«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2009-01-24 | #11, 2009-01-27 | #12, 2009-01-28


ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ Է ՀԱՆՁՆՎԱԾ «ՀԱՅՈՑ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Թեքեյան մշակութային միությունում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի` «Հայոց անմահության խորհուրդը» գրքույկի շնորհանդեսն էր: Միջոցառմանը ներկա էին պատմաբաններ, մտավորականներ, ուսանողներ, ինչպես նաեւ ԹՄՄ տեղի եւ սփյուռքի անդամներ:

ԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց Ա. Մելքոնյանին` նշելով, որ մենագրությունը եկող սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու լավագույն միջոց է: Պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանն էլ իր գոհունակությունը հայտնեց` նկատելով, որ գրքույկում շեշտը դրված է հայրենասիրական ոգու վրա:

Վարդան Ուզունյանը, ով Թեքեյան կենտրոնի եւ Լոնդոնի «Թեքեյան խնամակալ մարմնի» ատենապետն է, իր ուրախությունը հայտնեց հովանավորության համար` ընդգծելով, որ նման գրքեր ու ֆիլմեր միշտ էլ հարկավոր են հայ ընթերցողին: Հետաքրքրական էր ԹՄՄ համաատենապետ Երվանդ Ազատյանի խոսքը: Վերջինս պատմեց, որ Ա. Մելքոնյանը իրեն ասել է, որ մինչեւ Արեւմտյան Հայաստանում լինելը գրում էր Ղեւոնդ Ալիշանի ոգով` առանց տեսնելու իրական Արեւմտյան Հայաստանը. «Բայց, երբ 6 անգամ այցելություն կատարեց Արեւմտյան Հայաստան եւ բարձրացավ Արարատի գագաթ, հետաքրքրական մոտեցում ցուցաբերեց: Աշոտը հեղինակ չէ, ուղղակի հաղթող գիտնական: Մենք չունենք արտասահմանում նման պատմաբան, ով լավ գիտի Արեւմտյան Հայաստանի պատմությունը»:

2007-ի օգոստոսի 10-ին` հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող Սեւրի դաշնագրի օրը, 5165 մ բարձրությանը հասնելու բարեբախտությունը հեղինակին մղել է գրելու սույն գրքույկը: Հեղինակի խոսքերով` ի տարբերություն իր մյուս մենագրությունների, հաշվի առնելով նյութի յուրահատկությունը, այս աշխատության համար ընտրել է ինքնատիպ ոճ: Ա. Մելքոնյանի կարծիքով, այդօրինակ ոճի ընտրությունը լավ հնարավորություն է գիրքն ավելի մեծ լսարանի հասցեագրելու եւ հայրենի բնաշխարհին ու պատմությանը հատկապես երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնելու համար: Հետազոտության մեջ քննության են առնված Արարատ-Մասիսի հետ կապված ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներում տեղ գտած պատմական դրվագները, աշխարհի տարբեր ծայրերից եկած բազմաթիվ ուխտավորների թողած ուղեգրությունների տպավորությունները:

Մենագրության մեջ զետեղված են հարյուրից ավելի նկարներ` միջնադարյան հեղինակների գծանկարներ, Մասիս բարձրացած անձանց, սույն գրքի հեղինակի հետ արշավախմբի մասնակիցների կատարած լուսանկարներ ու ուղեգրական նոթեր:

Աշխատությանը կից հեղինակը պատրաստել է նաեւ մոտ 1 ժամ տեւողությամբ եւ վավերագրական ֆիլմ` նախատեսված ինչպես գիտական, այնպես էլ ընթերցող լայն հասարակության համար:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4