տարեկանում արժանանալով գրոսմայստերի կոչմանը:

Սովորաբար կազմակերպությունների աշխատանքը գնահատվում է բավարար կամ անբավարար: Սակայն կոնֆերանսի մասնակիցների միաձայն առաջարկով շախմատի Հայաստանի ֆեդերացիայի աշխատանքը գնահատվեց գերազանց: Այնուհետեւ Սմբատ Լպուտյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել շարունակելու աշխատանքը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում եւ առաջարկեց նրան վերընտրել: Առաջարկն ընդունվեց միաձայն:

Կեսժամյա ընդմիջումից հետո կոնֆերանսի աշխատանքներին միացած նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհավորեց նախագահության անդամներին ընտրվելու կապակցությամբ, նշելով, որ մեծ ջանք ու եռանդ են գործադրել, որ արժանանան շախմատիստների եւ շախմատասերների վստահությանը. «Մեր շախմատիստների հաջողության մեջ նախագահության աշխատանքը որոշակի նշանակություն ունեցել է: Սակայն հաջողություններն առաջին հերթին պայմանավորված են շախմատիստների տաղանդով ու մարզական սխրանքով»:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանն անցավ պարգեւատրման հաճելի արարողությանը: Շախմատի զարգացման գործում ունեցած ակնառու ծառայությունների համար Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով պարգեւատրվեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը, միջազգային վարպետ, ՀՀ հնգակի չեմպիոն Էդուարդ Մնացականյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Յուրի Առուստամյանը: Արծաթե մեդալով պարգեւատրվեցին Ջուլիետա Նահատակյանը, Ռոբերտ Բունիաթյանը, Ալբերտ Հարությունովը, Ալյոշա Խաչատրյանը, Արծրուն Սարգսյանը, Գագիկ Հակոբյանն ու Ստեփան Եղիազարյանը:

Դրամական պարգեւների արժանացան Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանն ու նրանց մարզիչները: Վերջում Սերժ Սարգսյանը դրամական պարգեւներ հանձնեց նաեւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների մրցանակակիրներին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4