«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2009-01-24 | #11, 2009-01-27 | #12, 2009-01-28


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 525 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ՀԲ այլ կառույցներ այդ գումարը կարող են հասցնել մինչեւ 800 մլն դոլարի

Այս օրերին Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի պատվիրակությունը, բանկի փոխնախագահ Շիգեու Կաթսուի գլխավորությամբ, երեկ երեկոյան հանդիպում ունեցավ լրագրողների հետ: Ինչպես հայտնեց Շիգեու Կացուն, Հայաստանի հետ գործընկերության քառամյա ծրագրով մեր երկրին Համաշխարհային բանկը կտրամադրի 525 մլն դոլար: Դա մոտ 2,5 անգամ ավելի է, քան 2004-2008 քառամյա ծրագրով ՀԲ-ի տրամադրած 220 մլն դոլարը: ՀԲ փոխնախագահի խոսքերով, գումարը տրամադրվում է Հայաստանի կողմից նախորդ ծրագրի կատարման լավ ցուցանիշները նկատի ունենալով եւ միջազգային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու Հայաստանի կառավարության ջանքերին աջակցելու նպատակով: Շիգեու Կացուն հայտնեց, որ ՀԲ տարբեր կառույցներ նույնպես Հայաստանին կհատկացնեն վարկային միջոցներ, բանկի կողմից տրվող գումարը առաջիկա 4 տարիների համար հասցնելով 800 մլն դոլարի: Մասնավորապես տեղեկացվեց, որ տարեկան 50 մլն դոլար մասնավոր հատվածի զարգացման համար կտրամադրի միջազգային ֆինանսական կորպորացիան: ՀԲ փոխնախագահը տեղեկացրեց, որ բանակցությունների փուլում է գտնվում 5 ծրագրերի ֆինանսավորումը, որից 3-ը ուղղված կլինի գյուղատնտեսությանը, 1-ը փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) եւ 1-ըՙ բնապահպանությանը:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային նախկին տնօրեն Դոննա Դոուսեթ Կուելյոն նշեց, որ տպավորված է այն առաջընթացով, որ Հայաստանը գրանցել է անցած 4 տարիների ընթացքում: Նա նաեւ գոհունակություն հայտնեց կառավարության բարեփոխումների նոր ռազմավարությունից: Նրան Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրենի պաշտոնում փոխարինող Ասադ Ալամը պահը վճռորոշ համարեց ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը նույնպես դիմագրավում է միջազգային ճգնաժամի ազդեցությանը, այլ որովհետեւ տեղափոխվում է միջին եկամուտ ունեցող երկրների խումբ:

Այն հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունեն Հայաստանի վարչապետի տեսակետին, որ Հայաստանը անցնցում է անցել միջազգային ֆինանսական ճգնաժամի առաջին փուլը, Շիգեու Կացուն պատասխանեց, որ նկատի ունենալով ճգնաժամիՙ ֆինանսական հատվածից սկսվելը եւ Հայաստանի ֆինանսական հատվածի վրա դրա ազդեցության բացակայությունը, վարչապետն իրավացի է: Սակայն, ըստ ՀԲ փոխնախագահի, ճգնաժամի երկրորդ փուլն արդեն ազդել է արտահանման ուղղվածություն ունեցող մեր ձեռնարկությունների, մասնավորապես հանքարդյունաբերության վրա: Բացի այդ, նրա կարծիքով, ճգնաժամը կազդի նաեւ դեպի Հայաստան եկող մասնավոր փոխանցումների վրա:

Հայաստանի մասին բացասական գնահատականի ակնկալիքով տրված մեկ այլ հարցի, որն առնչվում էր մեր երկրի մրցունակությանը, Շիգեու Կացուն պատասխանեց, որ այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, տեղի է ունեցել Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բազմաթիվ երկրներում: Այն էՙ տնտեսական աճի արդյունքում բարձրանում է բարեկեցությունը, ավելացնելով ներմուծման պահանջարկը: Վերջինս ավելի արագ է աճում, քան տվյալ երկրի արտահանման ներուժը: Ըստ ՀԲ փոխնախագահի, տարածաշրջանի 29 երկրների մեծ մասում սկսեց արձանագրվել առեւտրի բացասական տարբերության ավելացում եւ Հայաստանում իրավիճակը շատ չի տարբերվում այլ երկրներից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4