Մեկ անգամ չէ, որ «Ազգը» անդրադարձել է Գյումրիում գործող «Թռչունյան տուն» անունը կրող մանկատանը, որի անունը կապված է բարերար հանգուցյալ Վահան Թռչունյանի հետ, որը 1915 թվի ջարդերից մազապուրծ Վանից հասել էր Գյումրի եւ ապաստանել ամերիկյան որբանոցներից մեկում: Բախտի անիվը նրան գցել էր ԱՄՆ, մահկանացուն կնքելուց առաջ 270 հազար ԱՄՆ դոլար էր թողել, փափագով` գտնել այն շենքը, ուր ինքը սան էր եղել, ու այնտեղ հիմնել որբանոց: Երջանկահիշատակ Մեսրոպ սրբազանը կատարել է Թռչունյանի կտակը, եւ այսօր Գյումրիի Ղարսի խճուղու 3/1 հասցեում գործում է «Թռչունյան տուն» կրթօջախը:
Հունվարի 26-ին Թռչունյան տան սաները հյուրընկալեցին առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, լուսահոգի վարչապետի տիկնոջը` Սուսաննա Մարգարյանին եւ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանին, որոնք այլ երեւելի տիկնանց ուղեկցությամբ, երեխաների սիրելի երգիչների հետ, նվերներով այցելեցին մանուկներին: Հյուրերը շրջեցին շենքում, դասարաններում, եղան երաժշտության, գորգագործության ու նկարչության եւ այլ խմբակներում:
Այնուհետեւ նրանք մասնակցեցին երեխաների համերգին, ուրախացան, երգեցին ու պարեցին սաների հետ:
Տիկին Սարգսյանը սիրեց մանուկներին եւ սիրվեց ու ընդունվեց վերջիններիս կողմից: Նրա անմիջական շփումը մանուկների հետ այնքան անբռնազբոս էր, անկեղծ ու ջերմ, որը մանուկները փոխադարձեցին հրճվանքով, ուրախությամբ, երգով ու պարով:
Առաջին տիկինը իր խոսքում ասաց, թե շատ էր լսել «Թռչունյան տան» մասին, սակայն իր տեսածը գերազանցեց սպասումները: Տիկին Սարգսյանը գնահատանքի խոսք ուղղեց ողջ սփյուռքին, որը միշտ սատարում է հայրենիքին. «...Ուրախալի է, երեխաներ, որ դուք շրջապատված եք մարդկանցով, որոնք անում են ամեն ինչ, որպեսզի դուք զգաք ձեզ մի մեծ համերաշխ ընտանիքում: Գաղտնիք չէ, որ այս ամենը իրականանում է շնորհիվ մեր հայրենակիցների, հատկապես «Գյուլբենկյան հիմնադրամի», հանձին Զավեն Եկավյանի, մի խումբ դետրոյթահայերի, հանձինս Հերման Խնդիրյանի, քուվեյթաբնակ Սարգիս Արսլանյանի եւ այլոց: Եվ ինչպես ինձ հուշեցին` ձեր մյուս կնքահայրերի: Այս մարդիկ մանկատան լավ բարեկամներն ու հովանավորներն են, ուզում եմ նրանք իմանան, որ մենք տեսնում եւ գնահատում ենք նրանց աշխատանքը»:
«Թռչունյան տունը» շատ ու շատ հյուրեր է ընդունել, ելույթներով հանդես է եկել թե՛ Գյումրիում, թե՛ Երեւանում, մասնակցել զանազան մրցույթների, միշտ ստեղծելով բարձր տրամադրություն: Սակայն այսպիսի խանդավառություն, ջերմություն ու անկեղծություն այս դահլիճում դեռ չէր եղել, ուստի հանդիպումը անվանենք «հրավառություն»:
ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ