«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2009-01-24 | #11, 2009-01-27 | #12, 2009-01-28


ԿՈՐԵԼ Է ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՃՅՈՒՆԸ

Բաքվում 26 կոմիսարների հուշահամալիրի տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է միայն 23 աճյուն: Գերեզմանում, մասնավորապես, չկա Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանի աճյունը: Բաքվի կոմիսարների աճյունները քաղաքային գերեզմանատներից որեւէ մեկը տեղափոխելու որոշումը ընդունվել էր անցած տարվա ամռանը: Արբեջանցի պատգամավոր Նասիբ Նասիբլին, մեկնաբանելով այդ սենսացիոն հաղորդագրությունը, հիշեցրել է անցած դարի 80-ական թվականների կեսի հրապարակումները, որոնցում խոսվում էր, թե անգլիացիները գնդակահարել են ոչ բոլոր կոմիսարներին: «Մասնավորապես, չեն գնդակահարվել Ստեփան Շահումյանը եւ մի քանի ուրիշ հայեր. նրանք տեղափոխվել են Հնդկաստան, որն այն ժամանակ Մեծ Բրիտանիայի գաղութն էր, եւ վախճանվել են այնտեղ իրենց մահով», հայտարարել է պատգամավորը: Սակայն պատմաբանները եւ Բաքվի կոմիսարների հարազատները այդ վարկածը անճշմարտանման են համարում: «Դա մի լեգենդ է, որ ի հայտ է եկել հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ», հայտարարել է ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի հնդկական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Բաքվի ժողկոմխորհի նախագահի թոռնուհի Տատյանա Շահումյանը: «Զբաղվելով այդ վարկածի հետազոտությամբ պատմաբանները, մասնավորաբար արեւելագետ-հնդկագետ Լեոնիդ Միտրոխինը, ապացուցել են, որ ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ»: «Ստալինը ատում էր պապիս: Իսկ 1937-1938 թվականների բռնությունների շրջանում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի այն ժամանակվա քարտուղար Բաղիրովը Մոսկվա էր գալիս, պահանջելով բռնադատել մեր ընտանիքին, որին փորձում էին ներկայացնել որպես ադրբեջանական ժողովրդի թշնամիների: Երկրորդ ժամանակաշրջանը, երբ աճյունների հետ կարող էր ինչ-որ բան կատարվել, հայ-ադրբեջանական հակամարտության սրումն էր 80-ական թվականներին», նշել է Տատյանա Շահումյանը, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4