«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2009-01-23 | #10, 2009-01-24 | #11, 2009-01-27


ԲԱԽՏԸ ԺՊՏԱՑ ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԻՆ

Բավական լարված մրցապայքարում անցավ շախմատի տղամարդկանց 69-րդ առաջնությունը, որի պարգեւներն էին վիճարկում 14 շախմատիստներ: Չեմպիոնության հարցը վճռվեց ավարտական երեք տուրերում: Բավական ժամանակ աղյուսակը միանձնյա գլխավորած Տիգրան Քոթանջյանին չհաջողվեց առաջնությունն ավարտել 1-ին տեղում: 11-րդ տուրում Տիգրանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Պետրոսյանի հետ, իսկ ահա հաջորդ տուրում Արտաշես Մինասյանից կրած պարտությունը փաստորեն ճակատագրական եղավ Քոթանջյանի համար: Թեեւ ավարտական տուրում Քոթանջյանը պարտության մատնեց Ավետիք Գրիգորյանին, սակայն դա բավարար չէր չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:

Առաջնության վերջնագծում շատ հաջող խաղաց Արման Փաշիկյանըՙ վաստակելով 2,5 միավոր: Նա հաղթեց Հրանտ Մելքումյանին ու Տիգրան Պետրոսյանին, ոչ-ոքի ավարտեց պարտիան Աշոտ Անաստասյանի հետ եւ ինչպես Քոթանջյանը, վաստակեց 8,5 միավոր: Չեմպիոնին որոշելու համար հարկ եղավ դիմել լրացուցիչ գործակիցների օգնությանը: Բախտը ժպտաց Փաշիկյանին, որն էլ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Նշենք, որ Փաշիկյանն անձնական հանդիպումում հաղթել էր Քոթանջյանին:

Բրոնզե մեդալակրին որոշելու համար եւս հարկ եղավ դիմել լրացուցիչ գործակիցների օգնությանը, քանի որ Զավեն Անդրեասյանն ու Արթուր Չիբուխչյանը վաստակել էին 8-ական միավոր: Այստեղ էլ բախտը ժպտաց Զավեն Անդրեասյանին: Իսկ ահա մեր օլիմպիական չեմպիոններ Տիգրան Պետրոսյանն ու Արտաշես Մինասյանը մնացին առանց պարգեւների: Մինասյանը 7,5 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ Պետրոսյանը 7 միավորով գրավեց 8-րդ հորիզոնականը:

7-ական միավորով 6-րդ եւ 7-րդ տեղերը գրավեցին Լեւոն Բաբուջյանն ու Ավետիք Գրիգորյանը: 6,5 միավորով 9-րդ տեղում է մրցաշարի ամենափորձառու շախմատիստներից մեկըՙ Աշոտ Անաստասյանը: Հաջորդ տեղերը զբաղեցրին Հրանտ Մելքումյանըՙ 6 միավոր, Էլինա Դանիելյանըՙ 5, Տիգրան Նալբանդյանըՙ 4,5, Սամվել Տեր-Սահակյանըՙ 4, Արա Մինասյանըՙ 3,5:

Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Զավեն Անդրեասյանը, Արթուր Չիբուխչյանն ու Արտաշես Մինասյանն իրավունք ստացան մասնակցելու մարտին կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4